Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի հավանականությունը մեծ է, հատկապես Նախիջեւանի ուղղությամբ: Աշխարհի թիվ մեկ ամբիոնից ՀՀ վարչապետն ասաց, որ Ադրբեջանը բացահայտ հավակնություններ է ցուցաբերում ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ: Այդ տեղեկատվությունը պետք է ազդակ լինի Հարավային Կովկասում կայունությամբ շահագրգռված պետություններին եւ կառույցներին՝ հետագա ռազմական բախումները կանխելու ուղղությամբ գործնական քայլեր անելու համար:
Ադրբեջանի հերթական ագրեսիայի հավանականության մասին են խոսում նաեւ վերջին օրերին այդ երկրի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման փաստերը: Ինչպես 44-օրյա պատերազմի եւ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների նախաշեմին, այսօր էլ պաշտոնական Բաքուն կեղծ տեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական ուժերն են խախտել հրադադարի ռեժիմը: ՀՀ ինքնիշխան տարածքների սահմանների խախտման անթույլատրելիության մասին հայտնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր պետությունները եւ Իրանը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին, եւ հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: ԻԻՀ նախագահը կրկնել է, որ պետությունների տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է, եւ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի:
Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարեւոր է Իրանի համար: ՀՀ անկախության տոնի առթիվ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձում հայտնել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը եւ անվտանգությանը։ «Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ եւ խաղաղ ապագա, ինչը ներառում է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորում։ Հայտնում ենք մեր ցավակցությունը վերջին հարձակումների ժամանակ զոհերի կապակցությամբ»,- ասված է նրա ուղերձում:
Կարդացեք նաև
Այս ամենը, սակայն, հայտարարությունների մակարդակում են, իսկ իրականում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, հայկական օկուպացված տարածքներից հայտարարում, թե իրեն չեն կանգնեցնի ոչ մի զանգ ու միջնորդություն: Ստեղծված իրավիճակում սահմանային հետագա լարվածությունը կանխելու համար անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգային համակարգի ներդնում՝ սահմանին դիտորդների կամ տեխնիկական սարքավորումների տեղակայման միջոցով:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում