Հարգելի հայրենակիցներ,
Մեր պետության անկախացումից ի վեր մենք ապրում ենք մեր երկրի համար ամենադժվարին ժամանակահատվածներից մեկը, որն օր օրի ավելի է սրվում։ Սեպտեմբերի 13-ին թշնամու հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածք հերթական անգամ խլեց մեզանից լավագույնների կյանքը, նրանց, ովքեր կանգնեցրեցին թշնամու առաջխաղացումը։ Հավերժ պարտական ենք ․․․
Այս պայմաններում իշխանությունները չչեղարկեցին սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Եվ որքան էլ որ մեր կուսակցությունը դադարեցրեց ակտիվ քարոզարշավը, մենք պարտավոր ենք մասնակցել, թերևս, էլ ավելի մեծ ուժով և վճռականությամբ, քան երբևէ։ Կուսակցության ստեղծումից ի վեր, արժևորելով տեղական ինքնակառավարման մարմիններին մեր մասնակցությունը և համայնքների զարգացումը, մենք նաև հստակ առաքելություն ենք ստանձնել՝ տեղերում իրականացնել իշխանության փոփոխություն՝ այդ կերպ ազատելով Հայաստանի համայնքները ներկաների և նախկինների անպտուղ և կործանարար առճակատումից։ Մենք հնարավորություն ենք տալիս մեր հայրենակիցներին իրենց համայնքներում վճռական ՈՉ ասելու այսօրվա փնթիությանն ու անիշխանությանը՝ առանց անցյալի արատավոր երևույթների վերադարձի վախերի։ Ու նաև դրա համար ենք ստանում մեր հայրենակիցների աջակցությունը համայնքներում։
Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրությունների վերջին փուլն է։ Մենք մասնակցության հայտ ենք ներկայացրել 6 համայնքներում՝ Ալավերդի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Թալին, Չարենցավան, Սիսիան։ Բոլոր այս համայնքներում մեր հիմնական մրցակիցը գործող իշխանության քաղաքական ուժն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ուրեմն, հարց է առաջանում՝ էլ ի՞նչ կասկածներ ունեք, թե ում ընտրել, եթե ամեն անգամ մեզ ասում եք՝ ինչպե՞ս ազատվենք այս իշխանություններից։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցությունը ձեր համայնքներում ներկայացված է լավագույն թեկնածուներով։ Այդպիսի ընտրությունը ձեզ հնարավորություն կտա ունենալ և ազատվել այսօրվա իշխանությունից, և ունենալ լավագույն համայնքապետերը՝ օժտված կարողություններով և իրենց համայնքների զարգացմանը աներեր նվիրումով։
Ուրեմն, էլ մեզ մի՛ հարցրեք՝ ինչպե՞ս ազատվենք այս իշխանություններից կամ իսկ դուք ի՞նչ եք անում, որ ազատվենք այս իշխանություններից։ Մենք հենց սա՛ ենք անում՝ լավագույն կադրերով տեղերում ստեղծում ենք իշխանափոխության հնարավորություն։
Սեպտեմբերի 25-ը հենց այդ օրն է։ Դուք, սիրելի՛ հայրենակիցներ, հենց ձեր ձեռքով, ձեր ընտրությամբ պետք է ազատեք ձեր համայնքը իշխանությունների անընդունելի քաղաքականությունից՝ տեղերում ձեր գնահատականը տալով և ձեր անհամաձայնությունը հայտնելով այն ամենին, ինչ տեղի է ունենում մեզ հետ, մեր երկրում։ Սրանք համամասնական, ինչը նշանակում է՝ քաղաքական ընտրություններ են, ու էլ արդարացումներ չփնտրեք սխալ ընտրություն կատարելու համար։
Սեպտեմբերի 25-ին գնացե՛ք ընտրական տեղամասեր, ընտրեք 18 ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ՝ մեր կուսակցության ձեր համայնքի ղեկավարի թեկնածուին, ձեր մեկ թանկագին քվեով անվստահություն հայտնեք այսօրվա իշխանություններին՝ ունենալով ապրելու համայնքներ՝ զերծ թալանից և անպատասխանատվությունից։
Թույլ չտաք, որ ձեր համայնքին ասեն՝ էսքանից հետո ոնց էլի գնացին ընտրեցին ․․․ Որոշողը ձեզանից յուրաքանչյուրն է, որոշողը հենց դու ես, ուրիշ ոչ ոք։
Մաղթում եմ ձեզ գիտակցված և արժանապատիվ ընտրություն սեպտեմբերի 25-ին, իսկ մեր երկրին՝ խաղաղություն․․․
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Մանե Թանդիլյան