Արմեն Գեւորգյանի հայտարարությունն Իզմիրում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հայտարարությամբ է հանդես եկել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:
«Հարգելի՛ նախագահող, հանձնաժողովի հարգելի՛ անդամներ, որպես տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող՝ իմ առաջին հայտարարության մեջ կցանկանայի ուրվագծել այն հիմնական խնդիրները, որոնց վրա մտադիր եմ կենտրոնանալ:
Գործընկերնե՛ր, ինչպես գիտեք, COVID-19-ը, մեծ մարտահրավեր հանդիսանալով ամբողջ մարդկության համար, առանձնահատուկ խնդիր էր դարձել նաեւ Եվրոպայի խորհրդի համար: Նկատի ունեմ մեր աշխատանքի սահմանափակումները, որոնք միանշանակ նվազեցրել են կազմակերպության ներսում փոխգործակցության մակարդակը: Անհրաժեշտ կլինի տեղական ժողովրդավարության հարցերի առումով նոր թափ հաղորդել Եվրոպայի խորհրդի ինստիտուտների համատեղ աշխատանքին եւ փոխգործակցությանը:
Կարդացեք նաև
Երկրորդ, մենք պետք է կենտրոնանանք այն հիմնական մարտահրավերների բացահայտման եւ քննարկման վրա, որոնք մեր հասարակություններում խարխլում են սոցիալական համերաշխության անհրաժեշտ մակարդակը: Դա համապատասխանաբար ազդում է տեղական ժողովրդավարության որակի եւ տեղական ու տարածաշրջանային իշխանությունների աշխատանքի վրա:
Այս երկրորդ անելիքի համատեքստում է, որ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Եվրոպայի խորհրդի շատ երկրներում արդիական են դառնում մի շարք հարցեր: Ոչ միայն դաշնային եւ կենտրոնական կառավարություններն են բախվում մեծ մարտահրավերների, այլեւ՝ տարածաշրջանային եւ տեղական իշխանությունները: Սակագների բարձրացումը հանգեցնում է ոչ միայն բնակչության սոցիալական բարեկեցության մակարդակի նվազեցմանը, այլեւ ազդում է քաղաքային եւ տարածաշրջային իշխանությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: Կարեւոր է ապահովել առողջապահական հաստատությունների, կրթական, մշակութային, սպորտային եւ այլ ծառայությունների անխափան եւ առավելագույնս արդյունավետ գործունեությունը:
Կանխատեսվում է համայնքներում անվտանգության ընդհանուր վիճակի վատթարացում, հանցավորության եւ կոռուպցիայի պոտենցիալ աճ: Բնակչության ֆինանսական եւ այլ սոցիալական աջակցության խնդիրները լուծելիս տեղական շատ իշխանություններ կարող են բախվել բյուջետային խնդիրների: Նման օգնության տրամադրումը կամ բացակայությունը կարող է քաղաքացիների հավասարության եւ հանրային միջոցների ու ռեսուրսների արդար բաշխման խնդիրներ առաջացնել:
Ընդհանրապես, նման դժվարություններն ու խնդիրները կարող են խարխլել հասարակության մեջ սոցիալական վստահության հիմքերը եւ նվազեցնել իշխանությունների հեղինակության եւ լեգիտիմության մակարդակը:
Սոցիալական բողոքները կարող են սրվել, ինչն էլ կարող է հանգեցնել նոր, ոչ ստանդարտ քաղաքական գործընթացների: Սա կարող է հանգեցնել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների նոր մարտահրավերների:
Ելնելով վերը նշվածից՝ կարեւոր ու տեղին է, որ Եվրոպայի խորհուրդն իր համապատասխան կառույցների միջոցով մշտապես վերահսկի հետեւյալ խնդիրները.
- Արդյունավետ եւ շարունակական համագործակցությունն անդամ պետությունների կենտրոնական, տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների միջեւ՝ հաղթահարելու էներգետիկ ճգնաժամի դժվարություններն ու հետեւանքները՝ տեղական ինքնակառավարման մարմինների լավագույն կարողությունները պահպանելու եւ, մասնավորապես, բյուջետային հարաբերությունների առումով:
- Անդամ պետություններում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների եւ ժողովրդավարության նորմերի պաշտապանություն եւ, արդյունքում, հասարակություններում սոցիալական համերաշխության բարձր մակարդակի պահպանում՝ ավելի արդյունավետ եւ պատասխանատու տեղական ժողովրդավարության համար»,- եզրափակել է Արմեն Գեւորգյանը: