«Ես միշտ պայքարել եմ իմ երկրի անկախության համար, պայքարել Արցախի ու Հայաստանի ինքնիշխանության համար։ Ինչպե՞ս կարող ենք ես կամ իմ համակիրները նման բովանդակությամբ թերթիկներ տարածել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Գորիսի համայնքապետը, իբր իր համախոհների հետ թռուցիկներ է պատրաստել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հորդորով։
Բնականաբար, բոլոր ժողովուրդների հետ կարեւորելով համագործակցությունն ու բարեկամությունը՝ Առուշ Առուշանյանը համոզված է, որ Հայաստանին ու Արցախի անկախությունը բոլորս պիտի անսասան պահենք։ «Հազարավոր հայորդիների արյան գնով ենք ձեռք բերել մեր անկախությունը, հիմա էլ շարունակում ենք այն պահպանել մեր տղաների ամուր ոգու շնորհիվ։ Սա պիտի բոլորս հիշենք»,-նշեց նա։
Առուշ Առուշանյանը զարմանում է այն մարդկանց վրա, որ այս օրերին կարողանում են նման անհիմն ու պառակտող լուրեր տարածել։ «Ո՞ւմ է ձեռնտու դա, իհարկե, ներքին թշնամուն։ Սա եւս դավաճանության մի ձեւ է։ Մենք պիտի այսօր միաբան լինենք, ազգայնական գաղափարներ ու մտածելակերպ ունենանք, որպեսզի կարողանանք հաղթել բոլոր ճակատներում»,-ասաց Առուշանյանը՝ համոզված լինելով, որ մի օր երկրի բոլոր ներքին թշնամիները պատժվելու են։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ