«Ես առհասարակ ընտրությունների վերաբերյալ մեկնաբանություններին չեմ էլ ուզում անդրադառնալ, որովհետեւ ես այս պահին կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա եւ ես եկել եմ աշխատելու։ Մնացած հարցերը ժամանակավրեպ են»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ ժամանակից շուտ քարոզարշավ է սկսել, եւ մյուս տարի ընտրություններին ներկայիս քաղաքապետի աշխատանքը վերագրվելու է իրեն։
Նշենք, որ 2023-ին Երեւանի ավագանու հերթական ընտրություններն են լինելու, ՔՊ-ի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է լինելու։
Նա ասաց, որ 2018-ից բավականին շատ աշխատանք է կատարվել մայրաքաղաքում, բայց դրանք, ինչպես Ավինյանն ասաց, համակարգային լուծումներ չեն։ Նա օրինակ բերեց աղբահանությունը, տրանսպորտը, մետրոն, եւ այլն․ «Քաղաքն ունի նոր, համակարգային տեխնոլոգիական լուծումների կարիք»։
Հարցին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի միջոցով իր մտերիմներին տարբեր պաշտոնների է նշանակել քաղաքապետարանում, դրանով ավելի շուտ պատրաստվելով քաղաքապետի պաշտոնին, Ավինյանը պատասխանեց՝ միայն իր մտերիմ կամ բարեկամ լինելու բերումով երբեք որեւէ պաշտոնի չի նշանակում․ «Ես փոխվարչապետ եղած ժամանակ, իմ գրասենյակը, երբ ես հավաքել եմ, նշանակել, այդ մարդկանցից միայն Վարագ Սիսեռյանին էի ճանաչում։ Կադրային առումով ընտրությունը կատարում եմ միայն իրենց ունակությունների, որոշակի գաղափարների համար»։
Կարդացեք նաև
Կրկին անդրադառնալով քարոզարշավի մասին հարցին, մասնավորապես՝ «Իմ քայլը» լքած ավագանու անդամների պնդումներին, թե նախքան ընտրություններն ու քարոզարշավը «փիառվում է» Ավինյանը, վերջինս պատասխանեց․ «Ես հանդիպել եմ ավագանու երեք խմբակցության հետ, նրանց կարծիքը կարևոր է ինձ համար, որովհետև նրանք ձայն են ստացել։ Իսկ այն մարդիկ, որոնք այս կամ այն խմբակցության անդամ են եղել, բայց իրենց մանդատը պահելով՝ դուրս են եկել խմբակցությունից, ինձ համար ո՛չ իրենց մոտեցումներն են հասկանալի, որ անկեղծ լինեմ՝ չեմ էլ կարող իրենց նույն շարքի մեջ դնել ավագանու այլ անդամների հետ»։
Հարցին, թե Ավինյանն արդյոք հավակնում է վարչապետի պաշտոնին, մամուլն է այդ մասին գրում, նա պատասխանեց՝ իմ մասին ինչ ասես, որ չեն խոսում, պետք է գործերը գնահատել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ