Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՍԴՀԿ 135-ամյակի առիթով
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կուսակցության 135-ամյա հոբելյանի առիթով:
Կուսակցությունն իր երկարամյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:
Կարդացեք նաև
Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, մտավորականներ, ինչպիսիք են` Սմբատ Բյուրատը, Ստեփանոս Սափյան-Գուլյանը, Մեծն Մուրադը, Ատրպետը, Արամազը:
Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը:
Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 135-ամյա հոբելյանի առիթով՝ մաղթում եմ կուսակցաշինական բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն՝ հանուն Հայաստանի ժողովրդի և ողջ հայության:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ