Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյան․ «Այս դահլիճում կա մեկը, որը իմ եւ Թեհմինա Վարդանյանի դեմ բողոք է ներկայացրել իր մահափորձի մեջ կասկածելու համար»

Սեպտեմբեր 23,2022 18:18

«Երեւանի ավագանու պատմության մեջ, բացի կոյուղաջրերի պատմությունից, չի եղել դեպք, համենայնդեպս, ես չգիտեմ, որ ավագանու անդամը պատկան մարմիններին բողոք ներկայացնի ավագանու անդամների դեմ։ Ի դեպ, տղամարդ, ներողություն արտահայտության համար, ավագանու անդամը ավագանու կին անդամների դեմ։ Այո, այս դահլիճում կա մեկը, որը որոշում է, որ իմ եւ տիկին Վարդանյանի դեմ բողոք ներկայացնի, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր մահափորձի մեջ կասկածելու համար։ Սրանից հետո ես մտածեցի, որ Հայաստանում պետք է փակվեն կանանց իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները եւ անցնեն նմանօրինակ մարդկանց իրավունքները պաշտպանելու, որովհետեւ իրենք շատ թույլ եւ անպաշտպան ավագանու անդամներ են»,- այս մասին այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում ասաց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին։

Խաչատրյանի պատմելով՝ իրեն եւ Թեհմինա Վարդանյանին հրավիրել են Կոտայքի քննչական բաժին․ «Ես եւ Թեհմինա Վարդանյանը հռհռալով գնացինք, որովհետեւ ծիծաղելի էր այս ամենը։ Բնականաբար, անցած նիստի օրակարգային հարցի շուրջ վեճը աղերս չուներ քրեական գործի հետ։ Բնականաբար, բողոքողը դրա մասին շատ լավ գիտեր, թե ինչի համար է դա արվել՝ թողնում եմ ձեր երեւակայությանը։ Բայց տվյալ անձի հետ կապված մի հանգամանքի եմ ձեր ուշադրությունը հրավիրում։ Մենք բազում անգամներ իր բերած նախագծերի՝ փակել, միացնել, դրանց մասին խոսել ենք։ Ասել ենք՝ մի ավիրեք այդ համակարգը, բայց շարունակական բնույթ է դա կրել։ Մեկ էլ դրանցից մեկից հետո ավագանու տվյալ անդամը՝ Արման Անտոնյանը դարձել է սպորտդպրոցներից մեկի փոխտնօրեն։ Մինչ այդ չէի մտածում, որ նման նախագծեր բերողների մոտ կարող է շահումների բախում լինի»։

Խաչատրյանը իրավապահ մարմիններին, քաղաքապետարանի անվտանգության ուշադրությունը հրավիրեց, հորդորեց դիտել Երեւանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստի տեսագրությունը, պարզել՝ ի՞նչ կար այդ նիստի ձայնագրությունում՝ ավագանու տվյալ անդամի կոստյումի հետնամասում ինչ է թաքցրած եւ ինչքանով է դա օրինական եւ ինչքանով իրավունք կա նմանատիպ բան բերել դահլիճ:

Թեհմինա Վարդանյանն էլ անդրադառնալով նույն խնդրին, հարցաքննությունից մեջբերում արեց եւ ասաց, որ դրանով փորձում է ցույց տալ, թե ինչո՞ւ պետք է մի ամբողջ օր կտրվեր իր առօրյայից, հրավիրվել Չարենցավանի քննչական կոմիտե՝ բացատրություն տալու․ «2022 թվականի հունիսի 21-ի նիստի տեսագրությամբ պարզվել է՝ դուք Արման Անտոնյանին ասում եք, որ վաղը, մյուս օրը նորից կլորացրած աչքերով գալու եք նիստի ու ասեք, թե ավագանու անդամների հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում: Ասացեք՝ ի՞նչ եք նկատի ունեցել»:

Ապա` Վարդանյանը, դիմելով Արման Անտոնյանին, ասաց. «Եթե ձեր աչքերը եռանկյունի են կամ ուղղանկյուն կամ քառակուսի, խնդրում եմ՝ ինձ դրա մասին տեղյակ պահեք: Զուտ տեղեկացրեք, ասեք տիկին Վարդանյան, ինձ մի՛ ասեք կլորացրած աչքեր, ասեք՝ եռանկյունի աչքեր: Դրա համար պետք չի ինձ հասցնել ոստիկանության Չարենցավանի բաժին: Ես, ի տարբերություն ձեզ, ունեմ անձնական կյանք, տարբեր տիպի զբաղմունքներ։ Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս շատ ավելի լուրջ բաներով զբաղվել՝ գնացեք լողի, սպորտի, հեծանիվ վարեք, ի վերջո, գնացեք ասեղնագործության, գոբելենագործության: Զբաղմունք գտեք։ Նորմալ չէ, երբ 40 տարեկան տղամարդը ավագանու կին անդամին հասցնում է բաժին»:

Հրաչյա Սարգսյան

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը միջամտեց, նշելով՝ ավագանին այն ինստիտուտը չէ, որ անձնական փոխհարաբերությունները բերվեն այս դահլիճ։

Վարդանյանն էլ ասաց՝ սա անձնական փոխհարաբերություն չէ։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930