Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ից Փաշինյանը պիտի կոչ աներ երկու բան՝ ոչ թե Ալիեւին կոչ աներ ցույց տալ այն քարտեզը, որով Ալիեւը ինչ-որ հավակնություններ ունի». Արա Պապյան

Սեպտեմբեր 24,2022 22:48

Այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ Ազգային-ժողովրդավարական բեւեռի անդամ Արա Պապյանն անդրադարձավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որի որոշ դրույթներ, ըստ նրա, կարող են մեր դեմ շրջվել. «Նա մասնավորապես ասաց, որ ՀՀ-ի ճանաչված ինքնիշխան տարածքն է 29 հազար 840 կմ՝ այն հույսով թերեւս, որ դրա նշումը կապահովի գոնե այդ մասի անվտանգությունը: Իհարկե, դա չի կարող ապահովվել, պարտադիր չէր թիվը նշել: Կարելի էր ասել՝ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ամեն մարդ թող իր մտքում հասկանար ինչի մասին է խոսքը: Փոխադարձ համաձայնությամբ լուծումը անհնար է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ, Ադրբեջանը Սովետական Հայաստանի սահմաններն էլ չի ճանաչում՝ իրավացիորեն ասելով, որ չկա դեմարկացիա եւ դելիմիտացիա: ՄԱԿ-ում պիտի Նիկոլ Փաշինյանը նշեր, որ մենք կողմ ենք խաղաղությանը, մշտապես հանդես ենք եկել խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին եւ սահմանագծմանն ու սահմանազատմանը, բայց դրանից առաջ եւ դրա համար առաջին հերթին պիտի հստակեցվի այն իրավական հիմքը, այն փաստաթղթերը, որոնց հիման վրա ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական պայմանագրով սահման է ամրագրվել: ՄԱԿ-ից ինքը պիտի կոչ աներ երկու բան՝ ոչ թե Ալիեւին կոչ աներ ցույց տալ այն քարտեզը, որով Ալիեւը ինչ-որ հավակնություններ ունի, որովհետեւ դա սկզբունքորեն սխալ է, դու քո թշնամու ասածով չես որոշում քո երկրի սահմանները, այլ պիտի ասեր՝ եթե դու ունես հավաստի փաստաթղթեր եւ քարտեզներ, եկեք միասնաբար դիմենք ՄԱԿ-ի դատարանին՝ Արդարադատության միջազգային դատարանին, որի 35-րդ հոդվածի երկրորդ մասով ունի լիազորություն որոշելու ցանկացած փաստաթղթի իրավազորությունը: Այսինքն, եթե պիտի բերեին ՌԴ-ի Կոմկուսի, կամ բյուրոյի 21 թվի որոշումը՝ որպես հիմք, դա  հաստատ չէր անցնելու ու շատ ավելի թույլ փաստաթուղթ է, քան Ազգերի լիգայի զեկույց-փաստաթղթի առաջարկը՝ 20 թվականի փետրվարի 24-ին: Նաեւ հիշեցնեմ, որ Ադրբեջանը, ի տարբերություն ՀՀ-ի, 1991-ի հոկտեմբերի 18-ին իր սահմանադրական ակտով հրաժարվել է սովետական ժառանգությունից հստակ ու միանշանակ՝ նշելով, որ սովետական ամբողջ ժամանակահատվածը եղել է օկուպացիա ՌԴ-ի կողմից: Այ սա՛ պիտի ասվեր  ՄԱԿ-ում: Սրանք շատ կարեւոր հարցեր էին, միջազգային հանրությունը պիտի լսեր, որ Հայաստանն ունի իրավական հիմքեր»:

Հաջորդ հանգամանքը, որին Փաշինյանը պետք է անդրադառնար ՄԱԿ-ի ամբիոնից, ըստ Պապյանի, այն է, որ պիտի ասվեր՝ Հայաստանը խորացնելու է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ու զարգացնելու է՝ որպես ինքնապաշտպանության հիմնական գործոն. «Բոլոր նրանք, որոնք ասում են՝ հայը պիտի հույսը դնի միայն իր վրա, եկեք հասկանանք՝ 21-րդ դարում միայն քաջությամբ ու նվիրվածությամբ, բայց առանց զենքի ու հանդերձանքի չես կարող երկիր պաշտպանել»:

Պապյանն ասաց, որ մնալով ՀԱՊԿ-ի անդամ՝ մենք չենք կարող որեւէ արեւմտյան երկրից որեւէ էական ու լուրջ աջակցություն ստանանք. «Հնարավոր է պատերազմ, ՀՀ-ն կարող՞ է միայնակ դիմակայել թուրք-ադրբեջանական ներխուժմանը՝ ո՛չ, չի կարող: ՌԴ-ն արդյոք ներկայումս հանդիսանո՞ւմ է մեր դաշնակիցը իր գործով ու խոսքով ու կարող՞ է ՀՀ-ին աջակցություն ցույց տալ, պատասխանը ոչ է: Ոչ մեր դաշնակիցն է, ոչ զենք ունի տալու, ոչ կարող է, ոչ էլ ուզում է»:

Նա նշեց, որ շատերն ասում են՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը եթե կասեցնենք, ՌԴ-ն կնեղանա. «Է Ռուսաստանը հիմա էլ է նեղացած, ի՞նչ տարբերություն՝ նեղացած, թե չնեղացած: Այն,որ 200 զոհ տվեցինք մի քանի օր առաջ, դրանից Ռուսաստանն ինչ-որ բա՞ն փոխեց: Եթե ՌԴ-ին պատրվակ է պետք խնդիրներ առաջացնելու, ինքը կգտնի պատճառ, թեկուզ հենց այս ցույցը, կամ ինչ-որ գրառում ֆեյսբուքում: Հիշեցնեմ, որ երկու երկիր ժամանակին դուրս են եկել ՀԱՊԿ-ից եւ չեն կործանվել՝ Վրաստանն ու Ուզբեկստանը»:

Պապյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը քմահաճույքի, կամ ՀԱՊԿ-ը սիրել-չսիրելու հարց չէ, մեզ պետք է հարցնենք՝ ուզո՞ւմ ենք զենք, ուզո՞ւմ ենք մեզ պաշտպանել, ուրեմն պիտի գնանք այդ ճանապարհով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930