Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա անգամ ունակ չի եղել զենքի մատակարարումներ ապահովել դեպի Հայաստան, ցանկացած խելամիտ ղեկավար այդ հայտարարությունից հետո պետք է հրաժարական տար». Տաթեւիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 23,2022 19:33

«2021-ին, երբ Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, հստակ ծրագիր էր ներկայացրել նրա քաղաքական ուժը Արցախի հիմնախնդրի հետ կապված, այդ թվում՝ այն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, որովհետեւ գոյութենական խնդիր կա, անգամ Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի հարցն էր դրված՝ բանակցությունների միջոցով: Կարճ ժամանակ անց նրանք այդ ծրագրից հրաժարվեցին, հետո ինքնագլուխ կերպով, որովհետեւ որեւէ մեկը նրանց մանդատ չէր տվել:

Դրա համար խոսեցին նշաձողի իջեցման մասին, խոստացան դրա դիմաց Հայաստանի շուրջ բացառիկ կոնսոլիդացիա եւ այդ ամբողջ փուչիկը պայթեց այս տարվա սեպտեմբերի 12-ի լույս 13-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով: Նիկոլ Փաշինյանի այդ օրվա ելույթը ինքնախոստովանական ցուցմունք էր, որտեղ ասում էր, որ երկու տարի հասկացել է Ադրբեջանն ինչ նկրտումներ ունի, բայց նա անգամ ունակ չի եղել զենքի մատակարարումներ ապահովել դեպի Հայաստան: Կարծում եմ, ցանկացած խելամիտ ղեկավար այդ հայտարարությունից հետո պետք է հրաժարական տար՝ ասելով, որ չի կարողանում կենսական խնդիրներ ապահովել իր պետության համար, բայց Նիկոլ Փաշինյանի դեպքում մի քիչ այլ է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը հակադրվում է ինքն իրեն՝ ասելով, որ պատրաստ է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել. «Ինչպե՞ս կարող ես թուղթ ստորագրել մեկի հետ, որը հարձակվել եւ օկուպացրել է քո տարածքը ու դեռ ռազմական գործողություններն ընթանում են: Այս տրամաբանության ներքո ուզում են ուղիղ խոսեն, ուզում է 20 միջնորդներով խոսեն, ուզում է միայն Ալիեւն ու Փաշինյանն էլ խոսեն, հնարավոր չի առարկայական լուծումներ ձեռք բերեն: Նույնիսկ վերջին պատերազմական գործողություններից հետո ներադրբեջանական տիրույթում հատուկենտ մարդիկ խոսեցին դրա դեմ եւ կես ժամ հետո այդ մարդիկ ձերբակալված էին բնականաբար: Դա գործիք է Ալիեւի համար՝ իր վարչակարգը պահելու ու պետք է այդ ամենը ճիշտ ձեւով օգտագործել: Բայց օրինակ, երբ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում մեր պետությունը հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ մեղադրելով ռասիստական գործողությունների մեջ, նույն իշխող ուժի պատգամավորները պետք է զգույշ լինեին իրենց արտահայտություններում, երբ համակեցության անհասկանալի քարոզներ էին անում, որովհետեւ եթե հայց ես ներկայացնել պետական մակարդակով ռասիզմի մեջ մեղադրելով, դա անտրամաբանական է դառնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930