«Քարնեգի» հիմնադրամի՝ Կովկասյան հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հոդված է հրապարակել «Նոր փոթորկաբեր ամպեր են կուտակվում Հայաստանի և Ադրբեջանի գլխին» վերտառությամբ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Նորմալ ժամանակներում Հարավային Կովկասում բռնության վերջին աճը շատ ավելի մեծ ուշադրություն կգրավեր:
Սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածք ադրբեջանական լայնածավալ ներխուժման հետևանքով զոհվել է մոտ 300 զինվոր։ Հայաստանն ասում է, որ իր 202 զինվոր և հինգ քաղաքացիական անձ զոհվել կամ անհետ կորել են։ Ադրբեջանն իր կորուստները գնահատել է 80 զինվոր: Չմոռանանք, որ սրանք փոքր բնակչություն ունեցող երկրներ են, որտեղ այս սարսափելի թվերն էլ ավելի ուժեղ արձագանք են ստանում։
Կարդացեք նաև
Հրադադարի միջոցով դադարեցվեց 2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր ամենածանր բռնությունը երկու երկրների միջև, սակայն ադրբեջանական ուժերը, ըստ երևույթին, դեռ իրենց վերահսկողության տակ են պահում Հայաստանի սահմանամերձ շրջաններում որոշ տարածքներ:
Ի՞նչ տեղի ունեցավ
Մարտերը սկսվեցին Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ երկու առաջնորդների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բարձր մակարդակով բանակցությունների չորրորդ փուլից ընդամենը երկու շաբաթ անց, որտեղ առաջընթաց էր արձանագրվել: Կարևոր է, որ դա հաջորդեց Ուկրաինայի կողմից Խարկովի նահանգում Ռուսաստանի ռազմական նվաստացմանը:
Որոշ լրատվամիջոցներ մոլորեցնող կերպով նկարագրում են մարտերը որպես սահմանային բախումներ և հղում են անում Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքին, որն ավելի քան երեսուն տարվա հակամարտության օջախն է: Բայց Ղարաբաղում, որն այժմ ռուս խաղաղապահների բազան է, կամ իսկապես ադրբեջանական տարածքում մարտեր տեղի չեն ունեցել. այդ ամենը եղել է Հայաստանի տարածքում։
Ադրբեջանն ասում է, որ եղել են Հայաստանի կողմից «սադրանքներ», պնդում, որը չի կարող ստուգվել: Ականատեսները նկարագրում են, որ եղել են ռազմական օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների ուժեղ գնդակոծություններ ի թիվս այլ վայրերի, Սոթք գյուղում և առողջարանային Ջերմուկ քաղաքում, որի քաղաքացիական բնակչությունը տարհանվել է: Կան արժանահավատ տեղեկություններ վայրագությունների և երկու զոհված հայ կին զինվորների սարսափելի նվաստացման մասին:
2020թ. պատերազմում ճնշող հաղթանակ տանելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգտագործեց այն, ինչ բարձրաստիճան մի ադրբեջանցի պաշտոնյան ինձ նկարագրել է որպես «հարկադրական դիվանագիտության» ռազմավարություն Հայաստանի դեմ. բանակցությունների և ուժի համակցություն:
2020թ. հասնելով իր պատերազմական նպատակների մեծ մասին, բայց ոչ բոլորին, Ալիևը նոր նպատակներ ունի։ Առաջին, Հայաստանին պարտադրել ստորագրել «խաղաղության պայմանագիր», որով նա կհրաժարվի մեծամասամբ հայաբնակ Ղարաբաղ շրջանից: Երկրորդ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, որը հարմար է Ադրբեջանին: Երրորդ, նվազագույն ստուգումներով և հսկողությամբ նոր ճանապարհային երկաթուղի և կապ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի էքսկլավ, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք:
Բռնության վերջին փուլը 2020թ. ի վեր ամենադաժանն ու վտանգավորն է: Այն կարծես թե ուղղված է նույնքան Ռուսաստանի դեմ, որքան Հայաստանի: Ռուսաստանը պարտավոր է աջակցել Հայաստանին ինչպես երկկողմ պաշտպանական պայմանագրի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նրանց համատեղ անդամակցության պատճառով։
Բայց Ռուսաստանի գործերն էլ կարծես թե լավ չեն Ուկրաինայում: Ադրբեջանը կարծես թե ցանկանում է ապացուցել, որ և՛ Ռուսաստանը դանդաղ է իր դաշնակցին աջակցելու հարցում, և՛ որ ՀԱՊԿ-ը թղթի կտոր է, ինչը նաև ցույց է տալիս նրա ձախողումը Ղրղզստանում Տաջիկստանի սահմանային հարձակումների պատճառով:
Այս ամբողջ տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Անցյալ շաբաթ տեղի ունեցած բռնությունը չի նշանակում, ինչպես պնդում էին որոշ մեկնաբաններ, որ բանակցությունները կեղծիք էին կամ ժամանակի վատնում: Նրանք իրականում բավականին մեծ առաջընթաց էին գրանցել։
Երկու կողմերը ամռան սկզբին համաձայնության եկան տրանսպորտային երթուղիների վերաբերյալ գործարքի էության շուրջ, նախքան ռուսները կբարձրաձայնեին որոշ բարդությունների մասին, որոնք դադարեցրին ամեն ինչ: Ամառվա ընթացքում նրանք ինտենսիվ աշխատել են տեքստերի վրա, որոնք սահմանում են միջպետական պայմանագիրը (Ադրբեջանի պահանջը)՝ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության դրույթներով (Հայաստանի պահանջը):
Խնդիրը, որ 1991թ. ի վեր հետապնդում է հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր միջնորդներին, հետևյալն է. ոչ ոք գին չի վճարում «ոչ» ասելու համար։ Վատ պահվածքի համար դատապարտումը թույլ է, օրինակ անցյալ շաբաթ ադրբեջանական գործողությունների համար, ճիշտ այնպես, ինչպես 2020թ. առաջ երկու կողմերի կոպիտ պահվածքի համար (օրինակ՝ հայկական կողմից ադրբեջանական տարածքների օկուպացումը): Առաջնորդները կարծում են, որ կարող են հրապարակավ հրաժարվել այն ամենից, ինչի մասին պայմանավորվել են փակ հանդիպումներում, օգտագործել ժամանակը կամ ուժ գործադրել։
Կա նաև «ֆորումային գնումների» խնդիրը։ Ռուսաստանը դեռևս հզոր շահեր ունեցող միջնորդ է, նույնիսկ եթե նրան չեն վստահում որպես ազնիվ միջնորդի։ Կան տեղեկություններ, որ Մոսկվան նաև հանդես է եկել խաղաղության պայմանագրի այնպիսի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մի բանաձև, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը:
Միաժամանակ, Միացյալ Նահանգները, չնայած վճռականորեն աջակցում էր ԵՄ-ին, որոշակի հույսեր արթնացրեց Հայաստանում՝ Կովկասում նոր բանագնաց նշանակելով Ֆիլ Ռիկերին, ով նշվում է որպես համանախագահ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ նախկին միջնորդական մեխանիզմը, որը ձեռնտու է Երևանին: ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի կայծակնային համերաշխության այցը Հայաստան ավելի հակասական մտքերի տեղիք է տալիս:
ԵՄ-ն ինքնին երկիմաստ տպավորություն է թողնում
Հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ադրբեջանական գազ գնելու առաքելությամբ այցելեց Բաքու։ Իր հրապարակային ելույթում նա Ադրբեջանին անվանեց «վստահելի, հուսալի գործընկեր» և ոչ մի անգամ չնշեց «խաղաղություն» կամ «հակամարտություն» բառերը։ Ադրբեջանցիները սա մեկնաբանեցին որպես մեծ PR հաղթանակ։
Վերջին մարտերը խարխլեցին ներքին լսարանի համար Հայաստանի վարչապետ Փաշինյանի` որպես լուրջ զրուցակցի դիրքերը, ով ի հեճուկս ներքաղաքական ընդդիմության, պարտավորվել էր բանակցություններ վարել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ։
Սա նաև առաջին անգամ տարակարծություն է առաջացրել Ադրբեջանի ներսում, նույնիսկ նրանց մոտ, ովքեր աջակցում էին 2020թ. պատերազմին: Խաղաղության կողմնակից ակտիվստներից մեկը դատապարտվել է երեսուն օրվա ազատազրկման։ Հայտնի անկախ փորձագետներից մեկն էլ Ալիևին անվանել է «մաքսիմալիստ» և «իրրեդենտիստ» և մեղադրել է նրան Հայաստանի հետ հաշտություն կնքելու պատմական հնարավորությունը վատնելու մեջ:
Մինչ Հայաստանում և Ադրբեջանում հուղարկավորություններ են տեղի են ունենում, այժմ նոր ջանքեր են գործադրվելու առաջնորդներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար:
Որպեսզի այն հաջողության հասնելու հնարավորություն ունենա, Շառլ Միշելի գործընթացը, որը ներկայում միակ կենսունակն է, շատ ավելի ուժեղ աջակցության կարիք ունի Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների և Միացյալ Նահանգների կողմից: Եթե այն դադարեցվի կամ ձախողվի, ապա երկու տխուր այլընտրանքներն այն են, որ միջնորդությունը կրկին կանցնի Մոսկվային, կամ, ավելի վատ՝ երկու կողմերը կպատրաստվեն հաջորդ պատերազմին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ