Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը ոչ մի կերպ չի ծառայում ԱՄՆ շահերին. Էլդար Մամեդով

Սեպտեմբեր 23,2022 14:20

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սոցիալ դեմոկրատների քաղաքական խորհրդական Էլդար Մամեդովը Responsible State Craft–ում հոդված է հրապարակել, որում վերլուծում է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունների հետևանքները տարածաշրջանի և ԱՄՆ-ի համար:

Հեղինակը, մասնավորապես, կարծում է, որ Բաքվի իրական քաղաքականությունը, չնայած ամերիկյան լոբբիստական կազմակերպությունների առաջ քաշած թեզերին, գնալով հակասում է ԱՄՆ-ի շահերին:

Տարաձայնությունների հիմնական աղբյուրը Հայաստանի հետ Ադրբեջանի հակամարտությունն է: Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաճախակի հայտարարություններին, որ պատերազմը փաստացի ավարտվել է 2020թ. Ադրբեջանի ռազմական հաղթանակից հետո, դա բացարձակապես հեռու է իրականությունից: Վաշինգտոնը Բաքվին մեղադրեց վերջին ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանի տարածքը գնդակոծելու մեջ, գրում է Մամեդովը։

«Հատկանշական է, որ այս հարձակումը տեղի ունեցավ Հարավային Կովկասում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Ռիկերի այցի ժամանակ, այսպիսով մի պահ հարց առաջացնելով, թե արդյոք նրա ծրագրած այցը Բաքու ընդհանրապես տեղի կունենա Երևան և Թբիլիսի այցերից հետո: Ի վերջո, նա հասավ Բաքու, և նրան ընդունեց Ալիևը, բայց հարձակումն իրականացնելու պահը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան ամոթալի՝ ամերիկյան դիվանագիտության համար»,- կարծում է հոդվածի հեղինակը:

Սա վկայում է ավելի խորը տարաձայնության մասին: Բաքուն դժգոհ է նաև այն փաստից, որ Ռիկերը նշանակվել է ԱՄՆ ներկայացուցիչ ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը մոտ 30 տարի անարդյունք փորձում էր միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Մինսկի խմբի շարունակական լեգիտիմությունը, քանի որ նրա գոյությունը մարտահրավեր է նետում Բաքվի այն թեզին, որ հակամարտությունը «լուծվել է»:

Այդ տեսակետը չեն կիսում ԱՄՆ-ը, Ֆրանսիան՝ Մինսկի խմբի մեկ այլ արևմտյան համանախագահ, Մինսկի խմբի երրորդ համանախագահող երկիրը՝ Ռուսաստանը, ինչպես նաև Հայաստանը: Ինչպես ցույց տվեց Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, զուգահեռ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների բացակայությանը, Վաշինգտոնի և Փարիզի վերապահումները հիմնավոր են։ Այդուհանդերձ, դրանք աչքաթող են արվում Բաքվի պաշտոնյաների կողմից՝ գնալով ավելի կոշտ բառապաշարով, ի նշան արևմտյան երկու տերությունների կողմից մերժմանը՝ հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը:

Նման արձագանքներն անհիմն են, շարունակում է հոդվածագիրը։ Իր տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի մտահոգություններին արձագանքելով՝ Հայաստանը, փաստորեն, հրաժարվեց Ղարաբաղի անջատմանն աջակցելուց։ Բաքուն հրաժարվեց պատասխանել դրան բարի կամքի որևէ ժեստով և մարտահրավեր նետեց Միացյալ Նահանգներին՝ կա՛մ ընդունել «հաղթական խաղաղության» իր մաքսիմալիստական տեսլականը, կա՛մ ընդհանրապես դուրս գալ հակամարտությունից:

Մինսկի խումբը, որը 1990-ականների սկզբի դիվանագիտական մասունք է, Միացյալ Նահանգների և այլ տերությունների միջև համագործակցային բազմակողմ շփումների օրինակ է: Ներկայիս զրոյական արդյունքով խաղի միջավայրում, սակայն, ԱՄՆ-ի դիվանագիտական հանձնառության նվազումը կհանգեցնի Ռուսաստանի և Թուրքիայի ավելի մեծ ներգրավվածության, ինչը, հաշվի առնելով վերջին ռազմական գործողությունները, տարածաշրջանում հետագա բռնությունների ակնհայտ բաղադրատոմս է: Դա ձեռնտու կլինի Ալիևին, որը խելամտորեն կարողացավ խաղալ թե՛ Մոսկվայի, թե՛ Անկարայի հետ, և որն այժմ վայելում է ուժի ճնշող բացը Հայաստանի նկատմամբ: Ալիևի սերտ կապերը Պուտինի հետ, սակայն, կարծես թե չեն անհանգստացնում նրա ամերիկացի չիրլիդերներին, որոնք ամեն անգամ, երբ տարածաշրջանում նոր բռնկում է տեղի ունենում, տարածում են չափազանց պարզունակ թեզ, թե Հայաստանը Ռուսաստանի և Իրանի դաշնակիցն է, և հետևաբար, Վաշինգտոնը պետք է աջակցի Ադրբեջանին։

Իրանական ասպեկտը, անշուշտ, Ադրբեջանի հանդեպ ամերիկյան բազեների ոգևորության հիմնական պատճառներից մեկն է, կարծում է Մամեդովը: 2020թ. պատերազմի ժամանակ նրանք երազանք էին փայփայում, որ Ադրբեջանի ռազմական հաջողությունը Իրանի զգալի թվով ադրբեջանական համայնքին կլարի Թեհրանի կառավարության դեմ: Այդ միամիտ հույսը չիրականացավ, քանի որ Իրանի ադրբեջանցիներն իրանական հասարակության անբաժան մասն են: Այնուամենայնիվ, հակաիրանական անիրեդենտիստական թեզերը մեծ ժողովրդականություն ստացան Ադրբեջանում՝ հասնելով 1990-ականների սկզբից ի վեր աննախադեպ մակարդակի: Ռեժիմի անվտանգության ապարատի և պաշտպանության նախարարության հետ սերտ կապեր ունեցող կայքերը բացահայտ կոչ էին անում «հարավային ադրբեջանցիներին» անջատվել Իրանից:

Դա արվում էր ի պատասխան որոշ տարօրինակ հակաադրբեջանական հայտարարությունների, որոնք, իբր, հնչեցրել է մի պաշտոնաթող իրանցի դիվանագետ, և որն արտահոսել է թուրքական թերթերից մեկում: Դիվանագետը, սակայն, որևէ կերպ չի ներկայացրել Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը։ Այն, ինչ հաջորդեց՝ առերևույթ համակարգված հակաիրանական անջատողականության հրահրումը ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներում, անկասկած, նման էր զանգվածային հիպերարձագանքի:

Վաշինգտոնում ադրբեջանամետ բազեները կարող են ակտիվանալ նման լարվածություն հրահրելով, սակայն դա ոչ մի կերպ չի ծառայում ԱՄՆ շահերին: Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական հակամարտությունը կվնասի այլ երկրներին, օրինակ՝ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային, որը կաջակցի Ադրբեջանին: Դա, ամենայն հավանականությամբ, կներգրավի նաև Իսրայելին, քանի որ Բաքվի սերտ կապերը Երուսաղեմի հետ համարվում են լուրջ սպառնալիք Թեհրանում: Իսրայելի պաշտոնյաները երբեմն իրենց պահում են այնպես, ասես ցանկանում են կրակի վրա յուղ լցնել: Ադրբեջանում Իսրայելի դեսպանը վերջերս լուսանկարվել է «Թավրիզի հեքիաթները» գրքով։ Հաշվի առնելով, որ Թավրիզը իրանական Ադրբեջանի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է, շատ իրանցիներ այս ժեստը ընկալեցին որպես ադրբեջանական անջատողական օրակարգի հաստատում: Իրանի և Իսրայելի մասնակցությամբ տարածաշրջանային հորձանուտը կուժեղացնի Կոնգրեսի ճնշումը ԱՄՆ ցանկացած վարչակազմի վրա՝ միջամտելու Իսրայելի օգտին: Մերձավոր Արևելքում հերթական պատերազմին մասնակցելը ԱՄՆ-ի շահերից չի բխում:

Վաշինգտոնում ադրբեջանական լոբբիի կողմից տարածվող մեկ այլ կետ Բաքվի ենթադրյալ դերակատարությունն է ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերների էներգետիկ խնդիրների թեժացման գործում այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա: Այդուհանդերձ, գազի այն քանակները, որոնք Ադրբեջանն ի վիճակի է առաջարկել, անգամ մոտ չեն ռուսական մատակարարումների կորուստը էականորեն մեղմելուն։ Եվ ԵՄ-ի կողմից Ադրբեջանի հետ ստորագրված այդքան հորջորջված «փոխըմբռնման հուշագիրը» չի պարտավորեցնում Բաքվին նույնիսկ այդ համեստ ծավալները տրամադրել, այլ դրանում խոսվում է միայն ձգտումների մասին: Այնպես որ, Ալիևին հանգստացնելու համար հետ ճկվելը, աչք փակելով նրա ռեժիմի մարդու իրավունքների վիճակի և Հայաստանի հետ հակամարտության վրա, իմաստ չունի։

Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը, մասնավորապես նրա վերջին անհիմն հարձակումը Հայաստանի վրա, ինչպես նաև Իրանի հետ լարվածության սրումը, ոչ մի կերպ չեն ծառայում ԱՄՆ շահերին կամ ավելի լայն տարածաշրջանային անվտանգությանը Հարավային Կովկասում։ Հակառակ Բաքվի անունից բազեների լոբբինգին, այդ քաղաքականությունը որևէ կերպ կամ որևէ ձևով աջակցություն ստանա ԱՄՆ կառավարության կողմից:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930