Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Այսօր որոշում եմ կայացրել այցելել Եռաբլուր եւ կանգնել զոհված զինծառայողների ծնողների կողքին»

Սեպտեմբեր 26,2022 19:00

Անդրադառնալով հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված մեր զինվորների ծնողների նկատմամբ Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կիրառված ոստիկանական բռնություններին, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ասաց. «Սեպտեմբերի 21-ը Հայաստանի պետական, եկեղեցական, ազգային տոնացույցի գլխավոր տոնն է՝ Հայաստանի անկախության օրը: Այսինքն, յուրաքանչյուր երկիր, ի թիվս այլ տոների, ունենում է ընդամենը մեկ ազգային տոն, որը գրանցվում է ՄԱԿ-ում որպես տվյալ երկրի ազգային տոն: Հայաստանի պարագայում դա սեպտեմբերի 21-ն է, Անկախության օրը:

Անցած տարի անկախության օրը նշանավորվեց մի մեծ կոռուպցիոն սկանդալով: Հանրապետության հրապարակում կազմակերպվեց հսկայական լուսաձայնային էֆեկտներով մեծ համերգային ծրագիր, եւ վարչապետի աշխատակազմը այդպես էլ չհրապարակեց, թե մեկ միլիարդ դրամը գերազանցող ծախսերը որտեղից էին ձեւավորվել, ով էր իրականացրել այդ ծախսերը, ինչ սկզբունքով էր ընտրվել այդ կազմակերպությունը, որը պետք է այդ ծախսերն իրականացներ: Ոչ միայն լրագրողական, այլեւ պատգամավորների գրավոր հարցումներն են մնացել անպատասխան:

Այս տարի այս իշխանությունները երկու տոն չեն նշել. Բանակի 30-ամյակը, որ ասացին հետաձգվում է ու այդպես էլ չի նշվում, նաեւ որեւէ ձեւով չի նշվել Հայաստանի անկախության տոնը: Նրանք, ըստ էության, ընդունում են, որ «ձեռքբերումը», որ ունեն իրենց պաշտոնավարման շրջանում, սկզբում բանակի կործանումն էր, այնուհետու՝ անկախ պետականության կործանումը:

Բայց սեպտեմբերի 21-ին, այնուամենայնիվ, երկու նշանավոր իրադարձություն տեղի ունեցավ: Առանց որեւէ իրավական հիմքի Իլհամ Ալիեւը Հայաստանի անկախության տոնին հնարավորություն ունեցավ զինվորական համազգեստով այցելել Բերձոր եւ այնտեղից հեռացնելով հայկական հուշարձաններն ու խաչքարերը, որոնց նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի նաեւ Նիկոլ Փաշինյանը, այնտեղ տեղադրել Ադրբեջանի դրոշը եւ նոր սպառնալիքներ հնչեցնելով  Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հասցեին: Սա նիկոլփաշինյանական մեկ ձեռքբերումն էր Հայաստանի անկախության տոնի առթիվ:

Մյուսն այն էր, որ նա կազմակերպեց սարսափելի մի երեւույթ, որ ոստիկանական հրոսակախմբերը  ոհմակի տրամաբանությամբ եւ ուժով Եռաբլուր փառքի պանթեոնում  հարձակվեցին զոհված զինծառայողների մայրերի, հայրերի եւ հարազատների վրա՝ նրանց բռնությամբ հեռացնելով իրենց զավակների գերեզմանից, ուր ծնողները  գնացել էին պաշտպանելու իրենց զավակների գերեզմանը նրանցից, ովքեր պատճառ են հանդիսացել ոչ միայն իրենց զավակների, այլեւ հայրենիքի  մահվան եւ կորստի:

Որ վարչապետը կամ պաշտոնական անձինք պետք է որեւէ առիթով այցելեն Եռաբլուր, դա պետական արարողակարգի պահանջ չէ: Առավել եւս Անկախության տոնի օրը: Նրանք կարող էին հարգել զոհված զինծառայողների ծնողների պահանջը, որ ներկայացրել էին մեկ օր առաջ: Բայց իմանալով հանդերձ, որ կա նման պահանջ, նա առավոտ կանուխ այնտեղ էր ուղարկել հատուկ ջոկատային ստորաբաժանումներ, որպեսզի բռնություն կիրառեն»:

Էդգար Ղազարյանի կարծիքով, այդպես ուզում են նսեմացնել  փառքի նշանակությունը, վերացնել ամեն մի սրբություն, որը ստեղծվել  եւ ստեղծվում է մեր ժողովրդի նվիրական զավակների կյանքի զոհողության արդյունքում:

«Գիտեմ, որ այսօր էլ զոհված զինծառայողների ծնողները ժամը 23:00-ից հավաքվելու են Եռաբլուրում եւ ակնկալում ոչ միայն զոհված զինծառայողների հարազատների, այլեւ քաղաքացիների աջակցությունը, որպեսզի այս անգամ՝ պատերազմի մեկնարկի տարելիցի  օրը իրենց զավակների գերեզմանները պաշտպանեն հայ ժողովրդի թշնամիների ներխուժումից:

Արցախյան պատերազմից հետո ես 2021/2022 թվականների Սուրբ Ծննդյան խորհուրդով այցելել եմ Եռաբլուր եւ ծանր տպավորությունը, որ ստացել եմ, ինքս իմ մեջ որոշում եմ կայացրել, որ Եռաբլուր այցելելու իրավունք չունեմ, որովհետեւ բարոյապես իրավունք չեմ տվել, քանի գոնե այդ երիտասարդների մահվան պատճառ դարձած թշնամուն իշխանությունից վռնդել ինձ չի հաջողվել: Եվ մինչեւ այսօր որեւէ առիթով չեմ այցելել: Բայց այսօր որոշում եմ կայացրել այցելել Եռաբլուր եւ կանգնել զոհված զինծառայողների ծնողների կողքին: Եվ նույնը կոչ եմ անում նաեւ մեր մյուս հայրենակիցներին»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այս քայլին պարտավոր են միանալ իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերը, մտավորականները, հասարակական կազմակերպությունները և ակտիվ անհատները։ Հերոսների ծնողներին չի կարելի մենակ թողնել։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930