Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճախորդներ չկան, երաժշտություն որևէ տեղ, գոնե Գյումրիում չի հնչում»․ ռեստորանային պատկեր

Սեպտեմբեր 23,2022 22:30

Գյումրու պատմական կենտրոնում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կատարած ագրեսիվ հարձակման պատճառով վերջին մի շաբաթվա ընթացքում եվրոպական մի քանի զբոսաշրջային ընկերություններ չեղարկել են 7-8 խմբերի այցը Հայաստան, մասնավորապես Գյումրի։

Ըստ Վարդան Սրտաշյանի, նրանք իրենց հյուրանոցում սենյակներ էին պատվիրել՝ նախքան այս լարված իրավիճակի ստեղծումը։

«Վերջին իրադարձությունները մեկ անգամ ևս ապացուցեցին իմ կողմից բազմիցս հնչեցրած այն խոսքերը, թե պատերազմող երկրում զբոսաշրջությունն առաջնահերթ պետական ոլորտ չպիտի դարձնել։ Հենց այս պահին ռեստորանատերերը կանգնած են լուրջ խնդրի առաջ․ հաճախորդներ չկան։ Բնական է, մարդկային բարոյական նորմերից ելնելով՝  երաժշտություն որևէ տեղ, գոնե Գյումրիում չի հնչում, ու մարդիկ կերուխումի ռեժիմից դուրս են եկել։

Վարդան Սրտաշյան

Բնական է, որ զբոսաշրջիկների հոսքը Հայաստան պիտի նվազեր, որովհետև ոչ մեկը չի ցանկանա մեկնել պատերազմող երկիր։ Նրանք չեն ցանկանում մանրանալ, թե պատերազմը, որ ողղությամբ է, որ մարզում է։ Կոնկրետ մեր էլփոստին զբոսաշրջային ընկերություններից բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստացել, որոնք տեղեկացնում են այցը չեղարկելու մասին, քանի որ, նրանց մեկնաբանմամբ, Հայաստանը դարձյալ ընկել է կարմիր գոտու մեջ։

Որևէ եվրոպական երկիր իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստան։ Զբոսաշրջության մասին խոսելն անիմաստ է, մենք գործ ունենք վերջին տարիների 4-րդ լուրջ ճգնաժամի մեջ, որը ոլորտը ցնցելու է ու մեծ հարց է, թե ոնց ենք դուրս գալու այս ամենի տակից»։

Ըստ նրա, ուրախ առիթներ գրեթե չեն նշվում կամ նշվում են նեղ բարեկամական շրջապատում՝ առանց քեֆ-ուրախության, հարսանիքներ ևս չեն անում։

Վարդան Սրտաշյանը նախքան Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կատարած ագրեսիվ հարձակումը, Aravot.am-ի հետ զրուցելով Գյումրու զբոսաշրջային առանձնահատկությունների մասին, ասել էր․ «Ես բազմիցս ասել եմ ու նորից եմ կրկնում՝ իհարկե, շատ կարևոր է զբոսաշրջությունը զարգացնել, բայց այն IT-ի հետ համատեղ առաջնահերթ պետական ոլորտ համարել, ինձ թվում է՝ աբսուրդ է։ Ամեն պահի մեր տարածաշրջանում կա նոր պատերազմի վտանգ ու մի պայթյունից հետո ոչ մի զբոսաշրջիկ ոտք չի դնելու Հայաստան։ Ու այն մարդիկ, որոնք վարկեր են վերցրել, իրենց գումարը ներդրել են զբոսաշրջության մեջ, կանգնելու են լուրջ խնդրի առաջ։

Պատահական չէ՝ թե՛ ռուսական, թե՛ եվրոպական որոշակի կազմակերպությունների կողմից գրանտային ծրագրերի ու նվիրաբերությունների մեծ հոսքը մեր երկիր, որովհետև տուրիզմի վրա նստած ժողովուրդը, պետությունը, որն առաջնահերթ դրան է տեղ տալիս, ժողովրդական լեզվով ասած՝ իր վզին թոկ ունի գցած, գտնվում է ուրիշի ձեռքերում և ցանկացած պահի կարող է ենթարկվել արտաքին ճնշման։

Իհարկե, շատ կարևոր է, որ ոլորտը զարգանա, մենք, լինելով այս ոլորտում, ինքներս մեզ խոստովանում ենք, որ պետությունը շատ ավելի մտածի նյութական արտադրության և արդյունաբերական հենք ունեցող ձեռնարկություններ ստեղծելու, քան սպասարկման ոլորտի մասին, որը կարող է և ճգնաժամի մեջ գցել ողջ պետությանը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գյումրու լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930