Այսօր՝ սեպտեմբերի 23-ին մեկնարկեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 20-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային, ընդհանուր մանկաբուժությանը եւ մանկական ներզատաբանությանը: Այն կազմակերպված է Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի եւ Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ գործակցությամբ:
Բացմանը ելույթ ունեցան Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին եւ Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
«Շատերն են հարցնում՝ ինչպես է ստեղծվել այս կազմակերպությունը, որն արդեն 30 տարեկան է, պատասխանում եմ՝ պապիկիս էի խոսք տվել, – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը: – 1915-ի ցեղասպանությունից փրկված պապս դանակ ուներ, որը միշտ սուր էր պահում: Երբ 12 տարեկան էի, այն ինձ նվիրեց եւ ասաց՝ պատրաստ լինեմ, մեկ օր հայրենիքս ինձ կանչելու է: Չգիտեի, որ 40 տարի անց հեռագիր կստանամ հայրենիքից՝ օգնության խնդրանքով: 1992-ին հեռագիր ստացա Հայաստանի կառավարությունից՝ ուղղված ԱՄՆ-ում ապրող բժիշկներին, եւ եկա: Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բոլոր մարդկանց, ում հետ մենք Հայաստանում նպաստում ենք ակնաբուժության զարգացմանը»:
«Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացվող աշխատանքները մեր երկրի համար անգնահատելի դեր ունեն՝ Երեւանում եւ հատկապես մարզերում բարձրացնելով ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը: Վստահ եմ, որ այս անգամ եւս այստեղ հեռանկարային հարցեր են քննարկվելու», – ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:
«Մեզ համար մեծ պատիվ է արդեն 12 տարի համագործակցել Հայկական ակնաբուժության նախագծի հետ, – ասաց Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին: Այդ մեկնարկից ի վեր մենք տասնյակ հազարավոր ակնային զննումներ եւ բազմաթիվ վիրահատություններ ենք իրականացրել՝ կուրությունից փրկելով հայ մանուկներին: Նորարար մեթոդներով իրականացված հայ բժիշկների վերապատրաստումները հրաշալի արդյունքներ են տվել, եւ հիմա շարունակում ենք ընդյալնել մեր ծրագրերը՝ ներառելով մանկաբուժության այլ ոլորտներ եւս»:
«Հայկական ակնաբուժության նախագիծն ապագային նայող կազմակերպություն է: Ձեւավորման առաջին օրերից մենք նորարար մոտեցումներ ենք կիրառել՝ նպաստելու ակնային խնամքի որակի բարելավմանը: Իհարկե, այս ամենն անհնար կլիներ առանց մեր գործընկերների եւ նվիրված բժիշկների, ովքեր մշտապես պատրաստ են եղել կատարելագործվել եւ իրենց գիտելիքը փոխանցել երիտասարդ գործընկերներին», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Միջազգային համաժողովի ընդգրկուն ծրագիրը նախատեսում է բազմաթիվ զեկույցներ, մասնագիտական քննարկումներ եւ աշխատաժողովներ ակնաբույժների, մանկաբույժների, նեոնատոլոգների, մանկական ներզատաբանների, այլ մանկական մասնագետների եւ ընտանեկան բժիշկների համար: Զեկույցները ոչ միայն Հայաստանից են, այլ նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:
Համաժողովի առաջին մասը՝ նվիրված ակնաբուժությանը, տեղի կունենա 2022թ. սեպտեմբերի 23-ից 25-ը: Իսկ երկրորդը մասը՝ նվիրված մանկաբուժությունը, նեոնատոլոգիային եւ մանկական ներզատաբանությանը՝ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 5-ը:
Միջազգային համաժողովին ներկայացված բոլոր նյութերը մասնագիտական շրջանակի համար հասանելի կլինեն անվճար՝ ՀԱՆ-ի եւ ԼԱՄՀ-ի ստեղծած Մանկաբուժական առցանց կրթական հարթակում (OPEN): Այն կծառայի որպես ինքնակրթության եզակի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններից հարթակին միացած բժիշկների եւ առողջապահության ոլորտի այլ մասնագետների համար: