Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմնական նախագծերից մեկն է, որը պահանջել է նաեւ ընդդիմությունը». ներկայացվել է ՀՀ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը

Սեպտեմբեր 26,2022 18:11

Հարափոփոխ աշխարհում գիտելիքն ու ստեղծարարությունը դարձել են մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական եւ մշակութային կայուն առաջընթացի գրավական: Այս համոզմունքն է ընկած ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թ. զարգացման ծրագրի հիմքում. նշել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 26-ին հրավիրված հերթական նիստի ընթացքում՝ ներկայացնելով  ««ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ ռազմավարությունը տեւական ժամանակ եղել է քննարկման փուլում եւ պահանջված փաստաթուղթ է:

Նշվել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով, համաձայն որի՝ կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը: Նա ասել է, որ կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թ.՝ 2011-2015 թթ. համար:

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու եւ իրացնելու միջոց: Միաժամանակ, ծրագիրը հռչակում է ՀՀ կրթական ծառայությունների եւ արտադրանքի գլոբալ մրցունակության կարեւորությունը՝ նպատակ դնելով ձեւավորել կայուն օրակարգ կրթական համակարգի միջազգային ինտեգրման, հայկական կրթական ծառայությունների եւ արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման համար, ինչպես նաեւ կնպաստի մեծ թվով հայերի հայրենադարձությանն ու ինտեգրմանը՝ նաեւ Հայաստանում կրթություն ստանալու միջոցով: Փաստաթղթի առավել նշանակալից հայեցակարգային դրույթներն են, մասնավորապես, հասանելի եւ մատչելի ուսումնական հաստատություններ, դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, մսուրային ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում, բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված եւ արդիական սարքավորումներով հագեցած, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող համընդհանուր մատչելի շենքեր, կապահովվի համացանցի որակյալ հասանելիություն, ժամանակակից հետազոտական ենթակառուցվածքների, մարզադահլիճների, ֆիզիկական եւ թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի եւ այլ լաբորատորիաների ու գրադարանների նորարարական ոճով կահավորված անհատական եւ թիմային աշխատանքային տարածքների առկայություն:

Հարակից զեկուցմամբ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ վերոնշյալ փաստաթուղթը հիմնական նախագծերից մեկն է եղել, որը պահանջել է նաեւ ընդդիմությունը: Նրա խոսքով՝ սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնցով մեր երկիրը շարժվելու է կրթության ոլորտում: «Նախագծով արձանագրվում է կրթական հիմնական քաղաքական ուղղությունը, որը մենք որդեգրել ենք եւ առաջ ենք մղում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930