Սյունիքի մարզի երկու համայնքում՝ Սիսիանում եւ Քաջարանում այսօր՝ սեպտեմբերի 25-ին կկայանան ավագանու անդամի համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Սիսիան համայնքը ունի 41 ընտրական տեղամաս, ընտրողների թիվն այստեղ 23037 է։ Սիսիանում 7 քաղաքական ուժ է առաջադրվել՝ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հանուն Հանրապետության», «Մեկ Հայաստան» կուսակցություններն ու «Աշխատանք եւ արդարություն», «Զարգացող համայնք» դաշինքները։ Սիսիան համայնքի ավագանին բաղկացած կլինի 21 անդամից։
Քաջարանում ուժերն են չափելու երեք ուժ՝ «Դեպի միասնություն» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Այստեղ ձեւավորվել է 8 ընտրական տեղամաս, ընտրողների թիվը 6112 է։ Քաջարանը կունենա ավագանու 15 անդամ։
Կարդացեք նաև
Ընտրությունների ընթացքին հետեւելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 4 դիտորդական կազմակերպություն, 17 լրատվամիջոց։
Ինչպես տեղեկացրին թիվ 34 եւ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներից, մինչեւ ժամը 10.30-ը էական բողոքներ չեն ստացվել։ Մեկ-երկու հարցում եղել է քվեարկության ընթացքի կազմակերպման հետ, որը տեղում կարգավորվել է։
Սիսիանում եւ Քաջարանում եղանակը ամպամած է, թույլ անձրեւ է տեղում եւ այս պահին ընտրողների պասիվություն է նկատվում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ