Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԴ-ից Երեւան ավիափոխադրումներին մասնակցում է նաեւ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը

Սեպտեմբեր 24,2022 14:00

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ, մասնավորապես տղամարդիկ, շուտափույթ լքում են երկիրը։ Այդ մարդիկ չեն ցանկանում մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին, ուստի Պուտինի հայտարարությունից հետո հապճեպ փորձում են ավիատոմսեր գնել դեպի այն երկրներ, որոնց հետ վիզային ռեժիմ չի գործում։

Այս օրերին պատերազմից «փախչող» ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից են Ստամբուլն ու Երեւանը, Վրաստանի ուղղությունն էլ պահանջարկ ունի, բայց ոչ այնքան մեծ։ Ավիատոմսերի գները մի քանի ժամում շեշտակի աճել են։ Ընդ որում, գները ժամ առ ժամ են փոփոխվում, հասնում աստղաբաշխական գների։ Մինչ Պուտինի հայտարարությունը կամ օրինակ օգոստոս ամսին Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի ավիատոմսի գինը մոտ 100 հազար դրամ էր, իսկ վերջին երկու օրում որոշ դեպքերում դրանց գները հատեցին 1 միլիոն դրամի շեմը։

ՌԴ-ն լքողների շարքերում մեծ թվով հայեր կան, որոնք այդ երկրի քաղաքացիներ են, որոնք իհարկե, հասկանալի պատճառով պատրաստվում են գալ Հայաստան։

Մոսկվաբնակ հայազգի Արմենը, որը ՌԴ քաղաքացի է, «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է, որ միտք չուներ դուրս գալ երկրից, քանի որ Պուտինի հայտարարած մոբիլիզացիան վերաբերում էր այդ երկրի զինված ուժերում ծառայած անձանց, իսկ ինքը հայկական բանակում է ծառայել. «Հետո խոսակցություններ գնացին, որ կարող է ոչ մի բան հաշվի չառնեն ու մեծամասամբ այլ ազգի տղամարդկանց զորակոչեն։  Չեմ ուզում տպավորություն թողնեմ, որ դասալիք եմ, էս երկրում ապրել եմ, բիզնես դրել, ամուսնացել, տղաս էլ էստեղի քաղաքացի է, 17 տարեկան, ոնց որ ասում են՝ պարտք ունես քեզ ընդունած երկրին, բայց որ իմացանք, օրինակ շատ պաշտոնյաներ իրենց տղաներին փախցնում են, ես ու իմ նման լիքը մարդիկ էլ ինչի՞ նույնը չանե՞նք։ Մանավանդ, որ շատերս դեմ ենք էս պատերազմին»։

Արմենի ներկայացմամբ՝ շատերը կարծում էին, որ մոբիլազացիան վերաբերելու է ՌԴ ԶՈւ-ի պահեստազորայիններին, բայց կարծես «մարդաքանակի» խնդիր է առաջանալու։ Նա ասում է, որ իր շրջապատից ե՛ւ ռուսներ, ե՛ւ հայեր ու հրեաներ այս օրերին շուտափույթ կերպով ավիատոմսեր են գնել, անգամ գներին էլ չեն նայել, շտապում են դուրս գալ Ռուսաստանից։

Արմենը հազիվ է կարողացել տոմս գնել, այն էլ ոչ ուղիղ չվերթով. «Օնլայն տոմս գնելիս երբ ստուգում ես, տեսնում ես՝ տոմսն առկա է, փորձում ես գնել, մի քանի րոպե ուշացնում ես՝ տոմսը չկա, արդեն մեկ ուրիշը գնել է։ Ես սեպտեմբերի 25-ի չվերթի համար տոմս գտա, 2100 դոլարանոց, մի ուղղությամբ ու մեկ անձի համար։ 12 ժամ է տեւելու մեր թռիչքը, «պերեսադկայով»՝ Մոսկվա-Բահրեյն-Կահիրե-Դոհա-Երեւան։ Եղածների մեջից համեմատաբար էժան տոմսն էր, գոնե էդ պահին»։ Ասում է՝ դեռ չգիտի, թե ինչ կանի Հայաստան գալուց հետո, Արագածոտնի մարզում հայրական տունն է, սկզբում այնտեղ կապրեն ընտանիքով։ Ասում է՝ դեռ չի կարողացել ռուսական բանկից խնայողությունները հանել։

Ենթադրվում է, որ առաջիկա օրերին մեծ թվով ՌԴ քաղաքացիներ կայցելեն եւ ժամանակավոր կհաստատվեն Հայաստանում, քանի որ մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո ռուսական մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են, կան բազմաթիվ ձերբակալվածներ, ցույցի մասնակիցներից շատերին զինկոմիսարիատներից ծանուցումներ են ուղարկվել։

Հայկական սոցցանցային երեկվա թոփ թեմաներից էր Մոսկվա-Երեւան  ավիատոմսերի գները։ Շրջանառվում էր նույնիսկ 11 հազար դոլարանոց ավիատոմսի լուսանկարը։

Ուշագրավ է, որ ռուսաստանցիներին դեպի Երեւան տեղափոխող ավիաթռիչքներին մասնակցում է նաեւ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը, որն առաջարկում է Մոսկվա-Բաքու-Դուբայ-Երեւան, Մոսկվա-Բաքու-Թել Ավիվ-Վիեննա-Երեւան, Մոսկվա-Բաքու-Թբիլիսի-Երեւան տարանցիկ չվերթները՝ 1676-ից մինչեւ 2085 դոլարով։ Իհարկե, այս ավիաընկերության ինքնաթիռն ուղիղ Երեւան չի թռչում, ասենք՝ ուղեւորները հասնելով Վիեննա կամ Դուբայ, ճանապարհը շարունակում են մեկ այլ ավիաընկերության ինքնաթիռով։

Ռուսաստանից չվերթներ են իրականացնում մի շարք ավիաընկերություններ, այդ թվում՝ հայկական։

Երեկ կեսօրին Մոսկվա-Երեւան ավիատոմսերի արժեքը տատանվում էր 364 հազար դրամից մինչեւ 580 հազար դրամ՝ սեպտեմբերի 24-ի համար։ Իսկ օրինակ սեպտեմբերի 27-30-ին՝ մի փոքր ավելի էժան։ Ընդ որում, էժան տոմսերով թռիչքները ռուսական ավիաընկերություններն առաջարկում էին տարանցիկ ճանապարհով, ասենք՝  Մոսկվա-Չելյաբինսկ-Երեւան։ Երեկ, ըստ առցանց ավիատոմսերի վաճառքով զբաղվող` aviasales.ru-ի, կեսօրից հետո տոմսերի գները կտրուկ տատանվում էին, հասնելով մինչեւ 1 մլն 200 հազարի եւ ավելի։ Գները վերաբերում են մինչեւ սեպտեմբերի 30-ի թռիչքներին։ Իսկ Սանկտ-Պետերբուրգ քաղաքից Երեւան ավիատոմսի արժեքը 1 մլն 742 հազար դրամ էր, առաջարկը՝ ռուսական ավիաընկերությունների։

Այս թանկացումներից օգտվեց նաեւ ԱՆԻՖ-ի եւ «Էյր Արաբիա»-ի համատեղ հիմնադրած Հայաստանի ազգային ավիաընկերությունը՝ «FlyArna»-ն, որը եւս իրականացնում է Մոսկվա-Երեւան ավիափոխադրումներ, նշված ուղղությամբ այս ընկերության ավիատոմսերի արժեքը 522 հազար դրամ էր սեպտեմբերի 27-ի համար։

«Fly One Armenia»-ն, որի բաժնեմասի 54%-ը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված անձանց, եւս ահագին թանկացրել է Մոսկվա-Երեւան ավիատոմսերի արժեքը։ Սեպետմբերի 25-ի համար նախատեսված «Fly One Armenia»-ի՝ Մոսկվա-Երեւան ավիատոմսը վաճառվում էր 4464 դոլարով՝ մոտ 1մլն 920 հազար դրամով։ Այս ավիաընկերությունը գրեթե նույն գնով ավիատոմս է առաջարկում Մոսկվա-Երեւան-Թբիլիսի  չվերթի համար։

«Շիրակ ավիա»-ն էլ «համեստ» չէ. Մոսկվայից ուղիղ Երեւան առաջարկում է թռչել 1 մլն 225 հազար դրամով։

Դեպի Վրաստան չվերթներն էլ տարբեր օրերին տարբեր արժեքի են։ Մոսկվայից վրացական Քութաիսի հասնելու համար «Wizz Air»-ը առաջարկում է 6532 դոլարանոց ավիատոմս տարանցիկ ճանապարհով՝ Մոսկվա-Երեւան-Աբու-Դաբի-Քութաիսի։

Ռուսաստանից Հայաստան եւ Վրաստան մարդկանց հոսքը միայն օդային ճանապարհով չէ, ՌԴ-Վրաստան սահմանային կետերում մեծ հերթեր են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930