Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին դեպքերը հուշում են, որ կարելի է Ադրբեջանին եւ Թուրքիային զսպաշապիկ հագցնել»

Սեպտեմբեր 26,2022 13:30

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում հայտարարել է. «Ադրբեջանի բռնազավթված հողերի ազատագրումը Հարավային Կովկասում մնայուն խաղաղության եւ կայունության հաստատման պատմական շանս է տվել։ Թուրքիան դրա համար էլ աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող գործընթացներին։ Վերջին օրերին տեղի ունեցած բախումներն այս լավ մթնոլորտի վրա եթե անգամ ստվեր են գցել, միեւնույն է, հավատում ենք, որ 2 երկրների միջեւ հնարավորինս սեղմ ժամկետներում համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է»։ Ուշագրավ է, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից օրեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման բառամթերք օգտագործեց. «Ստեղծված իրավիճակը որեւէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարեւորությունը»։ «Առավոտը» թեմայի շուրջ զրուցել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի հետ։

– Պարոն Մելքոնյան, նշյալ հայտարարությունը հաշվի առնելով, ի՞նչ ուղերձներ են հղվում ՀՀ-ին։ Հիշենք նաեւ, որ «ՀՀ սահմաններին ռազմական օպերացիայի ավարտի մասին» առաջինն ասաց հենց Էրդողանը՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո։

– Համենայնդեպս, Փելոսիի այցը Հայաստան ցույց տվեց, որ բոլոր ճանապարհները չէ, որ փակված են։ Կան դռներ։ Միանշանակ չեմ կարող ասել, թե այդ այցից հետո ՀՀ-ի հետ կապված ամեն ինչ խաղաղ հունով է գնալու, մանավանդ որ, սպասելիքներ ունեինք ռազմավարական դաշնակից ՌԴ-ից, որոնք չարդարացան։ Այնուամենայնիվ, նույն Էրդողանի այդ ելույթի ենթատեքստից կարելի է հասկանալ, որ եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան հասկացել են՝ այս տարածաշրջանում անպատիժ ձեւով չեն կարող շարունակել իրենց գործունեությունը, որովհետեւ դա մեկ ընդհանուր շղթայի օղակն է։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ նույն լկտի, ցինիկ քաղաքականությունը կա ԱՄՆ-ի հանդեպ։

Էգեյան ծովի կղզիների հանդեպ կան տարածքային հավակնություններ։ Նույն քաղաքականությունը Կիպրոսի հանդեպ է։ Կարծես թե նույնն էլ կա բարեկամական հարաբերություններ ունեցող Վրաստանի հանդեպ, որովհետեւ Էրդողանը քանիցս ասել է, որ Ախալքալաքը եւ Ախալցխան Մեսխեթի թուրքերի հայրենիքն են, ինքն էլ ակունքներով Մեսխեթի թուրք է ու երազում է, թե երբ պետք է վերադառնան իրենց Ախալցխան։ Բազմիցս խոսել են նաեւ Բաթումի՝ աջարական ինքնավարության մասին, որը տնտեսապես նվաճելուց հետո քաղաքական առումով եւս ուզում են բռնազավթել։ Թուրքիայի՝ ժամանակին առաջ քաշած «զրո խնդիրներ հարեւանների հետ» սկզբունքն ամբողջապես ձախողված է։ Այժմ 100% խնդիրներ կան բոլոր հարեւանների հետ՝ չհաշված Ադրբեջանը, որը Թուրքիայի հետ սահման չունի, բայց կարող է ունենալ այս լկտի, ցինիկ ծրագիրը կյանքի կոչելու դեպքում։

– Ձեր վերլուծությամբ, ի՞նչ է այս պահին ուզում հավաքական Արեւմուտքը մեզանից, ի՞նչ գին ենք վճարելու այս փխրուն հրադադարի համար։

– Կարծում եմ՝ ԱՄՆ-ի քաղաքական ուղեգծի, նաեւ Ֆրանսիայի ակտիվացումը որոշ չափով զսպաշապիկ է հագցնում Թուրքիային եւ Ադրբեջանին։ Վերջին դեպքերը հուշում են, որ կարելի է նրանց զսպաշապիկ հագցնել, եւ դրա համար նրանք վերապահումներով են սկսել խոսել իրենց ագրեսիվ քաղաքականության տեսանկյունից։ Սկսել են խոսել այն մասին, որ «խաղաղության դարաշրջանը» կարծես թե շատ մոտ է, եւ պետք է արագացնել իրենց պայմաններով հաշտության կնքումը՝ հասկանալով, որ այս հարցում հակադիր կողմեր Իրանն ու ԱՄՆ-ն հետաքրքրական կերպով են եկել ընդհանուր հայտարարի։ Հույսեր ունեմ, որ եթե միջուկային ծրագրի հետ կապված Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վերածվեն նորմալ միջպետական հարաբերությունների, ապա մենք դրանից միայն կշահենք։ Կուզեի մեր ժողովրդին դիմել։ Վհատվել պետք չէ։ Մենք ռեալ լծակներ ունենք՝ մեր հայրենիքը պահպանելու համար։ Համենայնդեպս, 90-ականների հերոսական պայքարը դա ցույց է տվել։ Չմոռանանք, որ այս զինադադարն ավելի շատ ոչ թե դրսի միջամտության հետեւանք էր, այլ հայ զինվորի խիզախության։ Նա կյանքի գնով վճարեց սրա համար։ Մեր թիվ մեկ դաշնակիցը հայ զինվորն է՝ բանակը։

– Մեկնաբանություններ կան, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը մեր տարածաշրջանում Իրանին մեկուսացնելն է եւ Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին սատարելով՝ ՀՀ-ի տարածքով միջանցքի պահանջը՝ ԱՄՆ-ն ցանկանում է մեկուսացնել Իրանին։

– Դա ավելի շատ Իսրայելի ցանկությունն է։ Մի քանի կետերի շուրջ ԱՄՆ-ն եւ Իրանն ընդհանուր հայտարարի են եկել, եւ, կարծես, թունելի վերջում լույս է երեւում։ Եթե այդպես լինի եւ խնդիրը լուծվի, դրանից միանգամից շահելու ենք։ Պատահական չէ, որ Իսրայելն արդեն դժգոհում է այն բանից, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն զիջման գնալ Իրանի հանդեպ՝ փորձելով միջուկային ծրագրի հարցում գտնել ընդհանուր լեզու։ Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ին ավելի շատ հետաքրքրում է միջուկային ծրագիրը, որովհետեւ, ի վերջո, միջուկային պատերազմը սպառնում է բոլորին։ Տնտեսապես Իրանի պես երկիրն իրեն կապելու հեռանկարի համար ԱՄՆ-ն բոլոր շանսերն ունի։ Մինչեւ իսլամական հեղափոխությունն այդ հարաբերություններն անգամ բարեկամական էին, եւ իրանական նավթն ազատ հասնում էր ԱՄՆ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930