«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Կրթությունն Արցախի ապագայի, նրա անվտանգության կարևորագույն բաղադրիչն է։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ հաջողության գլխավոր չափանիշը կլինի գիտելիքը։ Ինչպե՞ս հասնել դրան։
Առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի հստակ ու հասարակության մեծամասնության աջակցությունը վայելող պատկերացում ձևավորենք Արցախի ապագայի վերաբերյալ՝ առաջիկա մի քանի տասնամյակի համար:
Երկրորդը՝ հասկանանք ու պատկերացնենք, թե ինչպես ենք մեր նպատակն իրագործելու․ մարդկային ինչպիսի ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչն է մեզ պակասում, և կենտրոնանանք այդ ուղղությունների վրա՝ պատրաստելով համապատասխան մասնագետներին։
Կրթական համակարգի նոր մարտահրավերների և կրթության դերի մասին խոսեցինք Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում, որտեղ հյուրընկալվել էինք Վերոնիկայի հետ և հանդիպել ուսանողների ու դասախոսական կազմի հետ:
Կարդացեք նաև
Աշխարհը սրընթաց փոխվում է, ռազմական հակամարտություններին զուգահեռ՝ տեխնոլոգիաներին դիմակայելը դարձել է անհրաժեշտություն։ Հետևաբար պետք է տաղանդավոր երիտասարդներին ներգրավել նոր տեխնոլոգիաների ստեղծման գործընթացում։ Այս ոլորտում Հայաստանում ու Արցախում պետք է ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացվեն, ավելի ինտենսիվ ու ակտիվ համագործակցություն լինի։
Համատեղ ծրագրերը միմյանց օգնելու, տաղանդն ու ռեսուրսները միավորելու, կրկնապատկելու իրական հնարավորություն են։ Միայն այդպես կարող ենք դիմագրավել այս նոր մարտահրավերներին։