Տավուշի մարզի Բերդ համայնքում այսօր՝ սեպտեմբերի 25-ին ընթանում են ավագանու անդամի համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 6211 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 27․62 %-ը։
«Սա իսկապես մասնակցության բարձր ցուցանիշ է։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ միջադեպեր ևս չեն գրանցվել»,-հավելեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ սահմանամերձ Բերդ համայնքում առաջադրվել է 1 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրապայքարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զորավոր համայնք» և «Արժանապատիվ սերունդ» դաշինքները։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ