Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները շտապում են․ մի քանի ժամից քարոզարշավը ավարտվում է եւ քիչ ժամանակ է մնում հանդիպելու ընտրողներին։ Կառավարող ուժի ընտրացուցակը գլխավորում է գործարար Արմեն Առաքելյանը։
Ցուցակի 8-րդ հորիզոնականում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ՀԾԲ ղեկավար Սպարտակ Սողոմոնյանը ցուցակի առաջնորդի հետ վերջին ճշգրտումներն է անում։ Հետո պիտի հասցնի նկարահանվել վերջին տեսաուղերձում։
Սեպտեմբերի 13-ից, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով դադարեցրել էին քարոզարշավը։ Համայնքի գյուղական բոլոր բնակավայրերում հասցրել են լինել։ «Գյուղական բնակավայրերում ջերմ ընդունում էին մեզ, բարձրացնում հետաքրքրող հարցերը, առաջարկներ էին անում։ Իհարկե, ոգեւորիչ է, որ ընտրողը քեզ վստահում է, հույսեր է կապում։ Ափսոսում եմ, որ չհասցրինք հանդիպել Քաջարան քաղաքի ընտրողների հետ։ Քվեարկությունից հետո կարծում եմ, հնարավորություն կունենանք շփվել քաջարանցիների հետ»,-ասում է Արմեն Առաքելյանը։ Չի սիրում բարձրաձայնել արած գործերը, մանավանդ անվտանգության ու բանակաշինության համար արված ծրագրերը։ Դա իր սկզբունքներին դեմ է։
Քարոզարշավը, ըստ Արմեն Առաքելյանի՝ բնականոն է անցել։ Եթե չստանան ընտրողների քվեների 50+1-ը, Առաքելյանը պատրաստ է շնորհավորել հաղթող ուժին։ «Քվեարկությունից հետո ապրելու ենք նույն համայնքում, բոլոր ուժերի թեկնածուներին էլ հանդիպելու եմ։ Չնայած մենք եկել ենք հաղթելու համար, բայց կշնորհավորեմ հաղթող ուժին, պատրաստ ենք մեր ծրագրով կանգնել մեր համայնքի կողքին»,-ասում է Արմեն Առաքելյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում 45 թեկնածու է, իսկ առաջին եռյակում, բացի Արմեն Առաքելյանից, ԶՊՄԿ-ի ավտոգրեյդավար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Համլետ Ալավերդյանն ու բիզնես-խորհրդատու, անկուսակցական Անի Խաչյանն են։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ամփոփելով քարոզարշավը՝ հայտարարություն է տարածել։ «Հաջողություն ենք մաղթում մեր համայնքի բնակիչների վստահության քվեին արժանանալու համար նախընտրական մարաթոնի բոլոր մասնակիցներին, ակնկալում ենք սկզբունքային ու կոռեկտ պայքար նաեւ ընտրությունների օրը: Չմոռանանք, որ մեր առջեւ ծառացած այսօրվա հրամայականը միասնականությունն ու համախմբվածությունն է: Թող հաղթի արժանավորը։ Միաժամանակ շնորհավորում ենք բոլոր մրցակիցներին, համոզված լինելով, որ Քաջարան համայնքի բնակիչների վստահությանն արժանանալը, լեռնագործների ոստանն առաջնորդելը անսահման վստահություն ու բարձր պատիվ է։
Երախտագիտություն ենք հայտնում մեր թիմի ավագանու անխտիր բոլոր թեկնածուներին հրաշալի աշխատանքի, լավագույն ձեռնարկումների, քաղաքակիրթ ու արժանավայել, պատասխանատու պահվածքի, Քաջարանի նկատմամբ անմնացորդ նվիրումի համար եւ հավատում, որ նման մարդկանց առաջնորդությամբ Քաջարանում իրոք ԱՊԱԳԱ ԿԱ։
Թող հաղթեն Քաջարանն ու քաջարանցին»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Ավելացնենք, որ բացի «Քաղաքացիական պայմանագրից», Քաջարան համայնքի ավագանու անդամի ընտրություններին առաջադրվել են «Դեպի միասնություն» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Մանվել Փարամազյանը եւ «Հանրապետություն» կուսակցությունը։ Վերջինիս ընտրացուցակը գլխավորում է Վարդան Գեւորգյանը։
Լուսանկարները՝ թեկնածուի ֆեյսբուքյան էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ