Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրանցի քաղաքագետի դիտարկումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 24,2022 10:20

Բելգիայում ապրող Փեյման Արեֆն Իրանի ադրբեջանցի է, ծնվել-մեծացել է Թավրիզ քաղաքում։ Իրավաբանության ու քաղաքագիտության դոկտոր է։ Նա ուսանողական տարիներից շատ ակտիվ է եղել, մասնացել է բողոքի ցույցերի, ինչի համար դատապարտվել է ազատազրկման։ Ապա արտագաղթել է Թուրքիա, մանավանդ որ լիովին տիրապետում է նաեւ խոսակցական թուրքերենի։ Սակայն առաջին օրվանից Թուրքիայի գաղտնի ծառայությունները նրան հանգիստ չեն տվել՝ ջանք չխնայելով հավաքագրել նրան, համոզել, որ թուրքախոսներն Իրանում երկրորդ կարգի քաղաքացիներ են եւ այլն։ Նա շեշտում է, որ Թուրքիայի ֆինանսավորմամբ այդ երկրում գործում են իրանցի թրքախոսների անջատողական տարաբնույթ կազմակերպություններ։ Ի վերջո, Արեֆին թուրքերը մեղադրում են իր հոդվածներում  Էրդողանին վիրավորելու համար։ Բայց քանի որ ՄԱԿ-ին ապաստան ստանալու դիմում էր ներկայացրել, նրան ձերբակալելու իրավունք չունեին, ուստի փողոցում բռնելով՝ վտարում են այդ երկրից։ Նա խորապես ուսումնասիրել է նաեւ այդ երկրի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը։

Արեֆը սեպտեմբերի 3-ին հրապարակել է «Միություն ընդդեմ Իրանի» բավական ծավալուն հոդվածը, որը կներկայացնենք կրճատումներով։ Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմին ու Թուրքիայի գլխավոր դերակատարմանը, որը կորոնավիրուսի տարածման թեժ պահերին, համատեղ զորավարժությունների անվան տակ, հսկայական զենք-զինամթերք էր կուտակել Ադրբեջանում՝ նախապատրաստվելով հարձակման։

Նշում է, որ շուրջ երկու ամիս անց Էրդողանի եւ «Արդարություն ու զարգացում» կուսակցության ջերմեռանդ ջատագով «Յենի Շաֆաք» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Իբրահիմ Քյարագյուլը, որ սերտ կապեր ունի կառավարության ու անվտանգության կառույցների հետ, հրապարակել էր մի հոդված, որում շեշտել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիան ու Ադրբեջանը կգրավեն, ինչն անվանել էր «Թուրանի ճանապարհ», սակայն դրան այն ժամանակ որեւէ մեկն ուշադրության չարժանացրեց։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը եւ ուժերի հավասարակշռության փոփոխություն Հարավային Կովկասում» ենթավերնագրի ներքո անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ նշելով, թե այն մինչեւ հոկտեմբերի կեսերը որոշ չափով ընթացել է հավասարակշիռ։ Սակայն Թուրքիայի ու Իսրայելի բազմակողմանի աջակցության, մյուս կողմից՝ Մոսկվայի ու Թեհրանի գոհունակությամբ շաղախված չեզոքության եւ Արեւմուտքի լիովին անգործունեության պատճառով Բաքուն ոչ միայն գրավեց 7 շրջանները, այլեւ Ղարաբաղի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Շուշին։

Ապա Արեֆը խոսել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին՝ նշելով, թե այդտեղ խոսվել է միայն Լաչինի միջանցքի մասին՝ հավելելով, որ դրա 9-րդ կետով Հայաստանը պարտավորվել է իր տարածքով Ադրբեջանին Նախիջեւանի հետ հաղորդակցվելու ճանապարհ տալ՝ ուղեւորներ եւ բեռներ փոխադրելու համար։ Թեեւ հիշյալ կետով բնավ չի խոսվել Սյունիքով միջանցք տրամադրելու մասին, սակայն ստորագրելու առաջին օրվանից Թուրքիայի իշխանական ու իշխանամետ ԶԼՄ-ները 9-րդ կետն այնպես են ներկայացրել, թե Երեւանը պարտավորվել է իր տարածքի մի հատվածը տալ Ադրբեջանին, որտեղ ստեղծվելու է «Թուրանի միջանցքը»։

Մինչդեռ Հայաստանը պնդում է, թե նման միջանցք ստեղծելու խոստում բնավ չի եղել։ «2021 թ. ամռանն Իրանի լուրջ մուտքը» ենթավերնագրով հատվածում Արեֆը նշել է, թե 2021 թ. ամռանը Ադրբեջանը, օգտվելով հանգամանքից, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկու երկրների միջեւ սահմանազատում չի եղել, ներխուժելով Հայաստանի տարածք՝ գրավել է Մեղրի-Կապան ճանապարհը, որպեսզի փակի Իրան-Հայաստան ռազմավարական կապը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930