Պետական վերահսկողական ծառայությունը դեռեւս Հայկ Մարությանի ժամանակ երկու անգամ փորձել է քաղաքապետարանում ստուգումներ անել, սակայն քաղաքապետարանում երկու անգամ բավական մեծ դիմադրության է հանդիպել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո ՊՎԾ-ն ստուգումներ սկսեց, արդյոք դա հետապնդում չէ։
Ավինյանի խոսքով․ «Այո, փաստ է, որ Հայկ Մարությանից հետո են այդ ուսումնասիրություններն իրականացվել, եւ եթե չեմ սխալվում, մոտ 40 մլն դոլարի չափի բյուջեում փոս են հայտնաբերել: Մնացածն իրավապահների դաշտում է»։
Արդյոք Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակիցը Երեւանի ընտրություններում, քանի որ նա ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքապետերից էր, Ավինյանը պատասխանեց. «Ես այս պահին որեւէ մրցակցության մասին չեմ կարող խոսել, այս պահին կենտրոնանալու եմ այն աշխատանքի վրա, որի համար եկել եմ այստեղ»։
Դիտարկմանը՝ Հայկ Մարությանը հեռանալիս հայտարարեց, որ իշխանության ներկայացուցիչներից զանգեր են եղել տարբեր շինթույլտվությունների եւ հողակտորների համար, Ավինյանը պատասխանեց․ «Մենք աշխատել ենք պարոն Մարությանի հետ եւ որոշ հարցեր միասին կարողացել ենք լուծել: Մենք կամուրջ ենք կառուցել, շատ հարցերում չենք կարողացել համաձայնության գալ, որովհետեւ որոշ դեպքերում քաղաքապետարանի առաջարկվող տրամաբանությունը կարճաժամկետ լուծումներ էին, իսկ կառավարությունն առաջարկում էր ավելի երկարաժամկետ համապարփակ ծրագրեր իրականացնել: Թե ով է սխալ, ով՝ ճիշտ, չեմ կարող ասել: Իսկ թե ով է զանգել, ինչ է ասել, ես խնդրում եմ խոսել անուններով, կոնկրետ, ասեք՝ այս մարդն այսինչ մարդու համար այսինչ բանն է ասել»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային