Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի առջեւ դռները փակվեց, իսկ թե Պուտինի հետ սեղանի շուրջ նստած ով ինչ անեկդոտ էր պատմում, ինձ դա քիչ է հետաքրքրում»

Սեպտեմբեր 26,2022 14:00

Խոսրով Հարությունյանը վստահ է՝ այս պայմաններում շուռ գալ մեջքով դեպի Ռուսաստանը ոչինչ մեզ չի տալու, նոր պրոբլեմներ ենք ստեղծելու մեզ համար:

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ զրույցում «Առավոտը» հարցրեց՝ դուք միշտ հարցազրույցներում խոսել եք ՌԴ-ից մեր անվտանգային համակարգի կախվածության մասին, հիմա արդեն ասում եք, որ ՌԴ-ի ազդեցությունը փոքրացել է, իրավիճա՞կ է փոխվել, քաղաքական վեկտորի փոփոխություն հնարավո՞ր է: Նա պատասխանեց. «Ակնհայտ է, որ այսօր ՌԴ-ի ռազմաքաղաքական կարողությունների ողջ ներուժն օգտագործվում եւ կիրառվում է ուկրաինական օրակարգում: ՌԴ-Արեւմուտք առճակատումը բավականին վտանգավոր զարգացումների կարող է տանել: Շատերն ասում են՝ այստեղ Ռուսաստանի համար կարելի է բացել երկրորդ ֆրոնտ, բայց դա ՌԴ-ի համար այլեւս կարեւոր չէ: Հիմա արեւմտյան ուղղությամբ ՌԴ-ի համար անհամեմատ ավելի կարեւոր, բախտորոշ, ճակատագրական խնդիրներ են ձեւավորվել, քան հարավային ուղղության վրա ռազմավարական հետաքրքրությունների իրացումը: Ավելին՝ եթե նույնիսկ այստեղ ռազմական գործողություններ սկսվեն, ՌԴ-ն երբեւէ չի փորձի իր ռազմական միջամտությամբ դրանք լուծել: Կփորձի քաղաքական, դիվանագիտական ազդեցության խողովակները, բայց ոչ ավելին: Ոչ թե նրա համար, որ չի ցանկանա, այլ նրա համար, որ իրեն դա ձեռնտու չի լինի: Մենք սա պետք է գիտակցենք: Բայց նույնիսկ այս պայմաններում ես պետք է պնդեմ՝ Հայաստանը, որպես աշխարհաքաղաքական միավոր, բոլոր հավասար պայմաններում ՌԴ-ի ռազմավարական հետաքրքրությունները արդյունավետ իրացնելու տեսանկյունից անհամեմատ ավելի կարեւոր է լինելու, քան որեւէ մեկ այլ պետության համար: Սա ակնհայտ է: Հետեւաբար, որպես իրական ռազմավարական գործընկեր, Հայաստանը պետք է նաեւ իր վարքով, իր մոտեցումներով ավելորդ պրոբլեմներ չստեղծի ՌԴ-ի համար: Կարծում եմ, որեւէ կտրուկ քայլ, որեւէ կտրուկ շարժում այսօր ուղղակի հակացուցված է Հայաստանի համար: Դա կործանարար կարող է լինել: Ռուսաստանը, շատ օբյեկտիվ պատճառներից ելնելով, քաղաքականություն է վարում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որը կարելի է բանաձեւել այսպես՝ поглаживать пса пока не найдется соответствующий ошейник. Վերջին հաշվով Իրանը իր շատ ու շատ տարածաշրջանային նախաձեռնություններում անպայման կաջակցի ՌԴ-ի քաղաքական դերակատարության պահպանմանը: Այս պայմաններում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները կասկածի տակ դնելը կարող է ունենալ կործանարար հետեւանքներ»:

Խոսրով Հարությունյանը ընդգծեց, որ իր ասածը չի նշանակում չհամագործակցել ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ, պարզապես պետք է ըմբռնումով վերաբերվել ՌԴ-ի հնարավորություններին, նպաստել, որ ՌԴ-ի քաղաքական ու ռազմաքաղաքական բաղադրիչն օգտագործվի: Դրան զուգահեռ Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքները կասեցնելու համար այս փուլում միանշանակ պետք է աշխատել ԱՄՆ-ի հետ. «Թե՛ ՌԴ-ն, թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն խոսում են տարածաշրջանում կայունությունն ապահովելու մասին, միայն Թուրքիան ու Ադրբեջանն են մտածում, որ կարելի է տարածարջանն ապակայունացնել: ԱՄՆ-ի հարցադրումները խոսում են այն մասին, որ պետք է լինի խաղաղություն՝ կայունության համար, այսինքն, նստեք, բանակցեք ինչքան ուզում եք, բայց ոչ մի ուժի կիրառում, կամ ուժի սպառնալիքի ապահովում: Սա խոսում է կայունություն ապահովելու նրանց նվիրվածության մասին: Նույնն ասում է ՌԴ-ն՝ իրեն համարելով միջնորդ, նույնը հայտարարում է Իրանը՝ նշելով կարմիր գծերը: Այս երեք քաղաքական նախաձեռնությունները չեն կարող Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից անտեսվել, դա անիրատեսական է: Հետեւաբար մեր խնդիրն է մեզ համար նպաստավոր դիրքեր բռնել թե՛ մոտակա հարեւանների հետ, թե՛ հեռու գործընկերների հետ»:

Համացանցում ակտիվորեն քննարկվեց սեպտեմբերի 16-ին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ սեղանի շուրջ արված հայտնի լուսանկարը, որտեղ Պուտինը ուրախ կատակում էր մեր թշնամիների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ։ Հարցին՝ այս լուսանկարը, հատկապես սեպտեմբերի 12-13-ի պատերազմից օրեր անց, ալեկոծեց հանրությանը ու սկսեցին ավելի թեժանալ ՀԱՊԿ-ից դուրս գալու մտորումները, մարդիկ ասում են՝ այդ շրջապատում մենք անելիք չունենք, դուք ա՞յլ կարծիք ունեք՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Հանրություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք: Եթե նկատի ունեք մարդկանց, որոնք առօրյա կյանքում հազար ու մի հոգս ունեն եւ դրա հետ միասին ականջի ծայրով հետեւում են, թե ինչ է կատարվում, ապա ես նրանց հասկանում եմ: Դրանք էմոցիոնալ ընկալումներ են: Բայց եթե մենք խոսում ենք քաղաքական էլիտայի, փորձագիտական շրջանակների մասին, ապա այստեղ կարծիքները կարող են տարբեր լինել: Որ պետք է ուղղակի մերժել ՀԱՊԿ-ը, դրանք էմոցիոնալ գնահատականներ են, քաղաքականությունը այդպիսի բաներ չի սիրում: Կան փաստեր, իրողություններ եւ հնարավորություններ:

Իրողությունն այն է, որ, օրինակ, Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, դա շատ կարեւոր քայլ էր: Մենք այդ նույն կազմակերպության գագաթնաժողովում տեղեկացանք, որ ՌԴ նախագահը ըստ էության խստացրել է պահանջները Շանհայի կազմակերպությանն անդամակցելու առումով՝ պահանջելով, որ ցանկացած մեկը կարող է դառնալ այդ կազմակերպության անդամ, եթե մեկ այլ ռազմաքաղաքական կազմակերպության անդամ չէ: Սա խոսում է այն մասին որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը անդամակցության առումով Թուրքիայի առջեւ դռները փակեց, ինչը էական փոփոխություն է: Հիմա թե նստած ով ինչ էր խոսում, ինչ անեկդոտ էր պատմում, ինձ դա քիչ է հետաքրքրում: Այդ նույն հավաքին ներկա էր նաեւ նախագահ Ռաիսին, որը մի քիչ այն կողմ անտարբեր նստած էր: Հիմա ինչ-որ մեկը կարող է հետաքրքիր անեկդոտ էր պատմում այդ պահին, ինչ-որ մեկը լսում էր, ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում: Ես փորձում եմ առաջնորդվել քաղաքականության կարեւորագույն սկզբունքով՝ հնարավորություն եւ իրողություն: Իրողության մասին խոսեցինք, իսկ մեր հնարավորությունները սարսափելի քիչ են՝ նաեւ գործող իշխանությունների գործողությունների եւ անգործության պատճառով: Ու այս պայմաններում շուռ գալ մեջքով դեպի Ռուսաստանը ոչինչ մեզ չի տալու, նոր պրոբլեմներ ենք ստեղծելու մեզ համար:

Եկեք ռեալ լինենք՝ երբ ասել ենք ՀԱՊԿ, դա դիտվել է՝ որպես ՌԴ-ի հետ հարաբերությունների անբաժանելի բաղադրիչ: Ես մի քիչ գուցե կոշտ, բայց ասել եմ՝ ՀԱՊԿ-ը այսօր դե ֆակտո թղթի վրա ինչ-որ մի կառույց է, բայց այն քաղաքական հնարավորություններ ունի, ՌԴ-ի համար քաղաքական ազդեցության գործիք է, հետեւաբար չի կարելի նաեւ ՀԱՊԿ-ին մեջքով շուռ գալ: ՀԱՊԿ-ին չանդամակցելը պրոբլեմներ ստեղծում է, անդամակցելը ոչ մի խնդիր չի առաջացնում մեզ համար: Գլխավոր քարտուղար Զասը եկել է Հայաստան: Հայտարարվեց, որ ռազմական միջամտությունը մտքներիցդ կհանեք, դա չի լինի, բայց գոնե քաղաքական ազդեցություն անպայման ՌԴ-ն կօգտագործի՝ ՀԱՊԿ-ի միջոցով: Ինչո՞ւ մենք այդ հնարավորությունից հրաժարվենք: Ես որեւէ տրամաբանություն այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու չեմ տեսնում: Նենսի Փելոսին ասաց՝ դուք պետք է որոշեք, եթե դուք ՀԱՊԿ-ից դուրս եք գալիս, մեջքով շուռ եք գալիս ՌԴ-ին, բայց դրա դիմաց ոչինչ չեք ստանում: Հետեւաբար, ես խորհուրդ չէի տա այս հարցերի շուրջ շտապել եւ այս փուլում կտրուկ շարժումներ անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930