Սեպտեմբերի 24-ին Հանրային հեռուստաընկերության լրատվականի հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել Սիսիան համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանի հետ հարցազրույցը, որի վրա նշված էր «Կրկնություն» լուսագիրը։
Aravot.am-ը կենտրոնական ընտրական հանձնաժողով գրավոր հարցում էր ուղարկել պարզաբանումների համար։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը օպերատիվ արձագանքեց՝ նշելով, որ անկախ «կրկնություն» բառի առկայությունից, ըստ ՀՀ «Ընտրական օրենսգրքի»՝ քարոզչությունը քվեարկությունից մեկ օր առաջ արգելվում է։ Ըստ նրա՝ արդեն ահազանգը ստացել էին տեղի թեկնածուներից։ «Դիմել ենք Հանրային հեռուստաընկերություն, որպեսզի կանխարգելենք հետագա ցուցադրությունը, գրությամբ դիմելու ենք նաեւ ՀՌՀ-ին՝ միջոցներ կիրառելու համար, ինչպես նաեւ հետագայում այս հանգամանքը օրենքով սահմանված կարգով քննարկման առարկա կդարձնենք»,-հավաստիացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ