Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խորը բավարարվածությամբ եւ հույսի զգացմունքով ընդունում ենք այն լուրը, որ վարչապետը մեկնել է Փարիզ, իսկ ԱԽՔ-ն Վաշինգտոնում է՝ բանակցությունների». Խզմալյան

Սեպտեմբեր 26,2022 19:55

Այսօր ԱԳՆ-ի մոտ մի շարք ՀԿ-ներ ու արտախորհրդարանական քաղաքական ուժեր բողոքի ցույց էին կազմակերպել՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու պահանջով. «ՀԱՊԿ-ը ոչ թե անվտանգության կառույց է, համակարգ է, այլ փաստորեն կոնֆլիկտներ գեներացնող կառույց է: ՀԱՊԿ անդամ երկու երկրներ այսօր կոնֆլիկտ ունեն միմյանց միջեւ՝ Ղրղզստանն ու Տաջիկստանը, ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի է ունեցել ակնհայտ հարձակում, որին ՀԱՊԿ անդամ երկրները ոչ մի արձագանք չեն տվել, բացի մոնիթորինգային խմբից եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցելությունից:

Բացի այդ, ՀԱՊԿ անդամ երկու երկրներ՝ ՌԴ-ն ու Բելառուսը ներգրավված են Ուկրաինայի դեմ պատերազմում: Լինել այս կառույցում՝ նշանակում է լինել անպաշտպան: Հայաստանը պետք է օր առաջ դուրս գա այս կառույցից ու իր համար ստեղծի անվտանգության ապահովման գործիքակազմեր: Այս նախաձեռնությունը ստեղծվել է՝ այդ պահանջը դնելու մեր պետական իշխանության մարմիների առջեւ ու հանդիպումներ ենք ունենալու համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ»,- ցույցի մեկնարկին ասաց «Ազատ Հայաստան» նախաձեռնության ղեկավար Էդգար Առաքելյանը:

Լրագրող Թեհմինե Ենոքյանն ասաց, որ մեզանից շատերը չեն կարող զենք վերցնել, բայց կարող են դիվանագիտության խրամատներ փորել ու ամեն օր հետ պահել պատերազմը մեր երկրից:

«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքով՝ շատերը հարցնում են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ընթացքում անվտանգային վակուում չի՞ ստեղծվի. «Բնականաբար, այդ վտանգներն առկա են եւ անհրաժեշտ է զուգահեռել ադ երկու գործընթացները, անհրաժեշտ է սկսել բանակցություններ մեր իրական դաշնակիցների հետ Արեւմուտքում, նախեւառաջ՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ: Մենք խորը բավարարվածությամբ եւ հույսի զգացմունքով ընդունում ենք այն լուրը, որ վարչապետը մեկնել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահի հետ բանակցությունների, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարը Վաշինգտոնում է բնականաբար, անվտանգային հարցերը քննարկելու:

Սա մեր ընդհանուր հույսն է ու վստահ եմ, որ դա կլինի մեր ընդհանուր համազգային հաջողությունը: Մենք պնդում ենք, որ Հայաստանը պետք է դառնա ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ, այլ տարբերակները հպարտ մենակի, ֆինլանդիզացիայի, ոչ ՆԱՏՕ-ի անդամ հատուկ հրավիրված դաշնակցի…այդ կարգավիճակները մեզ դառնում են վտանգավոր: Միայն ՆԱՏՕ-ի պես կառույցին անդամակցությունը կարող է ապահովել Հայաստանի զարգացումը, ֆիզիկական գոյությունը եւ մեր պետականության անվտանգությունը: Ցանկացած քայլ, որ արվում է Ռուսաստանի լծից, ռուս-թուրքական թակարդից դուրս, պետք է համախմբի ազգին»:

Խզմալյանն ասաց, որ պատերազմից հետո մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք, իսկ մենք պայքարում ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930