Իրանաբնակ ճանաչված թարգմանիչ Գարուն Սարգսյանը պարսկալեզու գրական շրջանակների դատին է ներկայացրել իր քսաներորդ գիրքը՝ «Վարպետը» անունով։ «Վարպետը» գիրքը ներառում է հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանի գործերից 36-ի պարսկերեն թարգմանությունը, համապատասխան ծանոթագրություններով և չորս նախաբանով ու գրախոսականով, գիրքը բաղկացած է 315 էջից։
Թարգմանված և գրքում ներառված է նաև գրականագետ Ավիկ Իսահակյանի ընդարձակ գրախոսականը․ զետեղված են Հայաստանի Գրողների Միության նախագահի ու Ա․ Իսահակյանի Երևանյան տուն-թանգարանի տնօրենի ողջույնի խոսքերի թարգմանությունները։ Ժրաջան թարգմանիչը Իսահակյանի արձակ գործերից խնամքով ընտրել է 36 ստեղծագործություն՝ ավանդապատումներ, հեքիաթներ և պատմվածքներ․ դրանցից կարելի է հիշել «Սաադիի վերջին գարունը», «Չինական մեծ պարսպի երգը», «Սգավոր արագիլը», «Եղնիկը», «Ահմեդի ուղտը», «Պատրանք», «Հին ամրոցը», «Ո՞վ է ապրում», «Քուրդն ու ճնճղուկը», «Համբերանքի չիբուխը», «Ամենապիտանի բանը», «Արևի մոտ», «Աղա Նազար», «Գասպարը», «Նուկիմ քաղաքի խելոքները», «Շաքրո Վալիշվիլի», «Գարիբալդիականը», «Բարեսիրտ շունը», «Հորս գութանը», «Ծառա Սիմոնը» և «Դարբին Գևորգը»։
Կարդացեք նաև
Գարուն Սարգսյանը Ա․ Իսահակյանի Երևանյան Տուն-թանգարանում տեղի ունեցած «Վարպետը» գրքի շնորհանդեսի ժամանակ բացատրեց թե ինչո՞ւ է Իսահակյանի համար օգտագործվող վարպետ ածականն ընտրել որպես իր գրքի բնաբան․ վարպետ բառն ունի պահլավերեն արմատ և լավագույնս արտահայտում է հայ-իրանական գրական առնչությունները, որի խորհրդանիշներից է հենց Իսահակյանը։ Թարգմանիչը բացատրեց նաև, որ Իսահակյանը իրանցի ընթերցողներին հայտնի է դարձել դեռևս 1947 թվականից, երբ Արամայիս Արզումանյանը Թավրիզում թարգմանել և հրատարակել է Իսահակյանի «Սադիի վերջին գարունը», «Երջանկության իմաստը», «Չինգիզխանը» և «Ռաբբի Հիլլել» գործերը։ Իրանում Ավետիք Իսահակյան են թարգմանել մոտ տաս թարգմանիչ․ հիշենք նրանցից Սեպուհ Պարթևյանին, Ալեք Խաչատրյանին, Հրանդ Ղուկասյանին, Արմինե Կարապետյանին, Խաչիկ Խաչերին, Էդվարդ Հարությունյանին, Մոհամմադ Մալեք Մոհամմադիին և Շոջա Էդդին Շաֆային։
Գարուն Սարգսյանի «Վարպետը» հատորը Իսահակյանի գործերի պարսկերեն թարգմանության առաջին ամբողջական հավաքածուն է, որը համապարփակ կերպով ներկայացնում է հեղինակի գործերի հատընտիրը համապատասխան ծանոթություններով ու ընդարձակ գրախոսականով։ Գ․ Սարգսյանը հայոց պատմությունն ու հայ գրականությունը պարսկալեզու լսարանին ներկայացնելու ամենագործունյա թարգմանիչն է․ նա իրանահայ բացառիկ մտավորականներից է, որ լավագույն կերպով տիրապետում է հայերեն և պարսկերեն լեզուներին ու թարգմանության նրբություններին։
Գարունը մինչ այժմ առանձին հատորներով պարսկալեզու ընթերցողին է ներկայացրել Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ը, Կորյունի «Վարք Մաշտոցին»ն, Փավստոս Բյուզանդի «Պատմություն Հայոց»-ը, Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան»-ը, Արիստակես Լաստիվերցու «Պատմություն»-ը, Գրիգոր Ակներցու «Պատմություն վասն ազգին նետողաց»-ը, Ժասմեն Էլչիբեկյանի «Հայաստանը և Սելևկյանները» գործը, Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայերի ցեղասպանությունը արաբ պատմագրության քննարկման լույսի ներքո» գործը, Ավետիս Փափազյանի «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» հատորը, Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի «Հայ եկեղեցու տոները», Վարուժան Ոսկանյանի «Շշուկների Մատյան»ը, Նար-դոսի «Աննա Սարոյան»ը, Իսկանդար Իսկանդարյանի «Իրանահայությունը և Իրանին պարտադրված ութամյա պատերազմը», Լևոն Ահարոնյանի «Փոթորկոտ կյանքիս օրերը» և այլ գործեր․ պատրաստ են և տպագրության են սպասում նաև Մատթևոս Ուռհայեցու «Ժամանակագրություն», Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» և Աբրահամ Երևանցու «Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թուի» գործերի պարսկերեն թարգմանությունը։
Վաստակավոր թարգմանիչն այս գրքերը հիմնականում հրատարակել է իր միջոցներով, մասամբ էլ նրան հովանավորել են Իրանի հրատարակչականները։ Գարուն Սարգսյանն իր թարգմանչական բեղուն գործունեության համար արժանացել է Հայաստանի Գրողների Միության և Իրանի թարգմանչական միջոցառումների մրցանակներին և զանազան պատվոգրերի։
Ողջունելի և գնահատելի է իրանաբնակ հայ թարգմանիչների նվիրական այս աշխատանքը, որը կատարում են Իրանի դժվար պայմաններում և իրենց անձնական նախաձեռնությամբ։ Միայն անցնող եռամսյակում Իրանում պարսկերենով հրատարակվել են հետևյալ գործերը․ Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը», Լեոնիդ Սարվարյանի «Սիրտը գրավոր»-ը և «Նոր-Ջուղայի «Արմեն» շախմատի ակումբի 20-ամյակը» (թարգմանիչ՝ Նիկիտ Միրզայանս), Գրիգորիս ծայրագույն վարդապետ Պալաքյանի «Հայ Գողգոթան» (թարգմանիչ՝ Նորայր Մեհրաբյան), Ակսել Բակունցի գործերի հատընտիրը (թարգմանիչ՝ Արմենուշ Առաքելյան) և Ավետիք Իսահակյանի գործերի հատընտիրը (թարգմանիչ՝ Գարուն Սարգսյան)։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ