Այսօր ժամը 17․00-ի սահմաններում ֆեյսբուք սոցիալական ցանցում գյումրեցի մի քանի օգտատերեր գրառումներ կատարեցին՝ տեղեկացնելով, որ Գյումրիում կրակոցներ են հնչում։ Նրանք անհանգստացած հարցնում էին՝ ո՞վ կիմանա, ի՞նչ է կատարվում քաղաքում։
Օգտատերերից ոմանք պնդում էին, որ կրակոցի ձայները լսել են Գյումրու կենտրոնական հատվածից, ոմանք էլ՝ ծայրամասային թաղամասերից։
Խուճապին վերջ դնելու նպատակով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան փոխանցել է, որ զորավարժանքներ են անցկացվում և հորդորել խուճապի չմատնվել։
Անցած ուրբաթ ևս կրակոցի ձայներ էին լսվել Գյումրիում, լրատվամիջոցները պարզել էին, որ ռազմաբազայում զորավարժություններ են անցկացվում։
Կարդացեք նաև
Գյումրու համայնքապետարանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց ռուսական 102-րդ ռազմաբազայի պաշտոնական պարզաբանումը, որով նախազգուշացնում են հետևյալը․
«Հարգելի համաքաղաքացիներ,
Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ:
Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ