«Ադրբեջանը չափից դուրս գերագնահատում է իր հնարավորությունները եւ իր շուրջ ստեղծված էյֆորիան, հաղթանակի զգացողությունները երբեմն մթագնում է: Ես, թեև չեմ համարում, որ Ալիեւը ոչ ռացիոնալ է, բայց ինչ-որ առումով գերագնահատում են իրենց՝ ասելով, որ սանկցիաներ կկիրառեն ԱՄՆ-ի նկատմամբ ու ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս կթողնեն ԱՄՆ-ին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:
Ըստ նրա, միգուցե Ալիեւի այդ հանդուգն պահվածքը օժանդակի մեզ: Տաթեւիկ Հայրապետյանի դիտարկմամբ, ԱՄՆ-ն ունի գործիքներ ու կարող է զսպաշապիկ հագցնել. «Բնականաբար, ամեն միջնորդ իր շահերն է հետապնդում, բայց դու պետք է կարողանաս այնքան խելամիտ լինես, քո բովանդակությունը մշակես ու հասկանաս՝ որքանո՞վ է դա տեղավորվում միջնորդների շահերի շրջանակում»:
Տաթեւիկ Հայրապետյանը մատնանշեց, որ մարդիկ չունեն վստահություն Նիկոլ Փաշինյանի անձի նկատմամբ. «Մարդիկ կարող է գնացել եւ քվե են տվել, բայց չեն վստահում, որովհետեւ ինքը դրժել է իր հռչակած բոլոր խոստումները, ծրագրերը: 2021-ի մայիսին, երբ ադրբեջանական զորքերը մեր տարածքում էին եւ իրենք ամենաբարձր մակարդակով ասացին, որ չեն գնա հետագա բանակցություններին, մինչեւ զորքերը դուրս չբերվեն, հետագայում մի ամիս հետո այդ խոստումն էլ դրժեցին: Իրենց թվում է բոլորը մոռանում են, կոնկրետ ես հաստատ չեմ մոռանում: Եվ այն ժամանակ կար աշխատելու տեղ, եթե մենք դիմեինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, միգուցե հնարավորություն ունենայինք կանխել այս վերջին զոհերը, ավերվածությունները, բայց այս ոչ հետեւողականությունը, չաշխատելը…Երկու տարի իրենք մսխել են՝ հիմարացնող քարոզի հիման վրա: Հանրությունը չի կարող շարունակ ցնցումների ենթարկվել, պետք է պատրաստ լինի դիմադրել: Ես ձեզ հավատացնում եմ, Ադրբեջանի ղեկավարության համար ամենամեծ սարսափը դիմադրություն ցույց տվող հայն է, որը չի հանձնվում, անգամ եթե բոլորը բոլորի հետ պայմանավորվել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ