Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնի հարաբերությունները Բաքվի հետ կտրուկ չեն վատթարանա. Deutsche Welle

Սեպտեմբեր 24,2022 13:02

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցը Երևան և Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատությունը ոչ միայն սպասելի դժգոհություն է առաջացրել Բաքվի պաշտոնական, այլև վերլուծական շրջանակներում, գրում է գերմանական Deutsche Welle-ն:

Դեմարշ Փելոսիին

Մինչ այժմ, ըստ փորձագետների գնահատականների, երկկողմ հարաբերություններն ավելի շուտ լավ էին, քան չեզոք (չնայած որ Պետդեպը պարբերաբար «մտահոգություն էր հայտնում», երբ Ադրբեջանի իշխանությունները ընդդիմությանը ճնշելու քայլեր էին ձեռնարկում): Բացի այդ, ԱՄՆ-ն Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ մինչև վերջերս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էր: Արդյո՞ք Փելոսիի այցը Հայաստան և նրա հայտարարությունները նշանակում են, որ Վաշինգտոնի վերաբերմունքը Բաքվի նկատմամբ փոխվում է: DW-ի զրուցակից վերլուծաբաններն այդպես չեն կարծում՝ զգուշացնելով, որ չի կարելի թերագնահատել տեղի ունեցածը:

Թերթը հիշեցնում է, որ 2022թ. սեպտեմբերի 18-ին ժամանելով Երևան, Նենսի Փելոսին հայտարարեց, որ «մենք Կոնգրեսի անունից» դատապարտում ենք «Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակումները», որոնք կասկածի տակ են դնում խաղաղության պայմանագրի իրականացման հեռանկարը, ինչպես նաև «ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ»:
Այդպիսով, Փելոսին փաստացի Ադրբեջանի վրա դրեց սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված արյունալի բախումների պատասխանատվությունը, որը Բաքուն անվանում է «պատասխան Երևանի կողմից «լայնածավալ սադրանքին»», իսկ Հայաստանը՝ ներխուժում Ադրբեջանի կողմից:

Պատճառը Կոնգրեսի ընտրություննե՞րն են, թե՞ ոչ միայն

Ադրբեջանում Փելոսիի հայտարարությունը հանրության շրջանում և լրատվամիջոցներում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց, իսկ ԱԳՆ-ն այն անվանեց «անհիմն և անարդարացի»: Ադրբեջանական կողմի պաշտոնական վարկածը հետևյալն է. Փելոսին պարզապես ցանկանում է սիրաշահել ԱՄՆ-ում հայկական լոբբիին նոյեմբերի 8-ին նախատեսվող Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ:

Նման բացատրության հետ համաձայն են նաև բազմաթիվ քաղաքագետներ Բաքվում: Նրանց խոսքով՝ Փելոսին և ընդհանրապես Դեմոկրատական կուսակցությունը «խաղում են ընտրողների զգացմունքների վրա» (այդ համատեքստում է հիշատակվում նաև Փելոսիի այցը Թայվան), և այդ ներքաղաքական հնարաքները որևէ ընդհանուր բան չունեն ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ: Բայց այնուամենայնիվ, բանը միայն ընտրությունները չեն, ենթադրում է քաղաքական վերլուծաբան Ահմել Ալիլին, կան նաև այլ պատճառներ: «44-օրյա պատերազմից հետո ԱՄՆ-ն հայտնվեց հակամարտության կարգավորման գործընթացից դուրս, կորցրեց հնարավորությունն ազդելու իրադարձությունների վրա և փորձում է այժմ դա վերադարձնել ցանկացած ձևով»:

Նրա գործընկեր Իլգար Վելիզադեն էլ մտավախություն է հայտնել, որ Վաշինգտոնի ձգտումը՝ օգտագործել Հայաստանը Ռուսաստանի և Չինաստանի հետ իր դիմակայության ընթացքում, կարող է ծանր նստել տարածաշրջանի վրա: «Եթե ԱՄՆ-ին հաջողվի խաղալ հայկական խաղաքարտով, դա կարող է ռազմական դիմակայության թատերաբեմ դարձնել նաև Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Մեր տարածաշրջանի համար դա հղի է լուրջ վտանգներով և չափազանգ վտանգավոր դիվիդենտներով: Պե՞տք է մեզ դա: Իհա՛րկե ոչ»,- ասել է նա:
Երկու փորձագետներն էլ նշում են, որ Փելոսիի «ոչ զուսպ» պահվածքի պատճառով ադրբեջանական հանրությունն այժմ մինչև հոգու խորքը վիրավորված է ԱՄՆ-ից, ինչը կարող է հանգեցնել օտարացման և խանգարել Բաքվի և Արևմուտքի մշակութային մերձեցմանն այսքան կարևոր պատմական պահին:

Բաքուն բավարար չափով գազ չունի

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության քաղաքական խորհրդական Էլդար Մամեդովը համաձայն չէ, որ Նենսի Փելոսիի հայտարարությունները բացառապես շահադիտական նպատակներ ունեն ընտրություններին ընդառաջ: Նրա կարծիքով՝ նրա ասածը միանգամայն տեղավորվում է անձնիշխանությունների դեմ ժողովրդավարություններին աջակցելու ԱՄՆ-ի կողմից մշտապես հայտարարվող դիրքորոշման մեջ: Այլ բան է, որ նախկինում Վաշինցտոնն իրեն թույլ չէր տալիս այդքան կտրուկ և միանշանակ քննադատություն Բաքվի հասցեին, իսկ հիմա հանկարծ անում է, և թերևս, դա նշանակում է, որ ԱՄՆ-ի աչքում Ադրբեջանն արդեն «համը հանում է»:

Ըստ վերլուծաբանների՝ Բաքվի հիմնական խաղաթուղթը, որը նրան թույլ է տալիս հուսալ, որ Արևմուտքը ոչ մի կերպ դեմ չի գնա Բաքվին, գազի արտահանումն է, որի կարիքն այսօր այդքան շատ ունի Եվրոպան՝ Ռուսաստանից գազի մատակարարումների կտրուկ նվազման պատճառով: Բայց Մամեդովի կարծիքով, այդ գործոնի նշանակությունը չափազանցված է: «Գազի ծավալները, որ կարող է առաջարկել Բաքուն, որևէ կերպ չեն կարող փոխարինել ռուսականին: Բացի այդ, ադրբեջանական գազի մատակարարումները դեռ միայն ծրագրվում են: Նշանակում է, հետ քաշվել՝ Ալիևին սրիրաշահելու համար՝ աչք փակելով նրա վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտումների և Հայաստանի հետ հակամարտության վրա, որևէ իմաստ չունի»,- ասել է Մամեդովը:

Այնուամենայնիվ, DW-ի զրուցակից փորձագետները համակարծիք են այն հարցում, որ Վաշինգտոնի հարաբերությունները Բաքվի հետ կտրուկ չեն վատթարանա, գոնե միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ն չի ցանկանա բարդացնել իր համար դասավորությունը տարածաշրջանում, երբ կարելի է վերջապես այն դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց:

Նման կանխատեսումը մասնակիորեն հաստատում է նաև սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Հայաստանը և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Ու չնայած այդ բանակցություններում էական որևէ բան չի ասվել, վերլուծաբանները դա դիտում են որպես ապացույց այն բանի, որ ԱՄՆ-ն պատրաստվում է վերադարձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդի իր դերը, եզրափակում է թերթը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930