«2016-ի ապրիլյան պատերազմից հետո մի հեքիաթ տարածվեց, որ զինվորները փամփուշտ չունեին, բահերով էին կռվում, դա սուտ էր, չկար նման բան: Բայց հիմա պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի գերժամանակակից բանակը նույնիսկ այդ բահերը չունի»,- այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախաձեռնած «Չդադարող պատերազմ. ինչպես եւ ով բերեց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը կազմաքանդել է պետական համակարգը, այդ թվում՝ ՊՆ-ն, կաթվածահար արել պետական կառույցների աշխատանքը թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում: Նա մի փոքր դրվագ ներկայացրեց, թե 2018-ի ապրիլի 23-ին ինչ ճանապարհով Փաշինյանը եկավ իշխանության ու ինչ հետք դա թողեց բանակի վրա. «Ապրիլի 23, դեռ հայտնի չէր Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, 209 խաղաղապահ ինքնակամ լքում են զորամասը, հայտնվում են փողոցում ու դա երեւի թե ամենաշատ գովազդված թեմաներից մեկն է: Հասկանում եք, որ սա հանցագործություն է, ու իրենք պետք է դատվեին, բայց ինչ է լինում դրանից հետո՝ 2018-ի հունիսի 12-ին, ընդամենը մեկուկես ամիս անց խաղաղապահ բրիգադի հրամանատարը նշանակվում է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, այսինքն, խրախուսվում է, պաշտոնը բարձրանում է: 2018-ի օգոստոսի 1-ին խաղաղապահ բրիգադը տեղափոխվում է Երեւանից դուրս՝ շառից, փորձանքից հեռու, որ հանկարծ մի օր չորոշեն փողոց դուրս գան, արդեն Նիկոլի դեմ: Ընդ որում, շատերը դրանից հետո զորացրվում են: Սա կարող է թվալ մանր դետալ է, բայց բանակի բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության վրա մեծ դեր է ունենում: 2019-ի մարտի 17-ին Մեղրիում՝ Ագարակի զորամասում զինվորների խռովություն է լինում, զորամասը ինքնակամ թողնում են, դուրս են գալիս քաղաք, սկսում են ինչ-որ լոզունգներ ասել: Մի հատ շատ փոքր, բայց բնորոշ դետալ, թե ինչ էր կատարվում զորամասում՝ զինվորները հրաժարվում էին սափրվել՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ մորուք ունի: Պատկերացնո՞ւմ եք զորքի վիճակը»:
Սա ներկայացնելով՝ Վրթանեսյանն ասաց, որ ապրիլյան հեղաշրջման քաոսը շատ լուրջ հետեւանքներ է ունեցել, ընդհուպ մինչեւ Մեղրի. «Նախիջեւանում թշնամին, օգտվելով այս քաոսից, իր դիրքերը առաջ տվեց ու Արենիի բարձունքներից մեկի գլխին կանգնեց, ընդ որում, երկու հայկական դիրքերի արանքում, անհասկանալի է ոնց է դա եղել: Թշնամին բարձրացել, երկուսի մեջ կանգնել ու մնացել է, առ այսօր այնտեղ է: Իրենց առաջխաղացումից հետո, մայիսին, երբ դեռ իշխանափոխության քաոսն էր, մենք արբանյակային լուսանկարներով տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ակտիվ ճանապարհներ է կառուցել, ընդ որում, ճանապարհ է բերել նաեւ այդ դիրք, որը ֆանտաստիկ բան է, ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում: Հունիս-հուլիսին նոր զարթնում են մեր զորքերը, սկսում են դիմադրել ու ՊՆ-ում մի փակ հանդիպման ժամանակ մեզ ասում են, որ առաջ եկած մի դիրք կա, որը շրջափակման մեջ է, մենք չենք թողնում մատակարարվի, իրենք շուտով ստիպված են լինելու լքել: Մեկ այլ հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանն ասում է՝ մենք չենք թողնում նորմալ մատակարարվի նաեւ այդ Արենիի դիրքը ու ձմեռվա կողմ այլ տարբերակ չկա, իրենք պետք է լքեն, որովհետեւ անհնար է այնտեղ ձմեռը մնալ՝ առանց մատակարարման: Բայց ինչ է տեղի ունենում՝ Դուշանբեն ձմեռվանից շուտ եկավ: Դուշանբեում Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ պայմանավորվում են, որ լարվածությունը նվազեցնում են: Արգելվում է հայկական կողմից կրակել: Ադրբեջանը ստանում է ունիկալ հնարավորություն՝ շփման գծի, ՀՀ սահմանի երկայնքով սկսել աննախադեպ մասշտաբի ամրաշինական աշխատանքներ, այդ թվում՝ Նախիջեւանի հատվածում: Առաջ չէին կարող տեխնիկա բերեին աշխատացնեին, կխփեին միանգամից: Այդ պայմանավորվածությունից հետո շատ լավ ադրբեջանցիները ամրանում են ու մեզ հայտարարվում է, որ այսուհետ Տավուշի սահմանների երկայնքով ոչ թե Ադրբեջանի բանակն է լինելու, այլ՝ Ադրբեջանի սահմանապահները ու դա ներկայացվում է՝ որպես խաղաղության ձեռքբերում: Իրականում որեւէ տարբերություն չկա, իրենք նույն բանակն են՝ մի քիչ թեթեւ զինված, մասնակցել են ե՛ւ ապրիլյան պատերազմին, ե՛ւ 44-օրյա պատերազմին: Ոչ ոք հարց չտվեց, Ադրբեջանի 2,5 հազարանոց զորքը, որ ազատվել էր այդ հատվածից, ցրվել էին տնե՞րը: Ո՛չ: Ադրբեջանցիները, սահմանապահներին բերելով, իրենց լրացուցիչ ռեզերվ են ստեղծել՝ Արցախի վրա հարձակվելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ