«Երբ Արամ Խաչատրյանը Պերմում նստած «Գայանե» բալետ էր գրում, դա չէր նշանակում, որ ինքը անտարբեր էր այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում էր շուրջը»,- «Sputnik Արմենիայի» մամուլի կենտրոնում ասաց «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, խոսելով այն մասին` արվեստի մարդիկ հայրենիքի համար ծանր ժամանակներում պետք է գնան արձակուրդ` մինչև գան «լավ ժամանակնե՞ր», թե՞ ընդհակառակը՝ պետք է աշխատեն, ստեղծագործեն կրկնապատկված էներգիայով։ Արթուր Ղուկասյանը վտանգավոր որակեց այն մարդկանց, որոնք ձեւացնում են, թե իբր մտածում են ժողովրդի մասին կամ տարված են բարդ իրավիճակներում «գրանտ կպցնելով»:
Անդրադառնալով «ՀայՖեստին»` նա հավելեց. «Մեր ոչ բարով հարեւանները միմիայն կուրախանան, եթե մեզ մոտ ինչ-որ մի բան, որ անցկացվում էր, հանկարծ չանցկացվի, եթե մեր մուսաները լռեն»: «Հայֆեստի» նախագահը հայտնեց, որ փառատոնի մասնակից երեք խումբ եւ հյուրերի մի մասը հրաժարվել է ժամանել Հայաստան` պատերազմական իրավիճակը պատճառ բերելով:
«Չեք կարող գալ, մի եկեք, ոչ ոք ձեզ չի ստիպում, բայց փառատոնը մենք պետք է անենք: Իհարկե, ուրիշ բան է, որ «Հայֆեստի» համար հոբելյանական է, արդեն 20 տարեկան է փառատոնը, եւ ուզում էինք ավելի ուրախ նշել, բայց այդ ուրախ բաներն էլ չենք անի: «Հայֆեստը» կկայանա, դա փաստ է»,-ասաց Արթուր Ղուկասյանը:
«Ինչ էլ լինի աշխարհում, մուսան չպետք է լռի, որովհետեւ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Բրիտանիան իր սահմանափակ բյուջեն բաշխում էր տարբեր ոլորտների միջեւ, Չերչիլն ասաց, որ բավականին մեծ գումար տրամադրեն մշակույթին: Երբ բոլոր գեներալները հիշեցրին, որ պատերազմի մեջ են, Չերչիլն ասաց` եթե մենք չունենանք մշակույթ, ուրեմն ինչի համար ենք պայքարում:
Կարդացեք նաև
Չգիտեմ` իսկապե՞ս նման բան ասե՞լ է Չերչիլը, բայց դա շատ գեղեցիկ է եւ ճիշտ: Երկրի ինքնորոշման ամենամեծ ցուցանիշը ազգային մշակույթն է` լինի երաժշտություն, թատերական արվեստ, թե մի ուրիշ ճյուղ… Հանուն դրա պետք է պայքարենք` մեզանից յուրաքանչյուրը մեր դաշտում: Ու մուսան երբեք չպետք է լռի: Ընդհակառակը, այս իրավիճակում, որում հայտնվել է մեր երկիրը, մուսան ավելի շատ պետք է աշխուժանա»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
Թավջութակահարը օրերս ֆլեշմոբ էր սկսել ֆեյսբուքի իր էջում` բարձրաձայնելով ադրբեջանական կողմի վայրագությունների եւ Հայաստանի խաղաղ բնակավայրերը կրակի տակ պահելու մասին: Երաժիշտը զարմանքով փաստեց, որ իրեն ծանոթ մի շարք օտարերկրացիներ, որոնք Ուկրաինայում կատարվածի համար ամեն օր բարձրաձայնում են, պատրաստ չեն եղել միանալ իր առաջարկած ֆլեշմոբին: «Նրանք վախեցան կամ կասկածեցին միանալ ֆլեշմոբին ու դրանք այն մարդիկ են, որ կես տարի է՝ իրենց ֆեյսբուքի գլխավոր նկարը փոխել են ուկրաինական դրոշով: Իհարկե, շատ վատ է, որ այնտեղ մարդիկ են զոհվում, բայց չէ՞ որ Հայաստանում էլ նման խնդիր կա:
Կարծում եմ` արտիստները, շոուբիզնեսի ու մշակույթի մարդիկ ընդհանրապես պետք է ակտիվանանք, որ աշխարհին հասցնենք, որ Հայաստանում էլ է բավականին ծանր ու պայթունավտանգ իրավիճակ: Պետք է բոլորն ակտիվանար, անկախ երկրում տիրող իրավիճակից` մշակույթին միշտ պետք է աջակցել, մարդիկ պետք է ձգտեն դեպի մշակույթը` երկրի ղեկավարից մինչեւ սովորական ունկնդիր»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ