«Ցավոք, մենք տեսնում ենք, որ շատ դրվագներում ոստիկանությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է ցուցաբերել ոչ պրոֆեսիոնալ մոտեցում: Ես հիշում եմ, որ 2010-ականներին, երբ Բաղրամյան 26-ին մոտենալ չէր կարելի, սևազգեստ մայրերը փորձում էին մոտենալ, իրենց պահանջը ներկայացնել, եւ ոստիկանները կրկին նույնպիսի ուժով քաշքշելով, փողոցով տանելով՝ սեւազգեստ մայրերին բերում էին մյուս կողմ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանների՝ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելուն:
Խաժակյանի կարծիքով՝ խնդիրը պետք է լուծվի ոստիկանության համակարգային բարեփոխումների միջոցով․ «Համոզված եմ՝ խնդիրը կարգավորված կարելի է համարել պարեկների մասով: Բայց ոստիկանության մյուս ստորաբաժանումները եւս պետք է բարեփոխվեն եւ ոստիկանական ուժի ներկայացուցիչը տեղում պետք է իրավիճակի նրբությունները հաշվի առնի եւ գործի ըստ այդմ»:
Հարցին՝ արդյոք վերեւից հրահանգ չկա՞ր , Խաժակյանը պատասխանեց․ «Իմ երեւակայության մեջ չի կարող տեղավորվել, որ հայաստանյան որեւէ քաղաքական գործիչ՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր, կարող է նման քաղաքական հրահանգ տալ: Հակառակը, քաղաքական գործիչները շատ ավելի նրբազգաց են նման հարցերում, եւ եթե իրենք անձամբ դրանով զբաղվեին, այլ մոտեցում կլիներ՝ չտարանջատելով նախկին, թե ներկա իշխանություններին»։
Ոստիկանապետի՝ հրաժարական տալու կամ չտալու մասին հարցին էլ Խաժակյանը խուսափեց պատասխանել, նշելով՝ գնահատական չի կարող տալ, քանի որ տեսել է ոստիկանապետի, ոստիկանության արձագանքը՝ հայտարարվել է ծառայողական քննություն․ «Պետք է ասեմ, որ «Եռաբլուր»-ը տարբեր քաղաքական ուժերի կողմից դարձել է կռվան, եւ ակնհայտորեն կա տարրալուծում՝ քաղաքական մտածողություն ունեցող մարդկանց եւ զոհված զինծառայողների ծնողների միջեւ: Ընդ որում, ես չեմ ասում՝ քաղաքական շահերի տարրալուծում, կարծիքների, քննարկումների մոտեցումների տարրալուծում, որը բերում է նաեւ նրան, որ տարբեր խմբեր պարբերաբար հայտարարում են, որ այս կամ այն իշխանական ներկայացուցիչը, քաղաքական դերակատարը չպետք է մտնի «Եռաբլուր»: Ես կարծում եմ, որ սա, մեր հասարակությունով հանդերձ, պետք է փորձենք բացառել: Ես որեւէ կերպ չեմ կարող դատապարտել որեւէ ծնողի էմոցիոնալ պոռթկում, բայց դիսկուրսը, որ այս կամ այն պաշտոնյան չպետք է մտնի «Եռաբլուր», պետք է վստահորեն դադարեցվի, որովհետեւ «Եռաբլուր»-ը բոլորինն է, նաեւ այն մարդկանցը, ովքեր փորձում են իրենց հարգանքի տուրքը մատուցել»:
Կարդացեք նաև
Լրագրողի հիշեցմանը, որ մայրերի նման վարքագծի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր ավելի շուտ կանգնեցնել պատերազմը, եւ որդին չէր հուղարկավորվի պանթեոնում, Խաժակյանն այսպես արձագանքեց․ «Ձեր ասածը քաղաքական տեսակետ է, որը չի կարող լինել պատճառ որեւէ անձի կամ խմբի արգելելու իր հարգանքի տուրքը մատուցել «Եռաբլուր»-ում։ Ես չեմ ընդունում եւ ժամանակին էլ չեմ ընդունել որեւէ տեսակետ, երբ գերագույն գլխավոր հրամանատարին, այդ թվում՝ սկսած Սերժ Սարգսյանի ժամանակահատվածից, անմիջականորեն մեղադրել են զոհերի մեջ: Մենք պետություն ենք՝ արտաքին ագրեսիայի ենթարկված պետություն, եւ ցանկացած նման պարագայում գերագույն գլխավոր հրամանատարը՝ լավ կամ վատ, կատարում է իր գործառույթը, եւ դա չպետք է դառնա շահարկման առարկա, առավել եւս՝ պատճառ, որպեսզի որեւէ խումբ այլ խմբի արգելի գնալ հերոսների գերեզմանատուն եւ ծաղիկ խոնարհել։ Ես նման իրավիճակ չեմ պատկերացնում»։
Մեկ այլ լրագրողի հարցին՝ «Եռաբլուր»-ում կային ընդդիմադիր պատգամավորներ, արդյոք ծնողներն ինքնաբո՞ւխ էին կազմակերպել այդ բողոքի ցույցը, թե՞ կար քաղաքական աջակցություն, Խաժակյանը պատասխանեց․«Ես տեսա, որ Ասպրամ Կրպեյանի կողքին զոհված զինծառայողի ծնողն էր։ Կրպեյանի առաջին գործն այդ պահին բջջային հեռախոսով լուսանկարահանում անելն է։ Եթե ես լինեի պատգամավոր կամ ոչ պատգամավոր, իմ միակ խնդիրը կլիներ այնտեղ իրավիճակը հանդարտեցնել, ոչ թե փորձել կադրեր ստանալ։ Ուստի, երբ ասում եմ՝ քաղաքական տարրալուծում կա եւ քաղաքական ուժերը ուղղակի կամ անուղղակի փորձում են իրենց ազդեցություններն ունենալ, սա շատ վատ բան է։ Ես իրավունք չունեմ եւ չեմ էլ կարող բողոքի որեւէ նոտա ուղղել ծնողներին, բայց այն քաղաքական ուժերը, որոնք եփում են այդ թեման, որ եկեք թույլ չտանք, որ այս կամ այն մարդը գնա «Եռաբլուր», իրենք առնվազն իրենց խղճի առաջ պատասխան են տալու»։ Խաժակյանը հստակեցրեց՝ նկատի ունի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ