Երեկ վերջապես հանրային քննարկման է ներկայացվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որի մշակումներն ընթանում են շուրջ մեկ տարի։ Սակայն նախագծում այնպիսի սողանցքներ են թողնվել, որոնք ընդդիմադիր շրջանակներում մտահոգությունների տեղիք են տվել։ Նախ նշենք, որ Սահմանադրության փոփոխություններով Արցախում մտադիր են վերափոխել կառավարման համակարգը՝ նախագահականից անցում կատարելով կիսանախագահական համակարգին։
Քանզի՝ «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հանրապետության նախագահն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում գործադիր իշխանության համար կրում է անհատական պատասխանատվություն: Գործադիր իշխանությունն իրականացվում է մեկ կենտրոնի՝ հանրապետության նախագահի կողմից: Հանդիսանալով Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավոր՝ նրա ձեռքում է կենտրոնացած ամբողջ գործադիր իշխանությունը: Նա է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Անվտանգության խորհրդի նախագահը, նա է ղեկավարում պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր եւ չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ հանրապետության նախագահի ձեռքում»,- նշված է նախագծում:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարծում է, որ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է առաջանալ իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ:
«Այսպես, հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել կառավարության անդամներին, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, հաշվի առնելով հանրապետության նախագահի եւ ԱԺ-ի կողմից լիազորությունների միաժամանակյա ստանձնումը, նախատեսված է հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում (հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու) հանրապետության նախագահի եւ ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջը: Նույն մեխանիզմը գործում է նաեւ Ազգային ժողովի արձակման դեպքում: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը եւ ընտրությունների արդյունքներով գործադիր իշխանության ղեկավար ու խորհրդարան կազմավորելը, պետական կառավարման համակարգը լիարժեք չի գործում, գործադիր իշխանությունը հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում «կաթվածահար» է լինում, պարարտ հող է նախապատրաստվում սահմանադրական ճգնաժամերի համար»,- ասված է նախագծում:
Կարդացեք նաև
Ուստի, հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին:
Այսպիսով՝ սահմանադրական նոր փոփոխությունները կյանքի կոչելուց հետո նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների գործընթացները միմյանցից տարանջատվելու են։ Մինչդեռ, գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականի պարագայում ԱԺ-ն արձակվում է, եւ 40 օրվա ընթացքում տեղի են ունենում նախագահական ու ԱԺ ընտրություններ։ Նախագծով սահմանվում է, որ 2023-ին կանցկացվեն խորհրդարանական, 2024-ին՝ նախագահական ընտրություններ։ Հիմա գանք նախագծում տեղ գտած նյուանսին, որում, ըստ լուրերի, Հայաստանի իշխանությունների մատն էլ է խառը։
Հրապարակված նախագծի անցումային դրույթներում ամրագրվել է նոր նորմ, որ մինչեւ նոր Սահմանադրության ընդունումը նախագահի պաշտոնավարման անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրում է Արցախի նախագահ, որն ունի նույն լիազորությունները եւ պետության գլուխ է համարվելու մինչեւ այն պահը, քանի դեռ նոր նախագահ չի ընտրվել։
Այս առաջարկը խորհրդարանական ընդդիմությունն է արել, որպեսզի եթե ինչ-ինչ պատճառներով մինչեւ 2024 թվականը՝ նախագահի նոր ընտրությունները, Արայիկ Հարությունյանին ստիպեն հրաժարական տալ, Արցախում անիշխանություն չառաջանա, ինչին երազում են Ադրբեջանում, քանզի այդ պարագայում կարող են դիմել սադրանքների ու գլխատած պահելով պետության գլուխը՝ փլուզել Արցախում պետական ինստիտուտները։
Սակայն նման ֆորս մաժորի դեպքում նախագծում չի սահմանվել, թե խորհրդարանն ում կարող է ընտրել նախագահի պաշտոնում, այստեղ չեն ամրագրվել նախագահի թեկնածուի համար սահմանված ցենզերը, որոնք առկա են սովորական ընտրությունների պարագայում, այն է` «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»։
Ֆորսմաժորային իրավիճակում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության համար ընդամենը ընթացակարգեր են սահմանված, սակայն ոչ թեկնածուի համար չափորոշիչներ, ինչը տարբեր մեկնաբանությունների դաշտ կարող է բացել։
Խորհրդարանի, դիցուք, իշխանական խմբակցությունը կարող է առաջադրել մեկի թեկնածությունը, ով ո՛չ վերջին հինգ տարվա մշտական բնակություն ունի, ո՛չ էլ միայն Արցախի քաղաքացիություն։ Իհարկե, ֆորսմաժորի դեպքում ընտրված նախագահը լինելու է ժամանակավոր, մինչեւ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանա, կամ եթե նման իրավիճակ առաջանա հիմա, ապա նա կպաշտոնավարի մինչեւ 2024 թվականը, երբ նշանակված են նախագահական նոր ընտրություններ։ Սակայն խնդիրն այն է, որ նա է, ըստ էության, կազմակերպելու նախագահական ընտրությունները, իսկ գաղտնիք չէ՝ ով կազմակերպում է, նա էլ անցկացնում է իր թեկնածուին։ Մեզ լուրեր են հասել, որ Նիկոլ Փաշինյանն այս նյուանսի միջոցով փորձելու է խաղարկել Ռուբեն Վարդանյանի տարբերակը` կհասնեն Արայիկ Հարությունյանի հրաժարականին, ապա խորհրդարանին կպարտադրեն, որ Ռուբեն Վարդանյանին ժամանակավոր վարչապետ ընտրեն, որպեսզի նոր ընտրություններով իր ուզած մարդուն նախագահ դարձնի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում