Երեկ հանրապետության 17 համայնքներում համամասնական, իսկ մեկ համայնքում մեծամասնական ընտրակարգով ընտրություններ էին: Այդ ընտրություններին, մասնակցության տոկոսը կազմել է 50,47: Ընտրությանն ամենաշատ մասնակցածների թիվը Սյունիքի մարզի Քաջարան համայնքում է՝ 77,7 տոկոս, ամենաքիչը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 27, 20 տոկոս:
Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է 9 համայնքում, այդ թվում նաեւ Սիսիանում եւ Իշխանասարում, որտեղ վերջերս թշնամին է ներխուժել:
Արագածոտնի մարզի Թալին, Ծաղկահովիտ համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններ էին, իսկ Ալագյազում՝ համամասնական:
Ալագյազում, 2689 ընտրողից քվեարկության է մասնակցել 1254-ը, Ծաղկահովիտ համայնքում՝ 7020-ից, 4356-ը, Թալինում՝ 26775-ից, 13343-ը:
Կարդացեք նաև
Ծաղկահովիտ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 2299 քվե, «Հզոր համայնք» դաշինքը՝ 1327, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 539, «Լուսավոր Հայաստանը»՝ 181:
Թալինում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 7990 քվե: ՔՊ-ի ընտրացուցակը գլխավորում էր համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը: Երկրորդ հորիզոնականում «Արդար Հայաստանն» է՝ 2323 քվեով, ՀՅԴ-ն՝ երրորդ հորիզոնականում է՝ 1193 քվեով, «Ապրելու երկիրը»՝ 913 քվե է ստացել, «Կայունություն» կուսակցությունը՝ 879:
Ալագյազ համայնքում եվս հաղթել է իշխող կուսակցությունը: ՔՊ-ի թեկնածուն «Հայփոստ»-ի ավագ օպերատոր Անզոր Ուռուսյանն էր։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 10833 ընտրողներից 5257-ը քվեարկել է հօգուտ ընտրությունների միակ մասնակից՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության:
Կոտայիք մարզի Չարենցավան, Ակունք, Ջրվեժ եւ Բյուրեղավան համայնքներում, իշխող ուժը հաղթել է Ջրվեժում եւ Ակունքում:
Չարենցավան համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» 5571 քվե է ստացել՝ պարտվելով, «Միասնական համայնք» դաշինքին, որի ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Նա Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է: Հակոբ Շահգալդյանը Չարենցավանը ղեկավարում է 15 տարի: «Ապրելու երկիր» կուսակցությունն այստեղ ստացել է 879 ձայն:
Ակունքում իշխող ՔՊ-ն հաղթել է «Համախմբում» դաշինքին. ՔՊ-ն ստացել է 2708 ձայն, իսկ «Համախմբում» դաշինքը՝ 2098 ձայն:
Բյուրեղավանում 4670 ընտրողից իշխող ուժի օգտին քվեարկել է 1247 մարդ: «Միասնություն» դաշինքն առաջատար է՝ 2079 քվեով: «Արդար Հայաստան» կուսակցությունը ստացել է 1157 ձայն, ՀՅԴ-ն՝ 166:
Ջրվեժ համայնքում 8004 ընտրողից ընտրություններին մասնակցել են 2084-ը՝ ձայն տալով իշխող ՔՊ-ին: Այս համայնքում այլ ուժեր չեն մասնակցել ընտրություններին:
Վայոց Ձորի Արենի եւ Եղեգիս համայնքներում եւս ՔՊ-ն հաղթել է. Արենի համայնքում, 8196 ընտրողից, ՔՊ-ի օգտին ձայն է տվել 3281-ը, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 388 քվե: Եղեգիսում՝ 4630 ընտրողից 1593-ը վստահել է ՔՊ-ին, 1162-ը՝ «Ազատական» կուսակցությանը, 45-ը՝ «Վերելք» կուսակցությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ