Լրահոս
Օրվա լրահոսը

Մարալիկը հեղեղված է նույնաոճ ցուցապաստառներով․ անեցիներն իշխանություն են ընտրում

Սեպտեմբեր 25,2022 17:49

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում, որտեղ մրցակցում են երեք քաղաքական ուժեր, ՏԻՄ ընտրություններն անցնում են բավական հանգիստ։

Այստեղ թեև մրցապայքարը թեժ է, այդուհանդերձ մինչ այս պահը որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել։ Ընտրողները չափից ավելի ակտիվ են, երբեմն կուտակումներ են լինում ընտրատեղամասերում, որը և ինչ-որ տեղ հասկանալի է․ պայմանավորված է թեկնածուների մեծ թվով։

Երեք քաղաքական ուժերը միասին ունեն 147 թեկնածուներ․ Անին ունի 15 հազար 901 ընտրող։

18 բնակավայրերում ձևավորվել են 20 ընտրատեղամասեր։

33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանի բնութագրմամբ, ընտրություններն անցնում են առանց լուրջ խախտումների,  ընթացքն այնքան հանգիստ է, որ իրենք էլ երբեմն զարմանում են։

Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ահազանգեր ստացել է, սակայն դրանք  ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն չեն թողնում։

Մեր զրուցակիցը ևս փաստում է, որ աննախադեպ ակտիվություն է նկատվում, ժամը 11․00-ի դրությամբ ընտրողների 7,8 տոկոսն արդեն մասնակցել է։

Գոռ Պետրոսյանն արձանագրված ընտրախախտումներից առանձնացնում է Քարաբերդ համայնքի՝ թիվ 33/9 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպքը։

«Կրկնակի քվեարկության դեպքը տեղի է ունեցել  տատիկին օգնելու պատրվակով։

Երիտասարդ մի աղջիկ  տատիկի անձնագիրն անցկացրել է տեխնիկական սարքավորումով։ Նրանք միասին գնացել, ընտրել, վերադարձել են, որից հետո օգնողը պիտի ընտրություն կատարեր։ Նա սխալմամբ նորից տվել է տատիի անձնագիրը, որի պատճառով գրանցվել է կրկնակի  ընտրություն։ Ինչ խոսք, սա տեխնիկական սարքավորման մասնագետի թերությունն է, ուշադիր չի եղել, որ դա երիտասարդ աղջկա անձնագիրը չէ, այլ տատիի անձնագիրն է։

Ընդհանուր առմամբ շատ խաղաղ, նորմալ  անցնում են ընտրությունները։ Միջադեպեր չկան, բոլոր տեղամասերից տեղեկություններ ունենք, հանգիստ ընտրություն են կատարվում, նույնիսկ զարմանում ենք, որ այսքան խաղաղ ու հանգիստ է»,-ասում է Գոռ Պետրոսյանը։

Մարալիկ քաղաքի թիվ 1 դպրոցում տեղակայված 33/01 ընտրատեղամասի նախագահ Արսեն Ալավերդյանի ասելով էլ՝ այս անգամ Անիի բնակիչները շատ ակտիվ են, շահագրգռված մասնակցելու։ Ըստ նրա,  ընտրողներին ուղղորդելն անհնար է, քանի որ քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացել է, նրանք վաղուց կողմնորոշված են՝ ում ընտրել։

Մեր զրուցակցի բնութագրմամբ՝ սուր պայքար է ընթանում։

Ի դեպ, Մարալիկը հեղեղված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արման Սարիբեկյանի և«Ազգ-համայնք» դաշինքը գլխավորող Արտակ Գևորգյանի ցուցապաստառներով։ Մարալիկ մտնող ճանապարհին ամեն քայլափոխի վերջիններիս նույնաոճ ցուցապաստառներն են փակցված։

Հիշեցնենք, որ այսօր մրցապայքարի են դուրս եկել 18 տարվա համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը, ՔՊ-ն, որի թեկնածուն Արման Սարիբեկյանն է՝ Մարալիկի, Արթիկի ու Ախուրյանի «Հայ փոստի» համակարգողը և նորաստեղծ «Հայկական երազանքը», որի ցուցակը գլխավորում է Անիի ավագանու անդամ, արցախյան երկու պատերազմներին որպես կամավոր մասնակցած Ագուն Սաղաթելյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930