Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ՔՊ-ի թեկնածուի օգտին ոչ թե երեք, այլ 4 հազար 93 սիսիանցի է քվեարկում, ընդ որում, ՔՊ թեկնածուն հաղթում է նաեւ Իշխանասար բնակավայրում, ապա հասկանում ես, որ պատկերը ոչ թե տխուր է, այլ մղձավանջային․ Գեղամ Նազարյան

Սեպտեմբեր 26,2022 14:31

Թալինցիներն ու սիսիանցիները ցույց տվեցին ճանապարհը

Սեպտեմբերի 25-ին մի շարք, այդ թվում վերջին ռազմական գործողություններից, մեղմ ասած, խիստ տուժած համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերջնականապես տվեցին այն բազմաչարչար հարցի պատասխանը, թե վերջապես ե՞րբ կբացվեն ժողովրդի աչքերը եւ նրանք տեսնելով իրականությունը միասին կփոխեն իրավիճակը:

Թալինցիները եւ հատկապես սիսիանցիները բոլորիս ցույց տվեցին այս ամոթալի, խայտառակ, վտանգավոր, մղձավանջային իրավիճակից դուրս գալու ելքը:

Երբ թասիբով համարվող թալինցիները մեծ առավելությամբ քաղաքապետ են ընտրում մեկին, որը ներկայացնում է Քաղաքացիական պայմանագիրը, այն ուժը, որի ղեկավարմամբ մենք ծանր պարտություն ենք կրել եւ շարունակում ենք կրել, որի ղեկավարմամբ մոտ հինգ հազար լույս տղերք են զոհվել, ապա գիտակցում ես, որ պատկերն ավելի քան տխուր է, բայց երբ ՔՊ-ի թեկնածուի օգտին ոչ թե երեք, այլ 4 հազար 93 սիսիանցի է քվեարկում, ընդ որում, ՔՊ թեկնածուն հաղթում է նաեւ Իշխանասար բնակավայրում, ապա հասկանում ես, որ պատկերը ոչ թե տխուր է, այլ մղձավանջային:

Տերը խոստացավ Սոդոմն ու Գոմորը չկործանել, եթե այնտեղ գոնե տասը արդար լինի… Սոդոմն ու Գոմորը կործանվեցին:

Ի տարբերություն Սոդոմի եւ Գոմորի, մենք ունենք հազարավոր սիսիանցիներ, շամշադինցիներ, լոռեցիներ, թալինցիներ, որոնք հասկանում են իրավիճակի ամբողջ լրջությունը եւ գիտակցում, թե ովքեր են պատասխանատու այս ամենի համար, ինչն էլ ստիպում է հավատալ, որ մենք, ի վերջո, չենք կործանվելու եւ շարժվելու ենք առաջ:

Այսուհանդերձ, մղձավանջի մեջ չմնալու համար պետք է վերջնականապես հասկանանք, որ սեպտեմբերի 25-ին ոչնչացավ այն թեզը, թե հնարավոր է քարոզչությամբ, զրույցներով, բացատրական աշխատանքով մարդկանց, թյուրիմացության մեջ գտնվող մարդկանց ցույց տալ իրականությունը, բացատրել այս ամենի պատճառները, որից հետո նրանք պայքարի շարքերում կհայտնվեն, եւ միասին նոր իշխանություններ կձեւավորենք:

Ծաղկահովիտցիները, անգամ չորս հազար բերդցիները, որոնք քվեարկել են ՔՊ-ի թեկնածուի օգտին, լոռեցիները եւ նույնիսկ այն փոքրաթիվ տաշիրցիները, որոնց ձեռքը գնացել է քվեարկել Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցչի օգտին, մեզ հուշում են՝ մեզ վրա հույս չդնեք, մենք ուշքի ենք գալու, մենք իրականությունը հասկանալու ենք միայն իշխանափոխությունից հետո:

Եկեք ընդունենք, որ եթե նույնիսկ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից, ավելի քան երկու հարյուր զոհերից հետո Սիսիանում գտնվեց գոնե մեկ մարդ, որը քվեարկեց Փաշինյանի օգտին, ապա գոնե այս պահին պետք է ընդունենք, որ իրավիճակը փրկելու համար չպետք է սպասել, թե երբ են սյունեցիները, տավուշցիները կամ երեւանցիները վերադառնալու իրականություն:

Հիմա կասեք, թե ինչու հիշեցի երեւանցիներին: Իսկ դուք վստա՞հ եք, որ եթե Երեւանում քաղաքապետի ընտրություններն անցկացվեին սեպտեմբերի 25-ին, ապա հազարավորներ, եթե ոչ տասնյակ հազարավորներ ՔՊ-ի թեկնածուի օգտին չէին քվեարկելու: Այն օրը՝ սեպտեմբերի 13-ին, երբ երկիրը հարձակման էր ենթարկվել, ՔՊ-ի «տասովշիկները» մեծ ու փոքր գործարարներին, փոքրիկ ու մեծ հիմնարկներ ունեցողներին համոզում էին «աշխատել» Ավինյանի համար:

Իրականությունը սա է, եւ եթե մենք փորձենք այլ իրականություն հորինել եւ հավատալ դրան, ապա միայն ու միայն կհարվածենք օգնության կարիք ունեցող մեր երկրին: Եւ ի՞նչ է պետք անել այս վիճակում: Քայլերը շատ պարզ են, անելիքները հստակ:

Նախ եւ առաջ այսուհետ վերջ ենք տալիս բոլոր այն քննարկումներին, թե ինչ է պետք անել բոլորին ճշմարտությունը հասցնելու համար: Հիմա դրա ժամանակը չէ: Եթե 44-օրյա պատերազմից հետո դեռ կարողանում էինք մեզ ստիպել ու ինչ-որ ձեւով հասկանալ, թե կարող է մարդիկ լինեն, որոնք հավատան, թե պատերազմի հետ ՔՊ-ն ու Փաշինյան Նիկոլը կապ չունեն, ապա սեպտեմբերի 13-ից հետո … Կարծում եմ այստեղ ամեն ինչ պարզ է:

Պարզ ու ակնհայտ է նաեւ, որ առաջ շարժվելու համար, այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար երկիրը պետք է փոխի պարտության դեմքին եւ հիմնական բանակցողին: Սա աքսիոմ է եւ ապացուցման կարիք չունի: Սա նախ եւ առաջ պետք է հասկանան նաեւ ՔՊ-ում, ՔՊ-ի ղեկավարությունում: Չի կարելի նեղ անձնական կամ թիմային շահերը վեր դասել պետության շահից:

Ընդ որում, հենց ՔՊ-ն պետք է առաջին շահագրգիռ կողմը լինի, որ այդ փոփոխություններն արվեն անցնցում, խորհրդարանում եւ առանց զանգվածային հուզումների: Ի վերջո, մի օր մենք որպես միասնական ազգ պետք է հասունություն, իմաստություն հանդես բերե՞նք, թե շարունակելու ենք դեգերել էմոցիաների ալեկոծ օվկիանոսում:

Վստահ եղեք, եթե ՔՊ-ն խոհեմություն հանդես չբերի, ապա այլընտրանքը դառնալու է քաղաքականապես գիտակից ակտիվ զանգվածի փողոցային հուժկու ճնշումը, որից հետո արդեն ՔՊ-ն պարզապես ստիպված կլինի գնալ զիջումների, բայց ինչու գործը հասցնել դրան, երբ կարելի է առաջ շարժվել խոհեմությամբ եւ բանականությամբ:

Եթե հանկարծ այս կամ այն պատճառներով ՔՊ-ն դիմադրի եւ չընդունի որեւէ բանական առաջարկ, ապա մեզ ավելի ծանրագույն իրականություն է սպասվում՝ դրանից բխող ամենածանր հարվածներով:

Մենք դեռ փոքր ժամանակ ունենք: Մենք իրավունք չունենք կորցնել այդ ժամանակը: Մենք ունենք նաեւ բնական արտաքին դաշնակիցներ, որը մեզ համար այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում բարեբախտություն է, մենք դեռ ունենք ուժեղ զինվորականներ եւ ժամկետային զինվորներ, որոնք ունակ են թշնամուն ծանր կորուստներ պատճառել, բայց սա անվերջ չի կարող շարունակվել:

Մեզ պետք է փոխել բանակցողին, մեզ պետք է նոր կառավարություն, մեզ պետք են բանակցային նոր մոտեցումներ՝ խելամտության սահմաններում: Այս ամենը հնարավոր է, այս ամենը իրականանալի է, չնայած առկա ծայրահեղ մոտեցումներին եւ միմյանց նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումներին:

Վերջում ամենակարեւորի մասին: 44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկ շաբաթ առաջ երկու երեխա տեսիլք են ունենում: Դանիել անունով տղան եւ մյուսը, որի անունը ծնողները չեն ցանկանում հրապարակել, տեսնում են Հիսուսին, որն ասում է. «Պատերազմը շուտով կդադարի, աղոթողները շատացան, բայց դուք դեռ մեղքերի մեջ թաթախված եք, դուք պետք է շատ աղոթեք: Աղոթեք պատերազմից հետո»:

Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930