2022 թվականի մարտ ամսից «Հանուն Չորրորդ Իշխանության» ՀԿ-ն տեղեկատվական դաշտում իրականացնում է մշտադիտարկում, որով յուրաքանչյուր ամիս ամփոփվում է լրագրողական դաշտում արձանագրված խախտումներն ու կարևոր իրադարձությունները: Հերթական մշտադիտարկման արդյունքները վերաբերում են 2022 թվականի օգոստոս ամսին:
Եվ այսպես՝ Հայաստանի և Արցախի լրատվական դաշտում օգոստոս ամսին իրականացված մշտադիտարկման արդյունքներով արձանագրվել են «Սուրմալու» առևտրային կենտրոնի պայթյունի հետևանքով փրկարարական աշխատանքների ընթացքում տեղեկատվության որոշակի սահմանափակման և լուսաբանման թիրախավորված մեկնաբանությունների դեպքեր։
Ներկայացնում ենք օգոստոս ամսվա ընթացքում խոսքի ազատության և ԶԼՄ-երի ազատ գործունեության սահմանափակման առավել ուշագրավ դեպքերը։
1․ Չհիմնավորված խտրականություն արտակարգ իրավիճակի ժամանակ․
Օգոստոսի 14-ին՝ «Սուրմալուի» առևտրային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի օրը, տեղում աշխատող լրագրողներից ոստիկանների աշխատանքին վերաբերող բազմաթիվ բողոքներ են հնչել: Ոստիկանները խոչընդոտել են լրագրողների ազատ աշխատանքը, պատճառաբանելով՝ մտահոգվում են անվտանգության համար, այնինչ դրսևորել են խտրական վերաբերմունք․ որոշ լրագրողներ կարողացել են անարգել մուտք գործել սահմանազատված տարածքից ներս և իրականացնել նկարահանում պայթյունի էպիկենտրոնից։ Մյուս լրագրողներին արգելել են մուտք գործել սահմանազատված տարածք՝ բերման ենթարկելու սպառնալիքով:
Կարդացեք նաև
2․ Գլխավոր դատախազության ներկայացուցիչն իրավունք է վերապահել քաղաքական գնահատական տալ թերթի հրապարակմանը։
Այդպես՝ օգոստոսի 17-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ «Սուրմալուի» ԱԿ տեղի ունեցած պայթյունի գործով արդեն մեղադրյալ կա, որի ինքնությունն առայժմ չեն բացահայտում: Պարզվել է, որ հրապարակման ժամանակ թյուրըմբռնում է եղել։ Գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ «Սուրմալուի» պայթյունի գործով կա մեկ մեղադրյալ այն դեպքում, որ նկատի են ունեցել 2021 թվականի նմանատիպ դեպքը։ «Հրապարակ» օրաթերթը ուղղել է վրիպակը:
Փաստացի անտեսելով լրատվամիջոցի հայտարարությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՖԲ իր էջում պարզաբանում ներկայացնելուն զուգահեռ որակում էր տվել օրաթերթի հրապարակմանը՝ կոչ անելով «չմանիպուլացնել մարդկանց ու դա չդարձնել ապատեղեկատվությունն «արդարացնելու» միջոց, անկախ այն բանից՝ դա վրիպակ է եղել, թե՝ դիտավորություն»: Այդ քայլով փորձ է արվել քաղաքական գնահատական տալ ընդդիմադիր թերթի գործունեությանը։
3․ Խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը Գյումրու քաղաքապետարանում։
Օգոստոսի 19-ին Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելով հասարակական տրանսպորտին առնչվող մի քանի կարևոր հարցեր։ Ավագանու նիստից հետո տեղում աշխատող լրագրողները փորձեցել են հարցազրույց վերցնել «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ԺՊ Գրիգոր Մաթևոսյանից և քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Գեորգի Ղազարյանից, սակայն վերջիններս կտրուկ հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին։
Մասնավորապես՝ լրագրողների աշխատանքին միջամտեց անհայտ մի երիտասարդ՝ «կռիշ ելեք, հարցերն էնտեղ լուծեք» արտահայտությամբ, հեգնելով ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը և խաթարելով այն, որի իրավունքը վերջինս չուներ։
4․Արցախում լրագրողների գործունեության և ազատ խոսքի սահմանափակման որևէ դեպք օգոստոս ամսին ևս չի արձանագրվել։
«Հանուն Չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպությունը շարունակում է աչալուրջ հետևել լրատվական դաշտում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին և ներհայաստանյան ու արցախյան բոլոր լրատվամիջոցներին ևս մեկ անգամ կոչ է անում ներկայացնել լրագրողների կամ կազմակերպության հետ առնչվող խոսքի ազատության, մասնագիտական գործունեության սահմանափակման և այլ դեպքերի հետ կապված իրավական ու էթիկայի բոլոր խախտումները: Առավել աղմկահարույց դեպքերին հրավիրվելու է պատկան մարմինների ուշադրությունը:
Մեր առաքելությունն է օբյեկտիվ լրատվության և լրագրողական գործունեության պաշտպանությունը։ Մենք պայքարում ենք հանուն մեր իրավունքների և արդարության: Պատրաստ ենք սիրով աջակցել:
«ՀԱՆՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ