Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՔՊ-ի վարկանիշը Թալինում չի ընկել, որովհետեւ կա Տավրոս Սափեյան». Տավրոս Սափեյան

Սեպտեմբեր 23,2022 20:25

Aravot.am-ի հետ զրուցակիցն է Թալինում իշխող ՔՊ-ի ընտրացուցակը գլխավորող Տավրոս Սափեյանը

Սեպտեմբերի 13-ի՝ Ադրբեջանի վրա Հայաստանի հարձակումից եւ դրա հետեւանքով ստեղծված առավել անորոշ եւ ողբերգական իրավիճակից հետո, ճի՞շտ էր, արդյոք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չհետաձգելը: Ինչպիսի՞ն են մարդկանց տրամադրությունները, ամսի 25-ին նշանակված Թալինի արտահերթ ընտրությունները կկայանա՞ն, թե՞ կտապալվեն:

– Ընտրությունների անցկացումը, միանշանակ ճիշտ է: Երկիրն այնպիսի իրավիճակում էր հայտնվել, որ մի չարիքի մենք ականատես եղանք, երկրորդ չարիքին պետք է ականատես չլինեն:

Ժողովրդի մոտ կա անկում: Մահացածների, անհայտ կորածների ընտանիքները, ես այդպես եմ ենթադրում, որ չեն մասնակցելու ընտրություններին: Բայց մնացած ժողովուրդը տրամադրված է գալ ընտրության եւ իրենց հայ ազգին այս վիճակից հանել: Եթե մենք մտածենք՝ ընտրության չգնանք, բա ո՞նց ենք մեր համայնքը ձեւավորելու, ո՞նց ենք երկիրը ձեւավորելու. ո՞նց ենք ամեն ինչ հետաձգելու: Տեսեք, ես օրինակը բերեմ. մեկ տարի է արդեն, մեր համայնքը ճգնաժամային իրավիճակում է, ընտրությունները եվս անհայտ ժամանակով հետաձգվեր՝ ի՞նչ էր անելու մեր համայնքը: Էդ բոլոր ժողովուրդը գիտի, որ մեր համայնքը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, դրա համար, կարծում եմ, որ շատ-շատերը՝ 90 տոկոսը, համամիտ են, որ նոր ընտրություններ լինի:

-Դուք մեղադրել էիք ընտրություններին մասնակցող ընդդիմադիր կուսակցություններին՝ ասելով, որ մինչ դուք եւ ձեր թիմակիցները սահման էիք մեկնել, նրանք տուն առ տուն էին մտնում, իշխանության հակաքարոզ անում, Բաղրամյանում ցույցերի մասնակցում, աթոռակռիվ տալիս: Ձեր ընդդիմադիր գործընկերները հերքեցին այդ հայտարարությունը՝ ասելով, որ դուք պոպուլիստական հայտարարություններ եք անում: Արդյունքում, ստացվում է, որ դուք եք հակաքարոզչությամբ զբաղվում:

– Չգիտեմ ի՞նչ է ստացվում: Դե պարզ է, որ, հիմա ես մի արտահայտություն անեմ, ընդդիմությունը պետք է իմ հետեւից արտահայտություն անի, բայց մենք փոքր համայնքում ենք ապրում. սա Երեւանը չի, սա Գյումրին չի, սա Թալինն է՝ մեկս մյուսին բարեկամ ենք, մեկս մյուսին ճանաչում ենք, հստակ գիտենք՝ իրենք ի՞նչ են անում: Նորից եմ կրկնում՝ տուն առ տուն, առ այսօր էլ մտնում են, այդ հակաքարոզչությունն են անում, ՔՊ-ի ու իմ վարկանիշն են ցածրացնում, որը չի ստացվելու իրենց մոտ: Միանշանակ, ես գիտեմ, որ ՔՊ-ն եւ Տավրոս Սափեյանը հաղթելու են:

– Գուցե հստակ անուններ տաք. չորս ընդդիմադիր քաղաքական ուժ է մասնակցում ընտրությանը:

– Հստակ անուններ… պրովոկացիոն հարցեր եք դուք հիմա տալիս, հստակ անուններ չեմ տալիս… բոլոր քաղաքական ուժերը՝ բացի ՔՊ-ից:

– Ասացիք, որ ՔՊ-ի վարկանիշին են վնասում, իսկ ՔՊ-ն իր գործողություններով եւ վարքագծով չի՞ նպաստում իր վարկանիշի անկմանը: Օրինակ, երբ վարչապետն ԱԺ-ում հայտարարեց, որ պատրաստ է ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրել …

– Դուք արդեն ընդլայնվեցիք ուրիշ հարցերի: Ես պատասխանում եմ միայն իմ համայնքին վերաբերվող հարցերին: Ես տիրապետում եմ յուրաքանչյուր հարցի, բայց երկրի հետ կապված, աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված ոչ մի հարցի չեմ պատասխանում:

-Նկատի ունեմ, որ ՔՊ-ի վարկանիշը, եթե գլոբալ առումով ընկնում է, ընկնում է նաեւ Թալինում ու նաեւ այդպիսի հայտարարություններն են նպաստում ՔՊ-ի վարկանիշի ընկնելուն:

– Ես չգիտեմ, գլոբալ՝ ՀՀ-ում, ՔՊ-ի վարկանիշն ընկե՞լ է, թե՞ ոչ, բայց Թալին խոշորացված համայնքում ՔՊ-ի վարկանիշը չի ընկել եւ գիտե՞ք ինչի չի ընկել, որովհետեւ, կա Տավրոս Սափեյան, որը կանգնած է մեր ժողովրդի կողքին. լինում է մեր երկրում արհավիրք, ես իմ թիմով կանգնած եմ երկրի ու ժողովրդի կողքին: Ես ապացուցել եմ՝ բազմիցս անգամ, լոկ բառեր չեմ ասում եւ բոլորը տեսել են, մենք այդպես ենք դաստիարակվել:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930