«Դիմում եմ հանրությանը։ Սեւերի, սպիտակների, հների եւ նորերի խնդիր չկա։ Դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ժողովուրդը հուսալքության մեջ է։ Ես զինվորի ծնող եմ, ակնկալում եմ զինվորի ծնողի աչքերով նայել ժողովրդին եւ խոսք ասել այստեղ գտնվողներին։ Պարոն Սուրեն Պապիկյան, ձեզ էլ ենք դիմում։ 13 օր տեղեկություն չունեմ երեխայիցս։ Մյուսները նույնպես»,-ՊՆ-ի անցակետի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սեպտեմբերի տասներեքին ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ անհետ կորած Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժ Ղազարյանը։ Ծնողները տղայի հետ վերջին անգամ զրուցել են սեպտեմբերի 13-ի լուսաբացին․ դիրքը, որը ծառայակիցների հետ պաշտպանել է Սերյոժան, այժմ Ադրբեջանի հսկողության տակ է։
«Պարոն Պապիկյան, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում։ 13 օր այդ ձորակում ունենք վիրավորներ ու դիեր։ Ոչ մի նախաձեռնություն չկա, որ վիրավորներին ժամանակին հանեին, փրկված լինեին։ Ի՞նչ պատասխան եք տալու ծնողներիս։ Վերին Շորժայի հատվածի մասին է խոսքը։ Մեր տղաները կռվել են, ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Ոչ մի նախաձեռնություն չկա, պատկերացնո՞ւմ եք, որ 13 օր դիերն այդ ձորակում են․․․հիմա գելերն ու աղվեսները հոշոտած կլինեն։ Շատ բաներ ես հիմա չեմ կարող հրապարակել։ Դիմում եմ ՊՆ-ին։ Ինչո՞ւ նախահարձակ չեն եղել, որպեսզի նույն դիրքերը վերցվեն»,-շարունակեց ծնողը։
Նրա խոսքով՝ պատկան կառույցները միջոցներ չեն ձեռնարկում․ «Մենք որդի ենք տվել, որ հայրենիք պաշտպանի, իսկ այսօր անելանելի, անորոշ վիճակում ենք, բայց պատրաստ ենք կանգնել մեր զինվորների ու սպայի կողքին։ Դիմել են նաեւ «Կարմիր խաչին», ասել են, որ երկկողմանի հաստատման են սպասում»։
Կարդացեք նաև
Սերժ Ղազարյանը շեշտեց՝ ինքը խոսում է բոլոր ծնողների անունից, եւ պետք չէ այս ամենում որեւէ քաղաքական ենթատեքստ փնտրել։
Մինչ Սերժ Ղազարյանը խոսում էր լրագրողների հետ, ՊՆ անցակետի ներսում՝ լարված մթնոլորտում, ծնողների բղավոցներն էին, հուզված բացականչություններն ու մեղադրանքները պատասխանատուների հասցեին։ ՊՆ-ից մի ներկայացուցիչ էր իրենց հետ խոսում։
Ռազմական ոստիկանությունը լրագրողներին թույլ չէր տալիս անցակետի ներսում նկարահանումներ անել։ Ծնողները հուսահատ ելումուտ էին անում, ասում՝ «անտերանոց ա», գնում են մի կառույցից մյուսը, բայց որդիների ճակատագրի համար որեւէ մեկը պատասխանատու չէ։
ՊՆ էին եկել նաեւ ծնողներ, որոնց որդիները, իրենց պնդմամբ, գերության մեջ են կամ զոհվել են, բայց մարմինները չկան։
«Մի՞թե կարելի է այսպես մատների արանքով նայել այս ամենին։ Ոչ միայն Վերին Շորժայում, այլեւ որոշ այլ հատվածներում էլ կա նույն վիճակը»,-ասում էր Սերժ Ղազարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ