«ՀԱՊԿ-ը լքել է պոստը, դրա համար ՄԱԿ-ը հատուկ նիստով ՀՀ իշխանություններին տեղյակ պահեց, որ հայ ժողովուրդը մենակ չի, քաղաքակիրթ աշխարհը, ավելացրած Չինաստանն ու Հնդկաստանը մեզ հետ են: Մենք քիչ չենք»,- այսօր ԱԳՆ-ի մոտ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու պահանջով կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ նրա, ՀԱՊԿ-ը ական է մեր երկրի համար ու այդ ականը հարկավոր է հանել, ականազերծել:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ընթերցեց այն պայմանագրերի ցանկը, որոնք կնքվել են ՌԴ-ի հետ ու չեն գործում.
Կարդացեք նաև
«97 թվականին Հայաստանի հետ բարեկամության եւ փոխօգնության համագործակցության պայմանագիր,
2000 թվականին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի, ուժերի կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին պայմանագիր
2013-ին՝ ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության պայանագիր
2015-ին՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման համաձայնագիր»: Արման Բաբաջանյանն ասաց. «Պատկերացնո՞ւմ եք, այսպիսի պայմանագրեր են գործում, իսկ մեր սահմանակից բնակավայրերում թշնամու ԱԹՍ-ներն են անընդմեջ շրջում»:
Հաջորդ պայմանագիրը, որ կնքել ենք ՌԴ-ի հետ հետեւյալն է՝ «2016-ին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին»:
Բաբաջանյանի խոսքով՝ Մեզ տարիներ ի վեր հավատացրել են, թե ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել արցախյան խնդրին, որովհետեւ դա միջազգայնորեն չի համարվում Հայաստանի տարածք, մինչդեռ այս պայմանագիրը սահմանում է այն տարածքը, որը չի սահմանափակվում Հայաստանի տարածքով. «Սա ոչ ամբողջական, այլ այն պայմանագրերի շրջանակն է, որը առհասարակ չի գործում: Ինձ հարցնում են՝ լավ, դուրս եկանք ՀԱՊԿ-ից, ի՞նչ ենք դրա փոխարեն ստանալու: Ես կարծում եմ, որ այս պայմանագրերը գործարկելու ուղղությամբ զուգահեռաբար պետք է գործուն աշխատանքներ տանենք, միաժամանակ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների սկիզբ դնենք այն երկրների հետ, որոնք այդ առաջարկը այս պահին բերել են Հայաստան, ձեռք են մեկնել ու սպասում են պատասխանին: Այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք այս պահին, կարող ենք հաղթահարել, բացառապես եթե դադարեցնենք ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը:
Սա արդեն Հայաստանի գոյության հարցն է, որովհետև, ըստ էության, գտնվում ենք ռազմաքաղաքական մի դաշինքում, որի անդամները չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ դաշնակիցները գեթ մեկ անգամ ցավակցական խոսք չեն ուղղել սեպտեմբերի լույս 13-ին Հայաստանի սահմանների նկատմամբ գործած ոտնձգության արդյունքում քաղաքացիական բնակավայրերի՝ դպրոցների, հիվանդանոցների զոհերի վերաբերյալ: Մեզ այսպիսի դաշնակիցներ պետք չեն, մենք չենք կարող գտնվել այսպիսի դաշնակիցների շրջապատում: Կա՛մ ՀԱՊԿ, կա՛մ Հայաստան:
Կա՛մ ՀԱՊԿ, կա՛մ անվտանգություն: Մենք չենք կարող մեր զավակների, մեր որդիների կյանքի գնով շարունակենք վախի, երկչոտության այս խայտառակ արշավը, որի գինը թանկ ենք վճարում եւ մեր զավակների կյանքի գնով վճարում ենք ռուս-թուրքական համաձայնագրերի դիմաց: Հայաստանը չի կարող անհրաժեշտ պաշտպանական եւ ինքնապաշտպանական կարողություններ ձեռք բերել, եթե շարունակի գտնվել ՀԱՊԿ-ում, որովհետեւ այդ պայմանագրի 8-րդ կետը մեզ թույլ չի տալիս ոչ անդամ երկրների հետ նույնիսկ քննարկում սկսել այդպիսի համագործակցության վերաբերյալ»:
Բաբաջանյանը իր հետ ռուսական կալոշ էր բերել ու այն ցուցադրելով՝ ասաց. «Ի՞նչ է ռուսական բանակը, եթե ոչ այս կալոշը, որին որքան ուզում եք զարգացրեք, արդիականացրեք, մնալու է նույն ռուսական կալոշը: Մենք չենք կարող մեր բանակը այս կալոշի տրամաբանությամբ շարունակել արդիականացնել: Այն տիեզերական անհրաժեշտ տեխնոլոգիաները, որոնք պետք են, որ անվտանգության անհրաժեշտ ծածկույթ կարողանանք ապահովել մեր սահմանների երկայնքով, մեզ ստիպում են գործընկերություն սահմանել այդ տեխնոլոգիաներին տիրապետող երկրների հետ: Հույս ունեմ, որ մեզ պարզված ձեռքը արժանիորեն կսեղմենք եւ գործուն քայլեր կձեռնարկենք, օրնիբուն անհրաժեշտ աշխատանքը կիրականացնենք, իրապես նոր հիմքերի վրա կդնենք մեր ԶՈՒ-ն, պաշտպանությունը եւ կշարժվենք առաջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ