Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են․ մրցակցությունը բավական թեժ է․ մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ 18 տարվա համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը՝ «Ազգ-համայնք» դաշինքով, Անիի ավագանու անդամ, արցախյան երկու պատերազմներին որպես կամավոր մասնակցած Ագուն Սաղաթելյանը՝ «Հայկական երազանք» նորաստեղծ կուսակցությամբ և Արման Սարիբեկյանը՝ Մարալիկի, Արթիկի ու Ախուրյանի «Հայ փոստի» համակարգողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ։
Անին ունի 15 հազար 901 ընտրող։
Մասնակցությունը բավական ակտիվ է, Մարալիկի մշակույթի տանը, որտեղ տեղակայված է թիվ 33/3 ընտրատեղամասը, ընտրելու մեծ հերթեր էին գոյացել։
Կարդացեք նաև
Ընտրատեղամաս գալիս էին անգամ ձեռնափայտերով, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք։ Այն ընտրողների թվով ամենամեծ ընտրատեղամասն է։
Թիվ 33/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գևորգ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրողների թիվը 1711 է, ժամը 11․00-ի դրությամբ մասնակցել է 200 հոգի։
Գևորգ Հարությունյանը նշեց, որ լուրջ միջադեպեր չեն գրանցվել․ մեկը ներկայացել է ռուսական անձնագրով, սարքը ցույց չի տվել նրա տվյալները, տեղում խնդիրը շտկել են՝ թույլ չտալով ավելորդություններ։
Ըստ մեր զրուցակցի, դրսում ընտրողների կուտակումներ եղել են, ինքը ոստիկաններին խնդրել է թույլ չտալ ներս մտնել, քանի որ 15 հոգուց ավելի ընտրատեղամասում իրավունք չունեն մարդ թողնելու։
Եվ մինչ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն հարցազրույց էր տալիս՝ վստահեցնելով, որ ամեն ինչ հարթ է, ներս մտավ տարեց մի կին՝ ձեռնափայտով, նա այնպիսի աղմուկ բարձրացրեց, այնպիսի քարոզ արեց թեկնածուներից մեկի օգտին, որ ստիպված եղան դիմել ոստիկանների օգնությանը՝ նրան դուրս հրավիրելու համար։
«Պետք է բոլորի մասին մտածել, եթե բոլորի մասին մտածեին, Հայաստանը չէր կործանվի, հիմա էլ բոլորին քաշում են դեպի կործանում»,-բացականչում էր տիկինը։
Նա հնչեցնում էր իր թեկնածուի անունը՝ հայտարարելով, որ նա միայն կարող է փրկել կործանումից։ Երբ հանձնաժողովի նախագահը նրան փորձեց սաստել, տիկինը շատ զայրացավ՝ հակադարձելով․ «Իմ թեկնածուի պապն է սպանել թուրքին, որ հիմա ազատ ապրում եք»։
«Ձեր տարիքը հարգելով՝ ուրիշ միջոցների չեմ դիմում», -ասաց հանձնաժողովի նախագահը։
Այդ պահին ընտրատեղամասում էր գտնվում նաև 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը, որը հորդորեց դուրս հրավիրել, քանի որ տիկինը եկել է ելույթ ունենալու։ Ոստիկանները կնոջը դուրս հրավիրեցին, կարճ ժամանակ անց նա նորից եկավ, պարզվեց ընտրող է, նա նորից սկսեց բարձրաձայն իր ելույթը՝ հայրենիքի փրկության ու իր «ֆավորիտ» թեկնածուին ձայն տալու մասին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ