Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկացել եմ, որ նկարչության մեջ կոմպոզիտոր եմ»

Սեպտեմբեր 24,2022 12:30

Իսպանաբնակ նկարիչ Համլետ Սարգսյանը` արվեստում իր մագիայի մասին

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի նկարիչների միությունում  կբացվի իսպանաբնակ նկարիչ Համլետ Սարգսյանի «Լինել, թե չլինել» խորագրով ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 7-ը: «Առավոտի» հետ զրույցում նախագծի ղեկավար Դավիթ Խաչատրյանը նշեց, որ Համլետ Սարգսյանը 22 տարի է՝ ստեղծագործում է Իսպանիայում, եւ սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն է հայրենիքում, իսկ դրսում 4 անհատական ցուցահանդես է ունեցել:

Համլետ Սարգսյանը տեղեկացրեց, որ երեւանյան ցուցահանդեսում հիմնականում վերջին շրջանի ստեղծագործություններն են ամփոփված լինելու, որոնք սյուրռեալիստական աշխատանքներ են. «180 աստիճան պտտվում են, ու փոխվում է եւ պատկերը, եւ թեմատիկան»: Այսինքն՝  գործում է 180 աստիճանի ձեւափոխող պատրանքը: Նկարիչն ասում է՝ ազդվել է Դալիից, բայց իր ուրույն ոճն ունի: Համլետ Սարգսյանը պատմում է, թե ինչպես իրականացրեց առաջին ցուցահանդեսը Ասպեիտիայում, որն ինքնավար համայնք է բասկերի երկրում: Ժպտում է. «Խաղային մի բան արեցի, որը նոր էր»: Ասում է` սկզբում ընդամենը 8 կտավ ուներ, որոնցով որոշեց ներկայանալ: Ու առաջին ցուցահանդեսին, որ կոչվում էր «Զարմացնող ցուցահանդես, Համլետ 180 աստիճան», շեշտել է նաեւ հոր անունը` Ռազմիկ, քանի որ հայրը շատ էր ուզում, որ նկարիչ դառնա:


Համլետ Սարգսյանը Թերլեմեզյանի անվան արվեստի քոլեջի սան է եղել, ավարտել է փայտի գեղարվեստական մշակման բաժինը: Ասում է` այն ժամանակ ավելի շատ կոմպոզիցիան էր իրենց մոտ շեշտադրված եւ սեւուսպիտակի «խաղը», նաեւ հայկական զարդարվեստի նրբությունները, ու աբստրակցիայով հետաքրքրված չի եղել: «Հետո, բախտի բերմամբ, թե ոնց, ես  նկարիչ դարձա, եւ հասկացել եմ, որ նկարչության մեջ կոմպոզիտոր եմ»,-նշում է մեր զրուցակիցը ու տարբեր դրվագներ պատմում իր յուրահատուկ ստեղծագործական կյանքից:


Օրինակ, թե ինչպես է նկարներից մեկը, մի ինքնադիմանկար, ձախով նկարել: Ասում է՝ ցանկացել է ինքն իրեն ապացուցել, որ ոչ թե մարդու ձեռքերը պետք է ոսկի համարել, այլ գիտակցել, որ ուղեղն է աշխատեցնում ձեռքերը. «Ի դեպ, եթե պահի տակ փորձում էի աջով նկարել, ստոպ էր լինում»: Համլետ Սարգսյանն իրեն հաջողակ մարդ ու նկարիչ է համարում. «Փորձություններից հետո ինձ տրվել է մի բան, որ ոնց որ մանանա լինի, ես այն քիչ երջանիկներից մեկն եմ, որ  բռնել եմ այդ մանանան ու նկարում եմ… Ու հենց 180 աստիճան պտտելու, թեմատիկան փոխելու գաղափարը, փիլիսոփայությունն է ամենաշատն ինձ պահում նկարչության մեջ… »:


Հիշում է, թե ինչպես է հորեղբայրը իրեն նվիրել Այվազովսկու մասին մի  գիրք, որտեղից հատկապես մի միտք է տպավորվել, թե ինչպես են ժամանակին նկարիչներին կախարդներ անվանել. «Իսկապես, Այվազովսկին եղել է իր ժամանակի ամենամեծ կախարդներից մեկը, որ ալիք է կանգնեցրել:  Հիմա 21-րդ դարում մտածում ես` նկարիչն ի՞նչ կախարդություն կարող է անել… 180 աստիճանի պարագայում էլ ես եմ մագիա անում, ես էլ այդպես եմ կախարդում: Ու ընդհանրապես ամեն մեկն իր կախարդությունն ունի»: Ուրախ է, որ Թերլեմեզյանում չեն սովորեցրել սիրուն նկարել, սաների մեջ սերմանել են, որ կարեւորը գաղափարն է:

Քանի որ բասկերի մեջ է ապրում, հարցրինք հայերի ու բասկերի ընդհանրություններից: Կատակով հետեւյալը նշեց. «Հայերից «փախա», ընկա «հայերի» մեջ: Երբեք չէի մտածում, որ այնտեղ կհայտնվեմ, մտածում էի, որ անունս Համլետ է, գուցե Դանիա գնամ»:

Մեր հարցին` ինչ ակնկալիքներ ունի երեւանյան ցուցահանդեսից, Համլետ Սարգսյանն  ասում է, որ մի քանի տասնամյակ ստեղծագործում է, բնականաբար՝ ուզում է նաեւ հայրենիքում ցուցադրվել. «Ցավոք, այսօր դժվար ժամանակներ են, անգամ պահ է եղել, որ մտածել եմ՝  գուցե ցուցահանդեսը չկայանա, բայց դա նույնը կլիներ, ոնց որ մարդ հղիանա ու չծննդաբերի, ինչ է թե պատերազմ է…»:


Արվեստագետը եւ նախագծի տնօրեն Դավիթ Խաչատրյանը շեշտեցին, որ ցուցահանդեսը նաեւ բարեգործական բաղադրիչ ունի: Նկարների վաճառքի դեպքում գումարի որոշ մասը կուղղվի պատերազմի պատճառով տուժած տղաներին աջակցելուն:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը: Քանի որ Իսպանիայում եւս` Տիբիդաբոյում նման խոշորամասշտաբ Հիսուս կա, հարցրինք՝ ինչպե՞ս է  վերաբերվում կրկնօրինակմանը:


«Իբրեւ առաջին քրիստոնյա ազգ, կուզենայի ավելի ինքնատիպ մի բան անեինք, ոչ թե կրկնվեինք… Ամենակարեւորը պետք է ճանապարհներ սարքեինք, որ մարդիկ գնային, օրինակ, ճգնավորների խցերը տեսնեին, թե չէ այսօր Հիսուս Քրիստոսի արձանով աշխարհին չես զարմացնի, հատկապես որ մի քանի երկրում այդպիսի արձան արդեն կա»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցազրույցի վերջում նա ասաց, որ այժմ խաղաղության ու քաոսին վերջ դնելու մասին է երազում, ու հույս ունի, որ արվեստը գլոբալ առումով կբարիացնի մարդկանց: Ինչ վերաբերում է արվեստագետներին, նկարչի համոզմամբ, արվեստում էլ է գործում  «Տվողին Աստված տալիս է» սկզբունքը, եթե, իհարկե, ազնիվ ես քո արվեստում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930