Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջնական Երեւան եմ վերադարձել» Հարցազրույց երիտասարդ դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի հետ

Սեպտեմբեր 26,2022 12:30

Հարցազրույց երիտասարդ դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի հետ

– Հարգարժան Րաֆֆի, Լիբանանից ժամանակին եկաք հայրենիք, ուսանեցիք Երեւանի կոնսերվատորիայում. որպես խմբավար՝ Իվան Վարդանյանի դասարանում, որպես օպերային եւ սիմֆոնիկ դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։ 2009թ. ավարտելով ուսումը, ստանձնեցիք «Փարոս» կամերային երգչախմբի ղեկավարությունը եւ իսկապես բուռն գործունեություն ծավալեցիք՝ մրցույթներ, փառատոներ, հյուրախաղեր, մասնակցություն հայաստանյան տարբեր միջոցառումների եւ այլն։ Բուռն էր նաեւ ձեր ղեկավարությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» երգչախմբի հետ ստեղծագործական աշխատանքը։ Իսկ 2015թ. մեկնեցիք ԱՄՆ եւ, մեր տեղեկություններով՝ միանգամից գործի անցաք տեղի երաժշտական կոլեկտիվների հետ։ Ունենք տեղեկություն նաեւ, որ օվկիանոսի այն կողմում հայտնվելու համար շարժառիթ է եղել։ Տարիներ են անցել, կխոսե՞ք դրա մասին։

– Իհարկե, շարժառիթ կար։ Բայց հետ նայել չեմ սիրում եւ չէի ցանկանա դրա մասին բարձրաձայնել։ ԱՄՆ-ում Սրբոց Ղեւոնդյանց մայր տաճարում ստանձնելով «Շնորհալի» երգչախմբի ղեկավարի պաշտոնը, այնուհետեւ Լոս Անջելեսում բնակվող հայաստանցի երաժիշտներից հիմնեցի Voce dell Orchestra նվագախումբը, եւ շատ արագ սկսվեց ու շարունակվեց բուռն համերգային գործունեություն։

– Հավանաբար ԱՄՆ-ում, ձեր խոսքերով՝ բուռն գործունեությունը, չեք համեմատի հայաստանյան կարիերայի հետ, հենց թեկուզ բազմաթիվ հյուրախաղերի առումով։ Հիշում ենք, որ «Փարոսը» պատիվ ունեցավ 2010թ. ընկերակցել տենոր Լուչիանո Պավարոտիի երեւանյան համերգին, մի քանի տարի անց էլ՝ Հռոմի պապի հայաստանյան այցին նվիրված միջոցառմանը։

– Ուզում եմ տեղեկացնել, որ բնակվելով Ամերիկայում, բացարձակապես չեմ կտրվել հայրենիքից. ամռան արձակուրդներին մշտապես եկել եւ աշխատել եմ «Փարոսի» հետ, համերգներ ենք ունեցել, մասնակցել մրցույթների, նույնիսկ մեկնել հյուրախաղերի։ Վերջինը Փարիզում էր՝ 2019թ.։ 2018-ին մեր օպերային թատրոնի նվագախմբի եւ երգչախմբի մասնակցությամբ մեծ շուքով տոնեցինք «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակը եւ այլն։ Ի դեպ, բացակայությանս ամիսներին «Փարոսը» ղեկավարել է խմբավար Ռուբեն Բարասեֆերյանը։

– Հիմա Երեւանում եք, որովհետեւ արձակուրդո՞ւմ եք։

– Հիմա արդեն վերջնական եմ Երեւան վերադարձել, որովհետեւ անցել եմ հիմնական աշխատանքի մեր օպերային թատրոնում։ Հրավերը ստացել եմ մաեստրո Կարեն Դուրգարյանից։

– Եթե հիմնական աշխատանքի եք անցել, ուրեմն վերջակետ եք դրել ձեր ամերիկյան գործունեությանը։

– Արձակուրդների օրերին կմեկնեմ Ամերիկա։ Ասեմ, որ «Շնորհալի» երգչախմբի աշխատանքները շարունակում է խմբավար Արթուր Վարդանյանը։ Ինչ վերաբերում է նվագախմբին, այն մշտական գործող չէ։ Արտասահմանում ընդունված է որեւէ նախագիծ իրականացնելու համար հավաքել համապատասխան երաժշտախումբ։ Իսկ Voce dellOrchestra նվագախմբի հետ տարբեր ձեւաչափերով բազում նախագծեր ենք իրականացրել։

– Արդեն սկսվե՞լ են օպերային թատրոնում ձեր ղեկավարությամբ փորձերը։

– Օրերս են սկսվել։ Նվագախմբի հետ փորձում ենք Խաչատրյանի «Դիմակահանդես» ու «Գայանե» բալետները։

– Հետաքրքիր է՝ երբեւէ երազե՞լ եք կանգնել օպերային թատրոնի դիրիժորական վահանակի առջեւ։

– Ավելի քան տասը տարվա խմբավարի աշխատանքի բերումով շատ եմ շփվել օպերային գրականության հետ, ինչը սեր է առաջացրել օպերային արվեստի նկատմամբ։ Ինչ վերաբերում է երազանքին, ապա այո, երազել եմ ղեկավարել սիմֆոնիաներ եւ «Գայանե» ու «Սպարտակ» բալետները։

– Կոնսերվատորիայում ուսանել եք Ռուբեն Ասատրյանի դասարանում, կուզեինք իմանալ՝ մաեստրոն չի՞ ընդառաջել այդ հարցում, մանավանդ որ հարցազրույցներում նա շատ է հիշատակել ձեր անունը՝ իբրեւ տաղանդավոր երաժշտի։

– Ուսանելու տարիներին ուսանողական նվագախմբում Ռուբեն Ասատրյանի ասիստենտն էի։ Հետո մաեստրո Թոփչյանը «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» շրջանակներում հնարավորություն տվեց ղեկավարել Սեն-Սանսի «Կառնավալը»՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Երբ ստաժոր էի օպերային թատրոնում, 2012 կամ 2013թ. մաեստրոն ինձ վստահեց ղեկավարել թատրոնի նվագախումբը մեկ-երկու գալա համերգներին։

– Ստացվում է՝ անցյալ թատերաշրջանի սկզբում «Առավոտին» տված հարցազրույցում, որտեղ մաեստրո Դուրգարյանն ասել էր, թե երիտասարդ դիրիժորների փնտրտուք է սկսել, խոսքը գործ դարձրեց՝ ներկայացնելով Նիկոլայ Պողոսյանին, որը ղեկավարեց Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» օպերան եւ Վարդան Գրիգորյանին, որը ղեկավարեց Վերդիի «Տրավիատան»։ Իսկ դո՞ւք երբ եք պատրաստվում առաջին անգամ ներկայանալ։

– Նշեցի, որ սկսել եմ փորձերը։ Այս պահին կոնկրետ չեմ կարող ստույգ ժամկետ ասել։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում՝ կադրեր Րաֆֆի Միքայելյանի
ղեկավարությամբ ԱՄՆ-ում կայացած համերգներից։

«Առավոտ» օրաթերթ
24.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Այո՛, հայի համար, Երևանից լավ տեղ չկա, սա պետք է հասկանան բոլոր երաժիշտները … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930