Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք ո՞ւմ շունն եք, որ թույլ տաք մենք զինվենք, թե չզինվենք, գնացեք ձեր հարցերը լուծեք…Քանի մենք ՌԴ-ի դաշնակիցն ենք, մեզ քոռ պատրոն չեն տալու». Ռուբեն Մեհրաբյան

Սեպտեմբեր 26,2022 20:55

«Հայաստանը դարձել է մի երկիր, որն ունի տարածքային ամբողջականության խնդիր: Ունի մի քանի տասնյակ քկմ կորսված տարածք: Ինչ են մտածում դրա մասին մեր դաշնակիցները, երբ Հայաստանը դրա մասին բաց տեքստով հայտարարում է: Ոչինչ չեն մտածում: Ավելին, ասում են՝ դե գիտեք ինչ, դելիմիտացիա, դեմարկացիա չեք արել, դեռ հայտնի չի՝ ձեր սահմանը խախտված է, թե ոչ: Եթե սա ցինիզմ չէ, ապա ի՞նչ է»,- այսօր ԱԳՆ-ի մոտ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու պահանջով կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ նրա, սա մի անդունդ է, որը վերջ չունի ու երբ Սեւ լճի օկուպացված տարածքին միացավ նաեւ Ջերմուկի  հարակից տարածքները, արդեն ակնհայտ է, որ դա վերջ չունի. «Անցել են ժամանակները, երբ բացառապես մեր շահերից բխող որեւէ քայլ պետք է կոչվի կամ կարող է կոչվել՝ հակառուսակա՞ն է սա, թե՞ պրոռուսական, հակաարեւմտյա՞ն  է, թե՞ պրոարեւմտյան: Այս չափանիշները մոռանում ենք ու նետում ենք պատմության աղբանոցը: Չափանիշը մեկն է՝ դա բխո՞ւմ է ՀՀ շահերից, թե՞ չի բխում ՀՀ շահերից: Ի՞նչ գործիք ունի Հայաստանը՝ դիմագրավելու այս ագրեսիային, գոյաբանական սպառնալիքին, որը կախված է մեր պետության գլխին: Այդ գործիքները երեքն են: Առաջին՝ Ադրբեջանի դեմ միջազգային հանրության ճնշումների կոնսոլիդացիան է՝ հիմնված միջազգային իրավունքի եւ ՀՀ-ի՝ որպես միջազգայնորեն ճանաչված պետության իրավունքների վրա: Երկրորդ գործիքը մեր բանակի շուտափույթ վերազինումն է, արդիականացումը եւ ի ցույց դնելը, որ բռնությանը դուք կստանաք ուժային պատասխան: Եվ երրորդը՝ այս բանակցային գործընթացը, որը փորձում է ՌԴ-ն վերցնել իր ձեռքը, բացարձակապես ակնհայտ է, թե ուր է տանում: Դա տանում է մի արդյունքի, որը լինելու է մեր հաշվին, մեր երկրի տարածքի հաշվին, մեր անկախության հաշվին, մեր ազատությունների, ժողովրդավարության հաշվին եւ ընդհանրապես մեր պետականության հաշվին: ՌԴ-ի համար հայկական պետականության գոյությունը վիրավորանք է: Այս 3 գործիքները աշխատելու համար կա մեկ խոչընդոտ՝ այսօրվա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս վիճակն է: Ուրեմն, Հայաստանի բոլոր հնարավորությունների եւ ՀՀ-ի ապագա տանող ճանապարհի վրա դրված է մի թթվի քար, վրան գրված է Ռուսաստան: Բացարձակապես ակնհայտ է, որ այն ճահիճը, որի մեջ մտել ենք, այնքան խորն է, որ սա մի քայլանի գործողության բան չէ: Այդ քայլերից առաջինը այն  է, ինչի համար այսօր հավաքվել ենք՝ այդ ՀԱՊԿ կոչված ախոռից պետք է Հայաստանը դուրս գա»:

Առանց ՀԱՊԿ-ից դուրս գալու, ըստ նրա, չենք կարողանալու օգնություն ստանալ այլ տեղից, որովհետեւ ՌԴ-ի դաշնակցին չեն օգնելու. «Վարչապետն ասում է՝ կան երկրներ, որոնք պատրաստ են մեզ զինել եւ կան երկրներ, որոնք չեն ուզում, որ այդ պատրաստ երկրները մեզ զինեն: Հիմա հարց եմ տալիս՝ դուք ո՞ւմ շունն եք, որ թույլ տաք մենք զինվենք, թե չզինվենք, գնացեք ձեր հարցերը լուծեք: Այստեղ է, որ պետք է դրսեւորվի քաղաքական կամք, վճռականություն, եւ սեփական բացառապես հայկական շահերի հետապնդում: Քանի մենք ՌԴ-ի դաշնակիցն ենք, մեզ քոռ պատրոն չեն տալու, մոռացեք: Կկարեկցեն, հումանիտար օգնություն կտան, մի քիչ էլ կարող է փող տան, սոված չմնանք, զենք չե՛ն տա: Համաշխարհային չարիքի դաշնակցին չեն զինում»:

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ն Ադրբեջանը դարձրել է մի դագանակ ու ամեն անգամ դրանով մեր գլխին է խփում. «Այս հարցերը լուծվում են ոչ թե ՌԴ-ի հետ, այլ՝ առանց ՌԴ-ի, ի հեճուկս ՌԴ-ի եւ քաղաքականապես ի հաշիվ ՌԴ-ի: Եվ ուրեմն դո՛ւրս ՀԱՊԿ-ից հենց հիմա: Դա մի գործընթաց է, որը պետք է տեւի 6 ամիս, բայց դրա մասին պետք է հայտարարվի այսօր՝ այս շենքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930