Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե ինչ տպավորություն ունի երեկ մի քանի համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից, ասաց. «Նախ, Նիկել Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանում ընտրություններ երբեք չեն եղել եւ չեն կարող լինել: Միակ բանը, որ այդ մարդը իր պաշտոնավարման շրջանում կարողացել է անել, ապօրինի իշխանազավթումն է բոլոր մակարդակներում:
Ասածս հիմնավորեմ փաստերով: Նրա պաշտոնավարման շրջանում եղել է ԱԺ համապետական երկու ընտրություն, երկուսն էլ՝ արտահերթ, երկուսում էլ իշխող կուսակցությունը պառլամենտում ունեցել է ձայների մեծամասնություն, երկուսի դեպքում էլ խորհրդարան են անցել նվազագույն թվով քաղաքական ուժեր, իսկ 2018 թ. ընտրություններին՝ միայն պրոիշխանական ուժեր: Այսինքն, խորհրդարան ընդդիմությունը չի անցել:
Հիմա գանք այս ընտրություններին: Սրանից առաջ մեկ անգամ էլ ընտրություններ եղել են 2021 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Այդ ընտրությունների խայտառակ պատկերն այն էր, որ հիմնականում հաղթում էին ՔՊ-ի, այսպես կոչված, ներկայացուցիչներ: Իսկ այնտեղ, որտեղ ՔՊ-ն պարտվում էր եւ հաղթող կողմը չէր համագործակցում իշխանությունների հետ, հայտնվում էր բանտերում: Սա դաս էր բոլոր համայնքների ղեկավարների թեկնածուներին, թե ինչպես պետք է հետագայում կայացնեն որոշումներ:
Հիմա, եթե նայում ենք այսպես կոչված, ՔՊ-ի հաղթանակներին, պարզվում է, որ ՔՊ-ի այդ թեկնածուները նախկին Հանրապետական գյուղապետերն ու համայնքի ղեկավարներն են, որոնք ժամանակին հաղթում էին որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ գյուղապետեր, իսկ հիմա հաղթում են որպես ՔՊ-ի ներկայացուցիչ: Ես վստահ եմ, որ երբ այս իշխանությունը վռնդվի, եւ հինգ տարի հետո այդ համայնքներում, եթե Հայաստանի ընտրություններ լինեն, այլ ոչ թե Ադրբեջանի, այդ ընտրություններում, միգուցե, հաղթելու են այդ նույն գործիչները, ուղղակի այլ կուսակցությունների անվան ներքո, որոնք այդ ժամանակ կլինեն իշխող: Հետեւաբար, այս ամենը ընտրություն համարելը ֆարս է:
Կարդացեք նաև
Ուզում եմ ուշադրությունը մի բանի վրա էլ հրավիրել: Ընդամենը հինգ տարի առաջ, համայնքների ղեկավարների գերակշիռ մասը ՀՀԿ կամ ԲՀԿ ներկայացուցիչներն էին, սակայն այս ընտրություններին այդ կուսակցություններից ներկայացուցիչներ նույնիսկ չեն մասնակցել: Հարց չի՞ առաջանում, թե ինչպես եղավ, որ հինգ տարի առաջվա ամենաազդեցիկ կուսակցությունների ներկայացուցիչները հինգ տարի հետո ընդհանրապես չեն մասնակցում ընտրությունների: Դա նույնպես վկայություն է, որ սա ընտրություններ անվանել չի կարելի:
Եվ ինչ-որ իմաստով զավեշտ է, որ երբ այս պահին մեր օրակարգի ամենասուր խնդիրն այն է, թե Վայոց Ձորը, Սյունիքը, Տավուշը կմնան Հայաստան թե չէ, մարդիկ ոգեւորվում կամ հիասթափվում են այդ տարածքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, երբ որ այդ տարածքների հայկական մնալ-չմնալու հարցը այսօր ամբողջ աշխարհն է քննարկում: Բայց այդ գյուղերում մարդկանց թվում է, որ իրենք դեռ գյուղապետ ու համայնքի ավագանու անդամներ են ընտրում: Սա իմ կարծիքով հասարակության ոչ ադեկվատ վիճակի ցցուն դրսեւորումներից է, ինչը ոչ թե այլեւս ցավալի, այլ ողբերգական է»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ