Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ինտենսիվ մշակութային պատերազմ է վարում մեր դեմ». Սբ. Հակոբավանքի վերականգնման ծրագրի համակարգող

Սեպտեմբեր 26,2022 18:07

«Մեր հավատքը, կրոնն ու մշակույթը այն սյուներն են, որոնց վրա մեր ինքնությունը պիտի հենվի»,- Մատենադարանում կայացած «Արցախի Ս. Հակոբավանքի վերականգնումը եւ Քոլատակ համայնքի զարգացումը» խորագրով համաժողովին ասաց Արցախի Սուրբ Հակոբավանքի վերականգնումը և Քոլատակ գյուղի զարգացումը» ծրագրի համակարգող Գագիկ Հարությունյանը:

Վանքի վերականգնման ճարտարապետական նախագծի եւ բազմաթիվ այլ եկեղեցիների, այդ թվում՝ Դադիվանքի վերականգնման նախագծերի հեղինակը Սամվել Այվազյանն է: Գագիկ Հարությունյանը փաստեց, որ 7-րդ դարի կաթողիկոսանիստ Հակոբավանքը կարեւոր համալիրներից մեկն է, որը շուրջ 300 տարի չի վերանորոգվել ու կանգնած էր փլուզման եզրին:

«Հատկապես պատերազմից հետո Հակոբավանքի վերականգնման պրոցեսը էլ ավելի կարեւորվեց: Այսօր Ադրբեջանը շատ ինտենսիվ մշակութային պատերազմ է մեր դեմ վարում: Անգամ այսօր Հակոբավանքի վերաբերյալ տարբեր հոդվածներ են գրվում, Վիքիպեդիայում էջեր են բացվում, որ իբր սա հայկական իրականության ու մշակույթի հետ կապ չունի, ասում են՝ իբր ալբանական մշակույթի մաս է, եւ իբր ադրբեջանցիները ալբանների հետնորդներն են»,-ասաց նա:

Գագիկ Հարությունյանի ձեւակերպմամբ. «Այս ամենը Հակոբավանքը նաեւ էքզիստենցիալ իմաստով են խնդրի առաջ կանգնեցնում»:

Հավելենք, որ համաժողովի ընթացքում քննարկվեցին Հակոբավանքի վերականգնման ծրագիրը, նախագիծը, Քոլատակ համայնքի զարգացման հեռանկարներն ու անելիքները։ Ընդգծվեց, թե ինչո՞ւ է կարեւոր վանքի վերականգնումը հենց այսօր։ 2020թ. պատերազմի եւ դրան հետեւած արցախյան տարածքների բռնազավթման արդյունքում հայկական մշակութային 90 կոթող է ոչնչացվել, վնասվել կամ ենթարկվել ձեւափոխման Ադրբեջանի կողմից։ Հարյուրավոր հուշարձաններ վտանգված են, քանի որ գտնվում են Ադրբեջանի բռնազավթման ներքո։

Ընդգծվեց, որ Սուրբ Հակոբավանքը մարմնավորում է Արցախի պատմամշակութային ամբողջ ժառանգությունը, որը մեր հազարամյակների գոյության ու ինքնության ապացույցներից է մեր իսկ հողում։ Հենց այդ նպատակով մի շարք կազմակերպություններ, գիտնականներ, մտավորականներ, մտահոգ անձիք համախմբվել են կարեւոր այս գաղափարի շուրջ՝ վերականգնել Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի Ս. Հակոբավանքը, ինչը կարեւոր ուղերձ կդառնա աշխարհի բոլոր կողմերում ապրող հայերի համար։ Մասնագետները կարծում են, որ Հակոբավանքի վերականգնումը նաեւ կխթանի Արցախի մշակութային, հոգեւոր, տնտեսական եւ զբոսաշրջային ոլորտների զարգացումը։

Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ բացառիկ համախմբում է տեղի ունեցել վերականգնման շուրջ, եւ թե Արցախի կառավարությունը, թե մասնագիտական համայնքն ու եկեղեցին` Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի գլխավորությամբ, թե տարբեր կամավորներ ու բարերարներ միավորվել են, որ գործը դառնա իրականություն: Նրա խոսքով, Արցախի Սուրբ Հակոբավանքի վերականգնման և Քոլատակ գյուղի զարգացման համար պահանջվում է մեկ միլիոն դոլար, որից 25 հազարն արդեն հավաքվել է, ինչը հնարավորություն կտա սկսել վանական համալիրի մեկ եկեղեցու շինարարությունը:

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը նշեց, որ դրամահավաքն իրականացվում է իրենց հարթակում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` «Հակոբավանքի վերածնունդ» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930