Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ մեղադրանքում արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով

Սեպտեմբեր 24,2022 13:00

Դեռ տարին չի ավարտվել, եւ մեր ձեռքի տակ չունենք ամփոփիչ տվյալներ արդարացումների վերաբերյալ, բայց տեսանելի շատացել են արդարացումները մեր դատարաններում: Այդ մասին բարձրաձայնում են նաեւ փաստաբանները սոցիալական ցանցերի իրենց էջերում: Կան փաստաբաններ, որոնք արդեն իրենց հինգերորդ պաշտպանյալի արդարացման մասին են տեղեկացնում,  իսկ դա խոսուն թիվ է:

Ավարտվեց մի գործ, որ դատարանում էր 2019 թվականից: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի (լուսանկարում) դատավճռով Սուղյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Սեւակ Սուղյանը 2019 թվականի օգոստոսի 14-ին  կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի՝ 10.000.000 ՀՀ դրամ գումարի խարդախության փորձ, ինչն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներով:

Սուղյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝  նախնական դիտավորությամբ նա իրականությունը խեղաթյուրելու եղանակով, ընկերոջ ավտոմեքենայով վթարի իմիտացիա՝  ձեւացում  էր կազմակերպել, ապա «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցադիմում  ներկայացրել: Սակայն ընկերությունը որոշում է կայացրել ապահովագրական հատուցումը մերժելու մասին:

Այնուհետեւ Ֆինանսական համակարգի հաշտարարին է ներկայացվել պահանջ-դիմում՝ ընդհանուրը 10.000.000 ՀՀ դրամ գումարի չափով ապահովագրական հատուցում իրականացնելու մասին, որը նույնպես մերժվել է, քանի որ վարորդի կողմից ներկայացված տվյալները չեն համապատասխանել տվյալ պատահարի առաջացման իրական մեխանիզմին:

Այսինքն, Սուղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ կատարելու մեջ մեղադրվող Սեւակ  Սուղյանն արդարացվել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930