Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՛, քաջարանցին պիտի լավ ապրի, եւ վե՛րջ»․Մանվել Փարամազյան

Սեպտեմբեր 23,2022 23:13

Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված «Դեպի միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը Aravot.am-ի հետ զրույցում իրականացված քարոզարշավը նորմալ է գնահատում։  Հասցրել է հանդիպել ընտրողներին, լսել նրանց։ «Հայրենասիրական, քրիստոնեական մարդկային արժեքների ուղղությամբ էր մեր քարոզարշավը»,-ասում է Մանվել Փարամազյանը։

Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ, Մանվել Փարամազյանն ընդհատեց քարոզարշավը։ «Ավագանու թեկնածուներով, քաջարանցի կամավորներով մեկնեցինք առաջնագիծ։ Կրկին ականատեսն եղա մեր զինվորների անօրինակ հերոսականությանը: Բառերով անհնար է փոխանցել տեսածս, ապրածս ու զգացածս: Կարծում եմ դեռ առիթներ կունենամ խոսելու այս մասին»,-մեզ հետ զրույցում նշում է Մանվել Փարամազյանը։

Չնայած նախընտրական ծրագրում երկրի ու համայնքի անվտանգությանն ուղղված միջոցառումներ կան, բայց սեպտեմբերի 13-ից հետո մեկ անգամ եւս համոզվեց, որ դրանք օրակարգում առանցքային տեղում պիտի լինեն։ «Այսուհետեւ մեր բոլոր նպատակներն ու ծրագրերն առաջնահերթ պիտի ուղղված լինեն անվտանգությանը»,-մեկ անգամ եւս շեշտում է պատերազմների բովով անցած համայնքապետը։

Սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը, ըստ Մանվել Փարամազյանի, ոչ թե պարզապես համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ են ընտրելու, այլ նաեւ մի քանի հարցերի պատասխան կստանան։ «Կորոշենք, թե ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում: Ինչպե՞ս, ի՞նչ թիմով, ի՞նչ գաղափարախոսությամբ»,-ասում է նա։

Մանվել Փարամազյանի խոսքով՝ աստծո կամոք, քաջարանցիների վստահության ու իրենց միասնության շնորհիվ այսօր, պատվախնդրությամբ ու բաց ճակատով է կանգնած քաջարանցու առջեւ ։ «Արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի արդարացնեմ ձեր հույսերն ու սպասելիքները, թեթեւացնեմ ձեր հոգսը, շենացնեմ մեր համայնքը։ Այո,՛ քաջարանցին պիտի լավ ապրի, եւ վե՛րջ։ Դեպի միասնություն՝ հանուն Քաջարանի»»,-իր տեսաուղերձում դիմելով Քաջարան համայնքի ընտրողներին ասում է Մանվել Փարամազյանը։

Նշենք, որ «Դեպի միասնություն» դաշինքի ընտրացուցակում 45 թեկնածու կա։ Ցուցակը գլխավորող Մանվել Փարամազյանին հաջորդում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ջրապտուտային պոմպակայանի պետի տեղակալ Կարեն Համբարձումյանն ու ԶՊՄԿ-ի համակարգչային օպերատոր Արեւիկ Հայրապետյանը։

Բացի «Դեպի միասնություն» դաշինքից, Քաջարանի ավագանու ընտրություններին առաջադրվել են նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Կառավարող ուժի ցուցակը գլխավորում է Արմեն Առաքելյանը, իսկ «Հանրապետությանը»՝ Վարդան Գեւորգյանը։

Լուսանկարները թեկնածուի ֆեյսբուքյան էջից:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930