Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Ջավախյանի «Լռության ձայնը» պատմվածքի ու հոգու ոռնոցի մասին

Սեպտեմբեր 26,2022 12:00

Օրերս մամուլում տպագրվել է Լեւոն Ջավախյանի «Լռության ձայնը» պատմվածքը, որ արժանացել է ոչ միայն գրական շրջանակների, այլեւ լայն հանրության ուշադրությանը: Տպագրում ենք մի հատված այդ պատմվածքից, եւ ստեղծագործության վերաբերյալ գրականագետի կարծիքը:

«-Դավաճա՛ն, հողատու՛…,- գոռում էր Դավոն:

Նրա բողոքը դրանով չէր ավարտվում: Երբեմն էլ տուրիստի թիկունքում ծպտված՝ ականի պես անակնկալ պայթում էր.
-Շպիո՛ն…

Խեղճ տուրիստը հանկարծակի եկած ցնցվում էր, այլայլվում, դեմքը պատի ծեփի գույն էր ընդունում, իսկ Դավոյի իսկի պետքն էլ չէր. ձեռնափայտերը առաջ պարզած՝ դողդողալեն իր համար ճամփա էր բացում, որ հանկարծակի, մի նոր տուրիստի թակարդը գցի.
-Շպիո՛ն… ՆԱՏՕ-ի շո՛ւն…,- ահաբեկում էր:

Ողջ Վերնիսաժը Դավիթի ռմբահարման տակ էր:

Մենք նրան բանի տեղ չէինք դնում: Իզուր աղմկում էր՝ տհաճություն ու ձանձրույթ պատճառելով վաճառականներին: Բայց նա Դավոն էր, նրան ո՞վ կարող էր բան ասել…

Աշնան քամին, մեղմիկ, փչում էր դեմքիս: Առեւտուր չկար: Ուշք ու միտքս տեսածս ու լսածս էր: Ես Դավոն չէի, որ օր ու գիշեր ձայնասփյուռի պես շարունակ նույն բանն ասեի, բայց մեջիս եղածն էլ քիչ չէր դիմանալու համար: Ցնորվում էի: Տունը չէր կանչում: Լռվել էի ամայացող Վերնիսաժում: Մոտիկ հորիզոնից լուսնի ահռելի գլուխն էր բարձրանում: Փրկություն կա՞… Միգուցե՞… Դունչս պարզել էի արծաթի պես պաղ ու արծաթադրամի պես կլոր, սպիտակ լուսնին: Կորստյան ցավ կար մեջս: Չէ, չէի արտասվում: Թվում էր, թե տափաստանում ոռնացող այն միակը ես էի: Ձայնս թախծալի ելեւէջումով մղկտում-մղկտում ու ձգվում էր առ լուսին:

-Աու՜ու՜ու՜ու՜ու՜…,- ոռնում էր խիղճս»:

Լեւոն Ջավախյանի վերջերս գրած «Լռության ձայնը» պատմվածքը փառահեղ է, արարված՝ ներշնչանքով եւ արվեստով: Ապրումը, առհասարակ, լռության մեջ կատարյալ է, ամբողջական, խոսքի փոխակերպվելով այն զրկվում է իր համարժեք ամբողջականությունից, աղոտանում է ներքին հուզականությունից եւ գույներից: Պոեզիայում այդ կիսակատարությունը մասամբ լրացնում է պատկերայնությունը, ռիթմը, երաժշտականությունը: Լեւոնը այս պատմվածքում ապրումի այդ կիսակատարությունը ենթագիտակցորեն հաղթահարել է էպիտետների դիպուկ կիրարկմամբ, ինչը տեսանելի եւ զգայելի է դարձնում հոգեվիճակը, ապրումի էությունը բացահայտող վրձնահարվածներով, իրար հաջորդող դրվագների վարպետ հյոււսումով, հայրենիքի կորուստների իր ցավը հնչեցնելով կակազող հերոսի անսպասելի պոռթկումներով: Ցավի ապրումի լիարժեքությունը համարժեքորեն վիպելու մղումը շարադրանքին փոխանցել է պոեզիային եւ երաժշտությանը բնորոշ գույներ: Շատերի էության մեջ ավերիչ քամու նման ոռնացող կորստի այդ ցավը ստվերի պես ծավալվելով ծածկում է ամենայն ինչ, պարուրելով ազնվայր հայորդիների հոգիները անզորության տառապանքով: Այո՛, շեշտում եմ՝ ազնվայր հայորդիների հոգիները:

Բուսական կյանքով (растительная жизнь) ապրողների համար այդ կորստի զգացողությունը եւ գիտակցությունը առավել քան աղոտ է: Նրանք իրենց մեջ չունեն մեր ցեղի երկնած հոգեւոր եւ մշակութային ոսկեղենիկ գանձերը, հետեւաբար չեն կարող ունենալ նաեւ դրանց կորստի ցավը, ափսոսանքը: Մարդկային այդ տեսակը զրկվել է այդ գանձերով հարստանալու եւ վեհանալու շնորհից, ուստի զրկվել է նաեւ ինքնության գիտակցությունից եւ արժանապատիվ հպարտությունից: Իրականում մարդկային այդ որակը հանրության, ազգի կյանքում նույնպես դեր ունի: Սակայն իր դերն ավարտելուց հետո, այն այրվում է պատմության հիշողությունից, ինչպես շեղջը, հարդը: Պատմության հիշողությունը պահում է լոկ ոսկեգույն հատիկը:

Մշտահոլով ժամանակի տիրույթում էթնոսի պատմական ժառանգորդությունը, սերունդների հաջորդականությունը եւ միասնությունը պահպանելու շնորհը կրում է հայրենասեր հայորդու անձնազոհությունը եւ ցեղի ճակատագիրը կրող եւ մշակույթի վերածող այրը: Եվ, իրոք, ՏԵՍՆՈՂ այդ հոգիներն են զգում, որ արդի անհասցե աշխարհի խառնափնթոր աղբանոցում կորցնում ենք ամենաթանկը՝ մեր ինքնությունը, անցած ճանապարհի հիշողությունը եւ ապագայի հավատը, նաեւ՝ ՏՈՒՆԸ, որտեղ մեզանով ստեղծվել է մի շքեղ եւ հոյակերտ քաղաքակրթություն: Անզորության տագնապ է ահազանգում հեղինակը: Անզորության ցավատանջ ապրումի համարժեք դրսեւորումը իրականում հոգու ոռնոցն է, մղկտանքը: Ցավ, որը համակել է ողջ հայությանը, արժանապատիվ հայորդիների հոգիները, մինչդեռ «կարմրող հորիզոնին լուսնի անզգա դեմքն է»:

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930